Չիլիում սկսել է գործել աշխարհի ամենաբարձր աստղադիտարանը, որը կուսումնասիրի գալակտիկաների և էկզոմոլորակների էվոլյուցիան

2 մայիսի, 2024  12:14

Աշխարհի ամենաբարձր կետում տեղադրված աստղադիտարանը պաշտոնապես սկսել է իր առաքելությունը. դրա օգնությամբ գիտնականները կուսումնասիրեն գալակտիկաների և էկզոմոլորակների էվոլյուցիան:

Տոկիոյի համալսարանի ստեղծած Ատակամա աստղադիտարանը, որի նախագծի աշխատանքներն սկսվել էին 26 տարի առաջ, գտնվում է Չիլիի Անդերում գտնվող Չախնանտոր լեռան գագաթին, ծովի մակարդակից 5640 մետր բարձրության վրա: Օբյեկտի բարձրությունը գերազանցում է անգամ Atacama Large Millimeter Array աստղադիտարանին, որը գտնվում է 5050 մետր բարձրության վրա։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, 6,5 մետրանոց աստղադիտակը բաղկացած է երկու գիտական ​​գործիքից, որոնք նախատեսված են տիեզերքը ինֆրակարմիր տիրույթում դիտարկելու համար․ այն էլեկտրամագնիսական ճառագայթում է, որի ալիքի երկարությունն ավելի երկար է, քան տեսանելի լույսը, բայց ավելի կարճ, քան միկրոալիքները: Այս գործիքները հնարավորություն կտան ստանալ տիեզերքի վաղ փուլում գալակտիկաների պատկերներ և ուսումնասիրել փոշու առաջին սկավառակները, որտեղ ձևավորվում են աստղեր և գալակտիկաներ: Ատակամա շրջանի ենթակառուցվածքը, նոսր մթնոլորտը և խոնավության ցածր մակարդակը իդեալական պայմաններ են ստեղծում ինֆրակարմիր դիտարկումների համար՝ բարձրացնելով գիտական ​​տվյալների ճշգրտությունը։

Գործիքներից մեկը, որը կոչվում է SWIMS, կստանա գալակտիկաների պատկերները տիեզերքի ամենավաղ փուլում՝ հասկանալու համար, թե ինչպես են դրանք առաջացել սկզբնական փոշուց և գազից։ Այս գործընթացի առանձնահատկությունները դեռ մնում են անհասկանալի՝ չնայած տասնամյակների հետազոտություններին: Երկրորդ գործիքը, որը կոչվում է MIMIZUKU, կնպաստի հիմնական գիտական ​​նպատակին` ուսումնասիրելով նախնական փոշու սկավառակները, որոնցում, ինչպես հայտնի է, ձևավորվում են աստղերն ու գալակտիկաները։

Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր և այս նախագծի ղեկավար Յուզուրու Յոշիին ընդգծել է, որ Չախնանտոր լեռան գագաթին աստղադիտակի կառուցումը հսկայական մարտահրավեր էր ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից: Այս նախագիծը պահանջում էր ուշադրություն դարձնել բնիկ ժողովուրդների շահերին, թույլտվություններ ստանալու համար համագործակցել Չիլիի կառավարության հետ, ինչպես նաև համագործակցել տեղական համալսարանների և Չիլիի Առողջապահության նախարարության հետ:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ