Ինչպե՞ս է ԴՆԹ-ն օգնում բացահայտել հանցագործությունները և ո՞վ ու ինչո՞ւ կարող է վաճառել ձեր ԴՆԹ-ի տվյալները. հարցազրույց ՀԴԲ նախկին աշխատակից Բրյուս Բադոլի հետ

20 ապրիլի, 2024  11:19

ԴՆԹ-ն հզոր գործիք է ոչ միայն այն պատճառով, որ հնարավորություն է տալիս տարբերակել մարդկանց, այլև այն պատճառով, որ ԴՆԹ-ն առկա է մարմնի յուրաքանչյուր հյուսվածքում: Եթե մարդը մազ է թողել հանցանքի վայրում, կարող ենք նրանից թքի նմուշ վերցնել, ստանալ ԴՆԹ նմուշներ և համեմատել միմյանց հետ


Ֆիլմերում ԴՆԹ-ից ստանում են մարդու դեմքը կամ նման բան, ինչը իրականում հնարավոր չէ:


Նախքան ԴՆԹ-ն՝ գոյություն ունեին և կիրառվում էին սպիտակուցային մարկերներ, ինչպիսին է արյան խումբը:


Ձեր և իմ կամ այս սենյակում գտնվող  որևէ մեկի ԴՆԹ-ները 99,9%-ով ընդհանուր են:


Մարդու արյան մեջ կարմիր գնդիկների՝ էրիտրոցիտների բջիջները ԴՆԹ չեն պարունակում, դրանք միջուկ չունեն։ Արյան սպիտակ գնդիկների՝ լիմֆոցիտների բջիջներն են, որ պարունակում են ԴՆԹ։


Որքան քիչ է ԴՆԹ-ն, այդքան ավելի քիչ տեղեկություն ենք ստանում։ Եթե ունենք 20 կամ 30 ԴՆԹ մարկերներ, բայց ստանում ենք միայն հինգը, այլ մարդիկ ևս կարող են ունենալ այդ մարկերները: Հետևաբար, չենք ասի, որ ինչ-որ մեկին նույնականացնում ենք այս անձի հետ և միայն այս անձի հետ:


Ինչ-որ առարկայի վրա մարդու թողած մահացած բջիջները կարող են օգտակար լինել՝ կախված նրանից, թե որքան ժամանակ է մարդը տվյալ առարկան օգտագործել:


Ոստիկանությունը չի կարող վերցնել և ասել՝ քանի որ դեպքի վայրում առկա է անձի ԴՆԹ հետքը, ուրեմն նա մասնակից է հանցագործությանը։


Մարդիկ իրականում չեն հասկանում ԴՆԹ-ի հնարավորությունները։ Եվ խոսքը միայն հանցագործների մասին չէ, այլ նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների։ Ունեցել ենք իրավիճակներ, երբ ոստիկաններն անգիտակցաբար փչացրել են ապացույցները:


Շատ հանցագործներ փորձում են ԴՆԹ հետք չթողնել, սակայն միևնույնն է՝ ինչ-որ բան թողնում են: Բայց եթե մարդն իսկապես ցանկանա, ապա կան միջոցներ՝ նվազեցնելու ԴՆԹ հետք թողնելու հավանականությունը: Որքան քիչ նրանք հասկանան, այնքան ավելի լավ կլինի մեզ համար:

Դիի այրվելու դեպքում հաճախ հնարավոր չէ դասակարգել ԴՆԹ նմուշները:

Կան որոշ բաներ, որ մենք դեռ այդքան էլ լավ չենք հասկանում․ կարող ենք թարմ ոսկորից գրեթե ոչինչ չստանալ, իսկ իսկապես հին ոսկորից ստանալ ամբողջական ԴՆԹ պրոֆիլ:

ԴՆԹ վերլուծություն անելու համար բավարար է 5-ից 10 բջիջ և դրանցից հնարավոր է հսկայական քանակի ԴՆԹ արդյունքներ ստանալ, որոշ դեպքերում՝ նույնիսկ ամբողջական ԴՆԹ պրոֆիլ:

Ունենալով Ձեր հիմնական գենետիկ պրոֆիլը, որը սովորաբար օգտագործվում է դատաբժշկական փորձաքննության մեջ՝ ես չեմ կարողանա որևէ բան ասել Ձեր մասին: Այսպիսով, թե այդ ինֆորմացիան գաղտնազերծվել է, դա ձեզ համար ցածր ռիսկ է պարունակում։

Կա «ռազմիկի գեն», որը կոչվում է մոնոամին օքսիդազ․ որոշակի կապ կա ագրեսիվ հանցավոր վարքի և այս գենի միջև:

Բրյուս Բադոլ

Բրյուս Բադոլը վերջերս թոշակի է անցել որպես Մարդկային նույնականացման կենտրոնի տնօրեն և ռեգենտների պրոֆեսոր Հյուսիսային Տեխասի համալսարանի Ֆորտ Ուորթում, Տեխասի առողջապահական գիտական կենտրոնում, որտեղ նրա ջանքերը կենտրոնացած էին մարդու դատաբժշկական նույնականացման, մանրէաբանական դատաբժշկական փորձաքննության և առաջացող վարակիչ հիվանդությունների ոլորտներում, զգալի շեշտադրմամբ գենոմիկայի և հաջորդ սերնդի սեկվենավորման մեջ: Մինչ այդ նա 26 տարի աշխատել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի լաբորատոր բաժնում, որտեղ ներգրավված է եղել ԴՆԹ բազմաթիվ մեթոդների հետազոտման, մշակման և վավերացման մեջ:


 
 
 
 
  • Արխիվ