Արմաշում ամփոփվել է «AMADEE-24» Մարսի անալոգային հետազոտական առաքելությունը

18 ապրիլի, 2024  16:19

Ամփոփվել է «AMADEE-24» Մարսի անալոգային հետազոտական առաքելությունը, որի նախապատրաստական աշխատանքները տևել էին մոտ 3 տարի, իսկ մեկնարկը տրվել էր մարտ ամսին Արարատի մարզի Արմաշ գյուղում։ 

«AMADEE-24»-ը տիեզերական տեխնոլոգիաների անալոգային հետազոտությունների ոլորտում հեղինակավոր ծրագիր է, որն այս տարի հյուրընկալեցին և կազմակերպեցին «Հայկական աերոտիեզերական գործակալությունն» ու «Հայկական տիեզերական ֆորումը», իսկ կառավարումն իրականացնում էր «Ավստրիական տիեզերական ֆորումը»։ 

Մարսյան անալոգային կայանը Հայաստանում էր, իսկ թռիչքի կառավարման և պլանավորման, գիտության հեռավար աջակցության և մեդիա թիմերը տեղակայված էին Վիեննայում։ Առաքելությանը մասնակցում էին տիեզերական հետազոտական տարբեր հաստատություններից և գործակալություններից ներկայացուցիչներ՝ ավելի քան 250 գիտնական 26 երկրից։ 

«Այսօր այստեղ գտնվելը դեպի Մարս ապագա թռիչք տանող փոքր քայլերից մեկն է, և մենք առաջինը չենք, ովքեր տիեզերքը Հայաստան են բերել․ այն հայկական նորարարական մշակույթի մասն է եղել դեռևս տասնամյակներ առաջ։ Ինչպիսին էլ դեպի Մարս տանող ճանապարհը լինի, բոլորը կհիշեն, որ առաջին կարևորագույն քայլերից մեկն արվել է հենց այստեղ՝ Արմաշում։ Մեզ համար պատիվ էր համագործակցել հայ գործընկերների՝ երիտասարդ մասնագետների և ուսանողների խմբի հետ, ովքեր վերապատրաստվել և Առաքելության աջակցման կենտրոնի մասն են կազմել»- առաքելության ամփոփիչ միջոցառման բացման իր խոսքում նշել է Ավստրիական տիեզերական ֆորումի տնօրեն Գերնոտ Գրյոմերը, և հավելեց, որ Հայաստան-Ավստրիա այս սերտ համագործակցության շնորհիվ նրանք ձեռք են բերել բազմաթիվ կապեր և ընկերներ, և որ գիտական հարթությունից բացի՝ այն տարածվում է նաև դիվանագիտական և մշակութային հարթություններում։ 

Նախագծի իրականացումը տարիների աշխատանքի արդյունք էր։ Երեք տարի առաջ, երբ Ավստրիական տիեզերական ֆորումը հերթական անգամ առաքելության անցկացման վայր էր ընտրում, հյուրընկալ երկրների ցանկում էր նաև Հայաստանը։ Կարմիր մոլորակի հետ երկրաբանական  ու տեղագրական նմանությունների շնորհիվ մի շարք այլ դիտարկվող տեղանքներից՝ ի վերջո  Արմաշ գյուղի տարածքն ընտրվեց որպես «AMADEE-24» առաքելության իրականացման վայր։ 

Հենց «երևակայական Մարսի» կամ Արմաշի «Մարսյան կայանում» էլ  բարձր պատրաստվածություն ունեցող անալոգային տիեզերագնացներից և գիտնականներից բաղկացած անձնակազմը մարտի 12-ին մեկուսացավ և շուրջ մեկ ամսվա ընթացքում տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով իրականացրեց 13 գիտափորձ՝ նախապատրաստվելով մարդ-ռոբոտ փոխգործակցությամբ Մարսի ապագա հետախուզական առաքելություններին: 

Մեկ ամսվա ընթացում իրականացված գիտափորձերի թվում էին «Genes4Mars»-ը՝ տիեզերագնացների առողջության և կատարողականության կենսամարկերների որոնումն ու մոնիթորինգը, «GeoPrep»-ը՝ ուղղված դաշտային վերլուծությունների և վերադարձի առաջնահերթությունների համար աստղաերկրաբանական նմուշի նախապատրաստմանը, «Hort³Space»-ը՝ մշակաբույսերի տիեզերական արտադրությունը։ Մյուս գիտափորձերն էին «IAQHabitat»-ը, «FarSide»-ը, «Staying Alive»-ը, «PRESSURE»-ը, «EIEE»-ն, «HUMANISE»-ը, «MEROP»-ը, «SAMPLE»-ը, «iROCS»-ն ու «ALIX»-ը։ 

«Հայաստանի համար կարևոր է ինտեգրվել եվրոպական, համաշխարհային գիտական շրջանակներին և խոսել մեր տիեզերական հավակնությունների մասին։ Մեր նպատակն էր մի օր դառնալ ոլորտի խոշորագույն ծրագրերից մի օղակը։ Այսօր համաշխարհային տիեզերական նախագծերում ներգրավված են բազմաթիվ հայազգի մասնագետներ։ Մեր երազանքն է Հայաստանն աշխարհին ներկայացնել որպես տիեզերական ծրագրեր իրականացնող երկիր, և այս առումով սա շատ կարևոր նախաձեռնություն էր» - իր ելույթում նշել է Հայաստանում «AMADEE-24» առաքելության հյուրընկալող խմբի ներկայացուցիչ Մհեր Մեհրաբյանը: 

Առաքելության հայաստանյան նախաձեռնող խմբի անդամ Հայկ Ասլանյանը նշել է․ «Այս նախագիծը հեշտ չէր, բայց իրականանալի էր, և սա առաջին քայլն է դեպի էլ ավելի խոշոր ու նշանակալի իրադարձություններ։ Առաքելության ավարտից հետո Մարսի անալոգային կայանն Արմաշում շարունակելու է գործել և մենք նախապատրաստվելու ենք նոր մասշտաբային ծրագրերի»։ 

Ամփոփիչ միջոցառման ընթացքում հյուրերն արդեն  «Երկրում» դիմավորեցին անալոգային տիեզերագնացներին, հնարավորություն ունեցան զրուցել, լուսանկարվել նրանց հետ, ինչպես նաև ծանոթանալ գիտափորձերի ռոբոտատեխնիկայի փորձարկումներին։ 

«Գերագույն հաճույք է կրկին տեսնել բոլորիդ ժպտադեմ։ Անձնակազմը կփաստի, որ մեզ համար մեծ պատիվ էր առաքելության շրջանակում հյուրընկալվել այստեղ, գիտափորձեր իրականացնել ու բացահայտել Հայաստանը։ Ուզում եմ նաև խորին շնորհակալությունս հայտնել առաքելության ողջ անձնակազմին այս ահռելի թիմային աշխատանքի համար»,- նշել է անալոգային տիեզերագնացների անձնակազմի  հրամանատար Անիկա Մեհլիսը։ 

Միջոցառման ավարտին Գերնոտ Գրյոմերը, ի նշան արդյունավետ համագործակցության և առաքելության հաջող ընթացքի, հայկական կողմին նվիրեց աշխարհի հազարավոր երկրներից բերված ժայռակտորների և մարսյան երկնաքերի միաձուլումից ստացված բյուրեղապատ հուշանվերը։  

Ծրագիրն իրականացվել է Արարատի համայնաքապետարանի և ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն էր GTB Holding-ը, ռազմավարական գործընկերներն էին՝ Արեն Մեհրաբյան Հիմնադրամը, Engined AM-ը, Instigate-ը և «Իրական դպրոց»-ը, ՍԱՍՏԻԿ-ը, Լիգան, տեխնոլոգիական գործընկերներն էին՝ Team Telecom  Armenia-ն, VEGA-ն, PROFAL-ը։ Գործընկերների թվում էին նաև Shell-ը, ՍասՏեքստ-ը և Դիլին։


 
 
 
 
  • Արխիվ