Աստղագետների մի խումբ կիրառել է James Webb տիեզերական աստղադիտակը, որպեսզի ուսումնասիրի Ձիու գլուխ կոչվող միգամածության կառուցվածքը և առաջին անգամ ստացել դրա եզրային շրջանների աննախադեպ մանրամասնությամբ պատկերներ, տեղեկացնում է Space.com-ը։
Ձիու գլուխ միգամածությունը, որը գտնվում է Երկրից 1500 լուսատարի հեռավորության վրա, փոշու և գազի բավականին խիտ թրոմբ է, որն առաջացել է տիեզերքի այս հատվածում ամպի փլուզումից: Այս ամպը լուսավորվում է մոտակա երիտասարդ ու տաք աստղի ուլտրամանուշակագույն լույսով, որը ևս փոխում է գազի քիմիական բաղադրությունը և ցրում գազն ու փոշին։ Ի վերջո, աստղերի ճառագայթման ճնշման տակ ժամանակի ընթացքում միգամածությունը նույնպես կվերանա, բայց այս միգամածության դեպքում դա տեղի կունենա մոտ 5 միլիոն տարի հետո:
Օգտագործելով James Webb-ի ինֆրակարմիր գործիքները` գիտնականներն առաջին անգամ ստացել են Ձիու գլուխ միգամածության 0,8 լուսատարի երկարությամբ եզրային շրջանների պատկերը: Հետազոտողներին հետաքրքրել է փոշու և գազի վարքագիծը ցրվածության շրջանում, որտեղ այդ գործընթացներն առավել հստակ տեսանելի են:
Նոր դիտարկումների շնորհիվ հնարավոր է դարձել ավելի լավ պատկերացնել փոշու և գազի բաշխման ծավալային պատկերը միգամածության մեջ ցրման շրջանում և տեսնել, թե ինչպես է նյութը բարակ հոսքերով գնում դեպի դատարկ տարածություն:
Webb-ի տրամադրած սպեկտրային տվյալները հետագայում կվերլուծվեն: Ուլտրամանուշակագույն ճառագայթումը ֆոտոդիսոցացման գործընթացում փոխում է միգամածության գազից և փոշուց բաղկացած միջավայրի քիմիական և ֆիզիկական կազմը, և դա տիեզերքում նյութի էվոլյուցիան հասկանալու բանալին է:
ամիս
շաբաթ
օր