2026 թվականի առաջին լիարժեք աշխատանքային շաբաթվա ընթացքում ԱՄՆ երեք հիմնական ֆոնդային ինդեքսներն էական աճ են գրանցել։ S&P 500–ն աճել է շուրջ 1.6%-ով և շաբաթն ավարտել է իր պատմական առավելագույն մակարդակում։ Nasdaq–ը բարձրացել է 1.9%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է տեխնոլոգիական և կիսահաղորդիչների արտադրությամբ զբաղվող ընկերությունների բաժնետոմսերի, հատկապես Broadcom–ի բաժնետոմսերի զգալի թանկացմամբ։ Dow Jones Industrial Average-ն ամենաբարձր աճն է գրանցել՝ շուրջ 2.3%-ով։ Աճին նպաստել են ԱՄՆ աշխատաշուկայի սպասվածից ավելի ոչ լավատեսական տվյալները, ինչն ուժեղացրել է շուկայի ակնկալիքները, որ Դաշնային պահուստային համակարգն այս տարվա ընթացքում կարող է գնալ վերաֆինանսավորման տոկոսադրույքների նվազեցման։ Միաժամանակ նկատվել է կապիտալի վերաուղղում դեպի այն ոլորտները, որոնք վերջին տարիներին զիջել էին դիրքերը տեխնոլոգիական հատվածին, ինչը վկայում է շուկայի աճի ավելի լայն և հավասարակշռված բնույթի մասին։
Եվրոպական ֆոնդային շուկաները շաբաթն ավարտել են պատմական առավելագույն մակարդակում։ Համաեվրոպական STOXX 600 ինդեքսը հինգշաբթի օրն աճել է 1 տոկոսով, ինչին նպաստել է Glencore ընկերության բաժնետոմսերի 10 տոկոս թանկացումը՝ կապված Rio Tinto ընկերության հնարավոր ձեռքբերման մասին լուրերի հետ, ինչպես նաև տեխնոլոգիական բաժնետոմսերի աճը։ Աճ են արձանագրել նաև պաշտպանական հատվածի բաժնետոմսերը՝ ավելի բարձր պետական ծախսերի մասին հայտարարությունների ֆոնին։
Արդեն այս շաբաթվա առաջին օրը եվրոպական ֆոնդային շուկաները թեթև անկում են գրանցել։ Ամենամեծ կորուստները գրանցել է բանկային հատվածը: Պատճառն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկն էր՝ մեկ տարվա ընթացքում վարկային քարտերի տոկոսադրույքները սահմանափակել 10%-ով, ինչը կէժանացնի վարկերը մարդկանց համար, սակայն կնվազեցնի բանկերի շահույթը։
Համաշխարհային բաժնետոմսային ֆոնդերը երեքշաբաթյա աճից հետո առաջին անգամ արտահոսք են արձանագրել, ներդրողները դուրս են բերել մոտ 6.07 միլիարդ դոլար, հիմնականում ամերիկյան բաժնետոմսերից, ինչը կապված է աշխարհաքաղաքական ռիսկերի եւ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ կապված անորոշության հետ։ Մինչդեռ Եվրոպական բաժնետոմսային ֆոնդերը գրանցել են 11.98 միլիարդ դոլար ներհոսք, որն ամենաբարձր շաբաթական ներհոսքն է 2025–ի մայիսից ի վեր։ Համաշխարհային պարտատոմսային ֆոնդերը գրանցել են 17 միլիարդ դոլարի ներհոսք, դրամական շուկայի ֆոնդերը՝ 161.27 միլիարդ դոլարի ներհոսք, ինչը նրանց ամենաբարձր ցուցանիշն է 2024-ի դեկտեմբերից ի վեր։ Մինչդեռ ոսկու և թանկարժեք մետաղների ֆոնդերն ավարտել են իրենց ութշաբաթյա աճի շղթան՝ գրանցելով փոքր արտահոսք։
Անցած շաբաթ պաշտպանական ոլորտի բաժնետոմսերը կտրուկ աճ են արձանագրել ԱՄՆ պաշտպանական բյուջեն մեծացնելու Թրամփի առաջարկի ֆոնին։ ԱՄՆ նախագահը մտադիր է 2027 թվականին զինված ուժերի բյուջեն հասցնել 1.5 տրիլիոն դոլարի, ինչը զգալիորեն գերազանցում է այս տարվա 901 միլիարդ դոլարը։ ԱՄՆ պաշտպանական ընկերությունների բաժնետոմսերը միջինում աճել են 6–8 տոկոս, աճել են նաեւ եվրոպական պաշտպանական ընկերությունների բաժնետոմսերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Wall Street–ին արգելել գնել առանձնատներ՝ նպատակ ունենալով ֆիզիկական անձանց համար բնակարաններն ավելի մատչելի դարձնել։ Այս քայլը ճնշում է ստեղծել բնակարանաշինության ոլորտի ընկերությունների վրա, որոնց բաժնետոմսերի գները նվազել են։
Նավթի գները նվազել են այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան կարող է նորից սկսել նավթի արտահանումը Միացյալ Նահանգներ։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ Վենեսուելայից ԱՄՆ կարող է ուղարկվել մոտ 2 միլիարդ դոլարի նավթ։ Սա հանգեցրել է նավթի գնի ավելի քան 1% անկման։
Wells Fargo-ի վերլուծաբանները նշում են, որ 2026թ. սկզբին ԱՄՆ բաժնետոմսերի աճը կարող է տարածվել ոչ միայն ամենախոշոր տեխնոլոգիական ընկերությունների, այլև շուկայի այլ ոլորտների վրա։ Մասնավորապես, սպասվում է, որ կմեծանա հետաքրքրությունը ֆինանսական, հումքային, էներգետիկ և տեխնոլոգիական հատվածների նկատմամբ։
Alphabet ընկերության շուկայական արժեքն առաջին անգամ 2019 թվականից ի վեր գերազանցել է Apple-ինը՝ հասնելով 3.88 տրիլիոն դոլարի, Apple-ի 3.84 տրիլիոն դոլարի համեմատ։ Alphabet-ի բաժնետոմսերն աճել են արհեստական բանականության ուղղությամբ ընկերության արդյունավետ ռազմավարության շնորհիվ։ Հատկապես հաջողություն են ունեցել նոր Ironwood AI չիպը և Gemini 3 AI հարթակը։ 2025 թվականի ընթացքում Alphabet-ի բաժնետոմսերն աճել են 65%–ով։
Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է չինական ավանդական բժշկության վրա հիմնված բուժման մեթոդների մշակմամբ զբաղվող Regencell Bioscience Holdings Limited–ը։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 122.93%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $45.79)։ Հաջորդը նորարարական թիրախային հակաքաղցկեղային դեղերի մշակմամբ զբաղվող Revolution Medicines, Inc.–ն է՝ 50.14% աճով ($118.64)։ Եռյակը եզրափակում է պաշտպանական տեխնոլոգիաների, անօդաչու համակարգերի և անվտանգության լուծումների մշակմամբ զբաղվող Kratos Defense & Security Solutions, Inc.–ը՝ 43.40% աճով ($113.70)։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է լյարդի հիվանդությունների բուժման համար դեղերի մշակմամբ զբաղվող Madrigal Pharmaceuticals, Inc.–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 13.44%–ով ($514.06)։ Հաջորդը արևային էներգիայի վահանակների արտադրությամբ զբաղվող First Solar, Inc.–ն է՝ 13.01% անկումով ($238.66)։ Եռյակը եզրափակում է անշարժ գույքի շուկայի տվյալների վերլուծության լուծումների մատակարար CoStar Group, Inc.–ը՝ 10.96% անկումով ($58.49)։
Դեկտեմբերին ԱՄՆ-ում աշխատատեղերի աճը կտրուկ դանդաղել է. ստեղծվել է ընդամենը 50,000 նոր աշխատատեղ, ինչը զգալիորեն ցածր է կանխատեսված ցուցանիշից։ Միաժամանակ, գործազրկության մակարդակը փոքր-ինչ նվազել է՝ կազմելով 4.4%՝ 4.5%-ի փոխարեն։ Աշխատատեղերի աճը հիմնականում արձանագրվել է ռեստորանների, առողջապահական և սոցիալական ծառայությունների ոլորտներում, մինչդեռ մանրածախ առևտրի, շինարարության և արտադրական ոլորտներում գրչանցվել է նոր աշխատատեղերի թվի անկում։ Ընդհանուր առմամբ, 2025 թվականին ստեղծվել է ընդամենը 584,000 նոր աշխատատեղ, միջին հաշվով՝ 49,000 աշխատատեղ մեկ ամսում, ինչը մոտ երեք անգամ պակաս է 2024 թվականի ցուցանիշից։
2025 թվականի երրորդ եռամսյակում ԱՄՆ տնային տնտեսությունների հարստությունը հասել է պատմական առավելագույնի՝ 181.6 տրիլիոն դոլարի, նախորդ եռամսյակի 175.6 տրիլիոն դոլարի համեմատ, ինչը հիմնականում պայմանավորված է բնակարանների գների բարձրացմամբ։ Միաժամանակ, ընտանիքների պարտքերը նույնպես աճել են՝ հիմնականում միայն հիփոթեքների և սպառողական վարկերի հաշվին։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





