Զարգացած տեքստիլային արդյունաբերությունը միշտ եղել է կայուն տնտեսության ցուցիչ՝ այն ստեղծում է աշխատատեղեր, ձևավորում արտահանման ներուժ և խթանում է կապակցված ոլորտները՝ դիզայնից մինչև լոգիստիկա։ Ցանկացած երկրի համար այդպիսի սեկտորը դառնում է և՛ ներքին շուկայի, և՛ միջազգային մրցունակության հենասյուն։
Հայաստանում, սակայն, տեքստիլային ոլորտը դեռևս բախվում է լուրջ խոչընդոտների և չի կարողանում բացահայտել իր ողջ ներուժը։ Ոլորտի ներկա մարտահավերների մասին Economix-ի եթերում խոսել է «Խոսող շապիկ» ընկերության հիմնադիր Ռոբերտ Մուրադյանը։
Ինչո՞ւ է հայկական տեքստիլը «տեղում դոփում», թեև շուկան հսկայական է
Նրա խոսքով՝ ներկայումս իր ղեկավարած ընկերությունը հումքը գրեթե ամբողջությամբ գնում է այն գործընկերներից, ովքեր գործվածքներ են ներմուծում մի քանի երկրներից՝ ներառյալ հարևան պետությունը, Ուզբեկստանը և Ռուսաստանը։ Մուրադյանը ընդգծում է, որ Հայաստանում գործնականում բացակայում է սեփական լիարժեք տեքստիլային բազան՝ չկան գործվածք արտադրողներ, որոնք կարողանան մեծ խմբաքանակներ թողարկել, ապահովել գույների բազմազանություն և աշխատել խոշոր պատվերների հետ։ Գոյություն ունի միայն սպիտակ գործվածքի փոքր արտադրություն, որը չի ընդլայնվում, իսկ ներկարաններ ընդհանրապես չկան։
Գործվածքների ներմուծումը մնում է ողջ ոլորտի համար լուրջ մարտահավեր։ Միևնույն ժամանակ Մուրադյանը վստահ է. «Մենք հանգիստ կարող էինք նույնը արտադրել այստեղ»։ Նա հիշեցնում է, որ նախկինում Հայաստանը եղել է տեքստիլի ուժեղ խաղացող։ Այն, ինչ այսօր ակտիվ զարգացնում է հարևան Թուրքիան, Գյումրիում և Վանաձորում սկսել են շատ ավելի վաղ։
Ոլորտը կանգնեցնում է կադրային ճգնաժամը. կօգնի՞ Հնդկաստանը
Այժմ, սակայն, ոլորտը կաշկանդված է կադրային ճգնաժամով։ Արտադրական արհեստանոցներում հիմնականում աշխատում են տարեց կանայք, իսկ երիտասարդները զանգվածային կարի մեջ չեն գնում։ «Երիտասարդները ուզում են դիզայներական, էքսկլյուզիվ հագուստ ստեղծել, ոչ թե զանգվածային արտադրությունում աշխատել», — նշում է Մուրադյանը։
Իրավիճակը ծանրացնում է կրթական պատրաստվածության բացակայությունը՝ Հայաստանում ոչ մի բուհ չի պատրաստում տեքստիլային արտադրության մասնագետներ, նույնիսկ վիճակագրություն չկա, թե քանի մարդ է զբաղված ոլորտում։ Միևնույն ժամանակ ոլորտի ներուժը հսկայական է։ Մուրադյանը հիշեցնում է՝ հատուկ հագուստ կրում են բոլորը. «Բենզալցակայանում, սրճարանում, շինանյութերի խանութում՝ բոլորի մոտ կա համազգեստ»։
Մուրադյանը ընդգծում է, որ վերջին տարիներին տեխնոլոգիական առաջընթացը զգալիորեն փոխել է արտադրությունը։ «Նախկինում գրեթե ամեն ինչ ձեռքով էր արվում, հիմա շատ գործընթացներ ավտոմատացված են։ Բայց նույնիսկ այդպես՝ մասնագիտական պատրաստվածությունն ու փորձը մնում են կրիտիկական», — ասում է նա։
Հատկապես կարևոր են գույներն ու երանգները, քանի որ տեքստիլի միտումները փոխվում են ամեն տարի։ Մուրադյանը նշում է, որ 40 տարի առաջ այս գործին սովորած մարդը բավականին հաջող կարող է աշխատել նաև այսօր՝ եթե ունի գույնի զգացողություն և տեխնոլոգիայի իմացություն։
Նա պատմում է նաև, որ երկիր են գալիս շատ մասնագետներ Հնդկաստանից՝ բարձր որակավորում ունեցող վարպետներ, ովքեր փորձ ունեն միջազգային բրենդների հետ։ «Նրանցից իսկապես կա ինչ սովորել», — ընդգծում է նա։
Արտադրության կենտրոնացումը Երևանում
Կադրային դեֆիցիտից բացի՝ ոլորտի գլխավոր խնդիրներից է արտադրության չափից ավելի կենտրոնացումը Երևանում։ Մուրադյանի խոսքով՝ տեքստիլային արհեստանոցները հանգիստ կարող էին աշխատել մարզերում՝ Էջմիածնում, Մասիսում, Արտաշատում, սակայն թույլ ենթակառուցվածքները դա գրեթե անհնար են դարձնում։ «Կան տրանսպորտի, գրաֆիկի, աշխատակիցների տեղափոխման խնդիրներ», — բացատրում է նա։
Առցանց մարկետփլեյսներ
Մուրադյանը նշում է, որ տեղական արտադրողներն ու վաճառողները վաղուց բողոքում են առցանց մարկետփլեյսների աշխատանքից, որոնք գործնականում Հայաստանում հարկեր կա՛մ չեն վճարում, կա՛մ վճարում են նվազագույնը՝ աստիճանաբար գրավելով շուկան և դուրս մղելով տեղական արտադրողներին։ Նա ասում է, որ ինքը ուղղակիորեն բախվում է այդ խնդիրներին և բերում է մի քանի բնորոշ օրինակներ։
Ըստ նրա՝ ընկերությունը Հայաստան է ներմուծում գլխարկներ Չինաստանից՝ որակյալ և գույների բազմազանությամբ։ «Մենք վճարում ենք բրոքերին, տրանսպորտին, մաքսատանը։ Ի վերջո ապրանքը մեզ համար որոշակի գումար է արժենում։ Բայց ռուսական առցանց հարթակներում նմանատիպ գլխարկը վաճառվում է շատ ավելի էժան։ Առաջանում է տպավորություն, որ այնտեղ կա՛մ կոռուպցիոն սխեմաներ կան, կա՛մ հատուկ պայմաններ՝ ինչպե՞ս են ներմուծում, ի՞նչ խմբաքանակներով, ի՞նչ հարկեր են վճարում՝ անհասկանալի է», — ասում է նա։
Բացի այդ, Մուրադյանը մատնանշում է գների մանիպուլյացիաները։ Մարկետփլեյսում ապրանքներն սկզբում դրվում են ցածր գնով, բայց մի քանի վաճառքից հետո գինը կարող է երեք անգամ թռչել։ «Դու մտածում ես, որ նրանց մոտ ավելի էժան է, ուստի չես ռիսկի մեծ խմբաքանակ բերել Հայաստան։ Բայց մի քանի օր հետո մտնում ես՝ ապրանքն այլևս չկա։ Իսկ եթե կա՝ գինն արդեն բոլորովին այլ է», — բացատրում է նա։ Նույնը տեղի է ունենում սեզոնային ապրանքների դեպքում՝ ամռանը ձմեռային հագուստը էժան է, ձմռանը գինը կրկնապատկվում է։
Նա դա անվանում է «նոր մարքեթինգային թակարդներ», որոնք, իր կարծիքով, ժամանակի ընթացքում կկորցնեն ժողովրդականությունը, քանի որ սպառողները ավելի ու ավելի են հասկանում, որ այդ սխեմաները կառուցված են խաբեության վրա։
Տեղական արտադրողները չեն կարողանում լիարժեք մուտք գործել այդ հարթակներ՝ խիստ պահանջների պատճառով։ Կան հագուստի տեսակներ, որոնք շփվում են մաշկի հետ (օրինակ՝ ներքնազգեստ), և դրանց վաճառքի համար Ռուսաստանում պահանջվում է հատուկ սերտիֆիկատ։ «Հայկական ԱՁ-ին այդպիսի սերտիֆիկատ չեն տալիս։ Ես չեմ կարող Հայաստանից ապրանք ուղարկել Ռոստով, բայց Ռոստովից Հայաստան ապրանքը գալիս է առանց խնդիրների», — բացատրում է Մուրադյանը։
Արդյունքում հայկական արտադրողը ստիպված է Ռուսաստանում ԱՁ բացել, այնտեղ սերտիֆիկատներ ստանալ կամ նույնիսկ Telegram-ով ռուսական ԱՁ վարձակալել՝ ամեն ամիս տոկոս վճարելով տիրոջը։ Բայց նույնիսկ այդ ամենը լուծելով՝ արտադրողը դառնում է ոչ մրցունակ՝ ծախսերի աճի պատճառով։
Այսպիսի անհավասարակշռությունը հանգեցնում է նրան, որ ռուսական ապրանքն ազատ մտնում է Հայաստան, իսկ հայկականը գործնականում մուտք չունի ռուսական շուկա։ «Ի վերջո գործարարին ավելի շահավետ է Ռուսաստանում ԱՁ բացել, այնտեղ աշխատակիցներ վարձել ու այնտեղից աշխատել։ Սա հարվածում է և՛ մրցակցությանը, և՛ Հայաստանում աշխատատեղերին», — նշում է Մուրադյանը։
Նա բերում է պարզ օրինակ։ Մարկետփլեյսը ֆուտբոլկա է առաջարկում 350 դրամով։ Հայկական համարժեքը՝ որակյալ, ուզբեկական բամբակով՝ մոտ 800 դրամ։ «Ամբողջ դասարանը ուզում էր մեզ մոտ պատվիրել, բայց հրաժարվեց գնից։ Վերցրին չինական տարբերակը՝ եկավ սինթետիկ, սխալ չափսերով։ Հանդեսը չփչացնելու համար ինչ-որ կերպ ձգեցին, հետո դեն նետեցին։ Իսկ հայկական ֆուտբոլկան կրում էին նաև հետո, կարող էին փոխանակել՝ եթե չափսը սխալ լիներ», — ասում է նա։
Նման իրավիճակները լուրջ վնաս են հասցնում ոլորտին։ «Երբ սպառողին խաբում են, տուժում են բոլորը։ Եթե արտադրողը տարում մի քանի տասնյակ այդպիսի ֆուտբոլկա չի վաճառում, արդեն չի կարողանում նոր աշխատատեղեր բացել, երբեմն էլ՝ ժամանակին վարձատրել գործող աշխատակիցներին», — ընդգծում է Մուրադյանը։
Նրա խոսքով՝ այստեղ մեծ դեր պետք է խաղա պետությունը, մասնագիտական ասոցիացիաները և հասարակական կազմակերպությունները՝ տեղական տեքստիլի համար ազնիվ և մրցակցային պայմաններ ստեղծելու համար։
Մաքսային քաղաքականության փոփոխություն
Մուրադյանը ընդգծում է, որ Հայաստանում լայնորեն տարածված է հենց դատարկ (այսինքն՝ առանց պրինտի) տեքստիլի արտադրությունը։ «Շատ արտադրություններ կարող են կարել բազային մոդելներ՝ առանց նախշերի։ Ուստի իմ կարծիքով՝ պետությունը պետք է դիտարկի մաքսային սակագների դիֆերենցված մոտեցում», — ասում է նա։
Նրա առաջարկով՝ եթե բարձրացվի պատրաստի դատարկ հագուստի ներմուծման մաքսատուրքը (այն, ինչ Հայաստանում արդեն արտադրվում է), դա կխթանի տեղական արտադրությունը և կընդլայնի հայկական կարայիների՝ հիմնականում կանանց զբաղվածությունը։ Իսկ այն հագուստի տեսակների համար, որոնք Հայաստանում չեն արտադրվում կամ արտադրել չի լինում, սակագները պետք է մնան նույնը կամ նույնիսկ իջեցվեն՝ որպեսզի սպառողը հասանելի ունենա որակյալ ներմուծված ապրանք՝ արդար գնով։
Մուրադյանը ընդգծում է, որ մեծ ծավալներով պատրաստի բազային իրերի ներմուծումը ցածր հարկերով, հատկապես մարկետփլեյսների միջոցով, ստեղծում է անազնիվ մրցակցություն։ «Եթե մենք կարող ենք նույն սև բազային սվիտշոտը կամ ֆուտբոլկան արտադրել երկրի ներսում, տարօրինակ է, որ նույն պատրաստի իրերը կարող են ներմուծվել դրսից՝ նվազագույն մաքսատուրքերով», — նշում է նա։





