Ընդամենը մի քանի տարի առաջ այն միտքը, որ Հայաստանը կարող է սեփական նախաձեռնություններ ունենալ տիեզերական հետազոտությունների ոլորտում, հեռավոր հեռանկար էր թվում։ Այսօր էնտուզիաստների ու մասնագետների ջանքերով այս ուղղությամբ արդեն իսկ արվում են առաջին քայլերը։ Նման նախաձեռնություններից մեկն է Bazoomq-ը, որի ջանքերով հայկական ծագում ունեցող առաջին նանոարբանյակ՝ Hayasat-1-ը մշակվել ու գործարկվել է:

Ինչպե՞ս սկսվեց տիեզերական նախաձեռնությունը Հայաստանում։ Ի՞նչ նոր նախագծեր կարող ենք սպասել և ի՞նչ նպատակներ են դնում մշակողները այսօր: Այս մասին զրուցեցինք Bazoomq-ի համահիմնադիր Տիգրան Շահվերդյանի հետ։

Hayasat-2

Bazoomq-ը մտադիր չէ սահմանափակվել միայն Hayasat-1-ի հաջող արձակումով և ապագայում նախատեսում է մի շարք արբանյակներ արձակել, և դրանց առաքելությունը հատուկ է լինելու։

«Hayasat-1-ն այս ոլորտում առաջին քայլը դարձավ. սահմանափակ ռեսուրսներով փոքր առաքելություն, որի միջոցով մենք ձեռք ենք բերում անհրաժեշտ գիտելիքներ և փորձ հետագա ծրագրերի համար: Հաջող արձակումից հետո մենք սկսեցինք դիտարկել նոր առաքելություններ իրականացնելու հնարավորությունները: Ներկայումս մենք նոր նախագիծ ենք մշակում, որի էությունն այն է, որ սահմանափակ բյուջեի շրջանակներում, օգտագործելով էժան արբանյակներ, փորձարկել հայկական ընկերությունների կողմից ստեղծված բաղադրիչներ, որոնք կարող են աշխատել տիեզերքում:

Hayasat-2-ի շրջանակներում տեղադրվելու են տեղական արտադրության մի քանի բաղադրիչներ, որոնք ուղարկվելու են տիեզերք, որտեղ դրանք աշխատելու են և փորձարկվելու թռիչքի պայմաններում: Սա կարող է խթան դառնալ իրենց բիզնեսում նոր ուղղություններ զարգացնելու, ինչպես նաև նոր ապրանքներ ստեղծելու համար, որոնք հնարավոր կլինի արտահանել: Այս կերպ, մենք նպաստում ենք նրան, որ հայկական արբանյակների արձակման ծրագրերն օգտագործեն տեղական արտադրության բաղադրիչներ, որոնք արդեն փորձարկվել են: «Սա է հիմնական նպատակը»,- NEWS.am Tech-ի հետ զրույցում պարզաբանեց Շահվերդյանը։

Ի՞նչ կարող է առաջարկել տեղական արտադրությունը

Շախվերդյանը բացատրեց, որ խոսքը տեղական արտադրության բաղադրիչների մասին է, որոնք հետագայում կօգտագործվեն նաև ապագա ArmSat արբանյակների վրա։ Այս պահին բաղադրիչների վերջնական ցանկը, որոնք կներկայացնեն տեղական մշակողները, չկա։

«Մենք նախնական պատկերացում ունենք հնարավոր բաղադրիչների և, համապատասխանաբար, դրանց ֆունկցիոնալության մասին, բայց քանի որ այն վերջնական չէ, ես հիմա չէի ցանկանա դրա մասին հայտարարել»,- ասաց նա։

Ավելի շատ, չի նշանակում ավելի լավ

Արբանյակները, որոնց մասին խոսում ենք, ավելի մեծ կլինեն, քան առաջինը, բայց դեռ կուբսատներ կմնան։

«Կարևոր է նշել, որ վերջին տարիներին արբանյակների չափերի փոքրացման միտում է նկատվում: Օրինակ, կառավարության կողմից ձեռք բերված ArmSat-1 արբանյակը ներառում էր 12 միավոր: Մեր առաջին արբանյակը բաղկացած էր 1 միավորից։

Հաջորդ արբանյակը, ինչպես մենք նախատեսում ենք, կունենա 6 միավոր չափ, այն կլինի ավելի մեծ, քան նախորդը, բայց ոչ այնքան մեծ, որքան ավանդական չափերի արբանյակները: Իհարկե, ոչ բոլոր բաղադրիչները կարող են հարմարեցվել փոքր արբանյակներին, օրինակ, խոշոր օպտիկական համակարգերը չեն կարող կրճատվել նման չափերի։ Այնուամենայնիվ, չափսերի կրճատման միտումը գոյություն ունի: «Ավելի մեծ, միշտ չէ, որ ավելի լավ է նշանակում»,- հավելեց Շահվերդյանը։

Ե՞րբ սպասել հաջորդ արբանյակին

Գործարկման խնդիրները կախված են բազմաթիվ գործոններից, որոնցից շատերը միշտ չէ, որ գտնվում են նախագծի հեղինակների վերահսկողության տակ:

«Հստակություն է պետք, այդ թվում՝ կառավարության նախաձեռնությունների մասով։ Մեզ համար սա պարզապես բիզնես նախագիծ չէ, այլ էկոհամակարգ ձեւավորելու ձգտում։ Առանցքային պահ է պետական և մասնավոր հատվածների փոխազդեցությունը, և դրա հիման վրա ֆինանսավորում կներգրավվի: Եթե այս հարցերը լուծվեն, մենք վստահ ենք, որ երկու տարին բավական կլինի հաջորդ առաքելությունը կազմակերպելու համար»,- նշեց Շահվերդյանը։