Հայաստանը, չնայած իր սահմանափակ ռեսուրսներին և փոքր չափերին, դառնում է տարածաշրջանի ստարտափ ասպարեզի կարևոր խաղացող։ Էնտուզիաստների ջանքերի շնորհիվ երկիրը սկսել է ակտիվորեն զարգացնել նորարարական էկոհամակարգը՝ գրավելով համաշխարհային ներդրողների ուշադրությունը։ Startup Blink-ի 2024 թվականի Global Startup Ecosystem Index-ի համաձայն, հայկական մայրաքաղաքը բարձրացել է 21 դիրքով՝ զբաղեցնելով 200-րդ տեղը համաշխարհային ստարտափ էկոհամակարգերի շարքում։ Անցյալ տարվա վարկանիշների համաձայն, Հայաստանը զբաղեցնում է 57-րդ տեղը առաջատար տեխնոլոգիական հաբերի շարքում։
Ճեղքման տարի․ 2024 թվականի առանցքային գործարքները
2024 թվականին հայ հիմնադիրներով ստարտափները ընդհանուր առմամբ ներգրավել են 106.5 միլիոն դոլար, գրում է Benzinga-ն։ Տարին սկսվեց նրանով, որ Podcastle-ը ներգրավեց 13.5 միլիոն դոլար Series A փուլում։ Այնուհետև մարտի 26-ին Activeloop-ը հայտարարեց Series A փուլում 11 միլիոն դոլարի ներգրավման մասին, իսկ հուլիսի 11-ին HerculesAI-ը փակեց Series B փուլը 26 միլիոն դոլարով։ Սեպտեմբերին EasyDMARC-ը ներգրավեց 20 միլիոն դոլար Series A փուլում, իսկ նոյեմբերի 18-ին SuperAnnotate-ը ներգրավեց 36 միլիոն դոլար Series B փուլում։ Տարին ավարտվեց նրանով, որ նոյեմբերի 19-ին ServiceTitan-ը հայտ ներկայացրեց IPO-ի համար, իսկ դեկտեմբերի 12-ին ընկերությունը հաջողությամբ մուտք գործեց Nasdaq՝ TITAN նշանի ներքո՝ դառնալով առաջին հայկական տեխնոլոգիական ընկերությունը, որը հասավ այս մակարդակին։
Սակայն, ինչպես ասում են, հերոսներին պետք է ճանաչել դեմքով, քանի որ հենց նրանք են դառնում առաջընթացի շարժիչ ուժը, ուստի եկեք պարզենք, ով ով է այն ստարտափների շարքում, որոնք փոխում են խաղի կանոնները տեխնոլոգիաների աշխարհում։
ServiceTitan․ NASDAQ-ի նորեկի բաժնետոմսերն արդեն 102.77 դոլար արժեն
Հայկական ստարտափ էկոհամակարգի համար հատուկ ձեռքբերում դարձավ ServiceTitan ընկերության մուտքը NASDAQ բորսա՝ որպես առաջին հայ հիմնադիրներով ստարտափ, որն իրականացրեց IPO։ Ներկայումս ServiceTitan-ի բաժնետոմսերի գինը կազմում է 102.77 դոլար։
ServiceTitan ընկերությունը հիմնադրել են մեր հայրենակիցները 2007 թվականին՝ Գլենդելում։ Այն առաջարկում է համապարփակ ծրագրային ապահովում տնային ծառայությունների ոլորտում գործընթացների ավտոմատացման համար՝ ուղղված կապալառուներին, որոնք զբաղվում են տարբեր համակարգերի վերանորոգմամբ, տեղադրմամբ և սպասարկմամբ։ Նրանց լուծումներն ընդգրկում են բիզնեսի բոլոր ասպեկտները՝ սկսած պլանավորումից և աշխատանքի համակարգումից մինչև հաշիվների դուրսգրում և հաճախորդների հետ փոխգործակցություն CRM համակարգի միջոցով։ Ծրագրային ապահովումը ներառում է մոբայլ հավելվածներ դաշտում աշխատող տեխնիկների համար՝ թույլ տալով նրանց հեշտությամբ հետևել առաջադրանքներին և թարմացնել աշխատանքների կատարման կարգավիճակը։
ServiceTitan-ը նաև տրամադրում է վերլուծություններ բիզնեսի արդյունավետության և ֆինանսական ցուցանիշներին հետևելու համար, օգնում է մարքեթինգի ավտոմատացման և հաճախորդների կարծիքների կառավարման գործում, ինչպես նաև պարզեցնում է հաշվետվությունների և հաշիվների կառավարման գործընթացները։ Այս բոլոր գործառույթներն ուղղված են արտադրողականության և սպասարկման որակի բարձրացմանը, հաճախորդների հետ փոխգործակցության բարելավմանը և ներքին գործընթացների օպտիմալացմանը, ինչը վերջնարդյունքում օգնում է մեծացնել ընկերության եկամուտները։
Podcastle․ Խմբագրիր աուդիոն այնքան պարզ, որքան տեքստը
Podcastle-ը, որը ներգրավել է 13.5 միլիոն դոլար Series A փուլում, 2020 թվականին Երևանում հիմնադրված ստարտափ է։ Ստարտափը մասնագիտացած է աուդիո բովանդակության ստեղծման և խմբագրման AI հարթակի մշակման մեջ։
Այս հարթակի միջոցով օգտատերերը կարող են ստեղծել, վերափոխել և առաջ մղել իրենց փոդքասթները, ինչպես նաև տեքստը վերածել խոսքի և հակառակը, սա թույլ է տալիս խմբագրել աուդիո ձայնագրությունները նույնքան հեշտությամբ, որքան տեքստային փաստաթղթերը։
Հարթակն առաջարկում է տարբեր սակագնային պլաններ, ներառյալ անվճար հիմնական ֆունկցիոնալ և պրեմիում տարբերակներ ընդլայնված հնարավորություններով, ինչպիսիք են ձեր ձայնի թվային տարբերակի ստեղծումը աուդիոյի գեներացման համար, փոդքասթների հոսթինգն ու հրապարակումը, ինչպես նաև վաղ փուլերում նոր ֆունկցիաների հասանելիությունը։
Activeloop․ Կառավարիր տվյալները ամպում արագ և արդյունավետ
Հաջորդ ճեղքում կատարողը դարձավ Activeloop-ը՝ ներգրավելով 11 միլիոն դոլար։ Ընկերությունը մշակում է բաց կոդով հարթակ, որը նախատեսված է մեքենայական ուսուցման ոլորտում մեծ ծավալի տվյալների հետ աշխատանքի օպտիմալացման համար։ Հարթակը թույլ է տալիս արդյունավետ կառավարել ամպում պահվող տվյալները՝ առանց դրանք լոկալ սարքերի վրա բեռնելու անհրաժեշտության, ինչը հատկապես օգտակար է մեծ տվյալների հոսքերի հետ աշխատելիս, ինչպիսիք են վիդեոները և պատկերները։
HerculesAI․ Վիրտուալ աշխատակիցներ և բիզնես գործընթացների օպտիմալացում
HerculesAI-ը, որը ներգրավել է 26 միլիոն դոլար Series B փուլում, մշակում է AI-ի վրա հիմնված որոշումների կայացման համակարգեր, որոնք օգնում են ընկերություններին վերլուծել մեծ ծավալի տվյալներ և կատարել ճշգրիտ կանխատեսումներ։ Այն մշակում է լուծումներ ձեռնարկությունների համար՝ թույլ տալով ստեղծել վիրտուալ աշխատակիցներ, որոնք արդյունավետորեն կատարում են մտավոր մոտեցում պահանջող առաջադրանքներ։
HerculesAI ընկերությունն առաջարկում է մի քանի լուծումներ բիզնես գործընթացների ավտոմատացման համար։ Դրանց թվում են՝ Rosetta Stone-ը, որն օգնում է ավտոմատացնել փաստաթղթերից տվյալների մշակումը՝ տեղեկատվությունը արտահանելով և վերլուծելով, Verify-ն ապահովում է տվյալների ստուգում և հաստատում՝ բարձրացնելով դրանց ճշգրտությունն ու հուսալիությունը, Artemis-ը կողմնորոշված է ֆինանսական տվյալների մշակման վրա՝ պարզեցնելով հաշվետվությունների և փաստաթղթերի հետ աշխատանքը, Apollo-ն օգնում է իրավաբանական ընկերություններին կառավարել ժամանակը և առաջադրանքները՝ բարելավելով աշխատանքային գործընթացի կազմակերպումը, իսկ Athena-ն ավտոմատացնում է էլեկտրոնային փոստի մշակումը, ինչը զգալիորեն բարձրացնում է իրավաբանական ընկերություններում նամակագրության հետ աշխատանքի արդյունավետությունը։
EasyDMARC․ Անվտանգություն թվային աշխարհում
EasyDMARC-ը, որը ներգրավել է 20 միլիոն դոլար, կենտրոնացած է կիբերանվտանգության վրա։ Մասնավորապես, ընկերությունը մասնագիտացած է էլեկտրոնային փոստի անվտանգության ապահովման մեջ՝ տրամադրելով լուծումներ դոմենները ֆիշինգից, սպուֆինգից և այլ կիբերհարձակումներից պաշտպանելու համար, պարզեցնելով նույնականացման գործընթացը և բարձրացնելով էլեկտրոնային փոստի հուսալիությունը ցանկացած մասշտաբի բիզնեսի համար։
SuperAnnotate՝ ներդրումների ներգրավման ռեկորդակիր
Ամենաշատ միջոցները՝ 36 միլիոն դոլար, ներգրավել է SuperAnnotate ընկերությունը։ Այս ստարտափը հեղափոխություն է կատարում տվյալների անոտացիայի գործընթացում։
SuperAnnotate-ի լուծումները լայն կիրառություն են գտնում տարբեր ոլորտներում։ Առողջապահության մեջ նրանց գործիքներն օգտագործվում են բժշկական պատկերների անոտացիայի համար, ինչն օգնում է հիվանդությունների ախտորոշման և հետազոտման մեջ։ Անվարորդ մեքենաների ոլորտում պլատֆորմը օգնում է ստեղծել բարձրորակ անոտացված տվյալներ, որոնք անհրաժեշտ են անվարորդ վարման համակարգերի ուսուցման համար:






