Արեն Մեհրաբյանը ԱՄՆ էր մեկնել ուսանելու նպատակով, ցանկանում էր աստղաֆիզիկոս դառնալ և ուներ երազանք՝ Հայաստանում աերոտիեզերական մեքենաշինություն ստեղծել, հիմնել հայկական տիեզերական ծրագիր։ Հայրենիքի հանդեպ պարտքը, սակայն, նրան ստիպեց կիսատ թողնել ուսումն ու վերադառնալ Հայաստան․ 2018 թ․ Արեն Մեհրաբյանը ժամկետային զինծառայության անցավ ՀՀ Զինված ուժերում։ Քիչ ժամանակ էր մնացել զինծառայության ավարտին, երբ սկսվեց 2020թ․ արցախյան 44-օրյա պատերազմը, որը փոխեց ամեն ինչ․ Արենը զոհվեց անօդաչու թռչող սարքի հարվածից։

Արեն Մեհրաբյանը չկարողացավ իրականացնել իր երազանքը, հիմա դա անում են Արենի ծնողները՝ Մհեր Մեհրաբյանն ու Սաթիկ Նաիրյանը, որոնք որդու մահից հետո հիմնել են «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը և ամեն օր ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի Հայաստանում ստեղծեն աերոտիեզերական թռչող սարքերի գործարան։ Հիմնադրամը պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած կամ վիրավորում ստացած տղաներին նորագույն տեխնոլոգիաների ոլորտում կրթություն ստանալու հնարավորություն է տալիս։ Այստեղ նրանք սովորում են անգլերեն, ծրագրավորում, արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում, եռաչափ ճարտարագիտական մոդելավորում, դիզայն, գրաֆիկա և աերոտիեզերական ճարտարագիտություն։

 

Mehrabyan fund .png (5.98 MB)

Հիմնադրամի սան, 44-օրյա պատերազմի մասնակից Մարատ Հակոբյանն ասում է, որ պատերազմից հետո է որոշել ծրագրավորում սովորել, քանի որ հենց այդ ժամանակ անձամբ է տեսել ու համոզվել, թե տեխնոլոգիաները, ժամանակակից սպառազինությունն ինչ վճռորոշ դեր են խաղում մարտի դաշտում։ «Երբ պատերազմն սկսվել էր, անընդհատ տեսնում ես, որ օդային հարվածներ են գալիս՝ անօդաչուներ, հարվածային ինքնաթիռներ, ֏ ասում ես՝ մենք մի հատ չունե՞նք, որ գոնե գա, մեր մոտով անցնի, տեսնենք ու ուրախանանք։ Ու երբ իմացա, որ պարոն Մեհրաբյանը միտք ունի այս գործով զբաղվելու, որոշեցի, որ հենց այստեղ կարելի է դա սովորել»,- ասում է նա։ 



Այս ֆիլմն արտադրել է «Վիզուալ ինովացիոն ստուդիա» ՀԿ-ն, հեղինակ՝ Մարինա Սոլոյան:

Հիմնադրամի սաներից Վաչե Շաքարյանը, որը նույնպես մասնակցել է 44-օրյա պատերազմին, պատմում է, որ մարտերի ժամանակ տեխնիկայի բացակայության պատճառով զավեշտալի դեպքեր են գրանցվել։ Նա հիշում է, որ մի առավոտ շատ ուժեղ լսվում էր անօդաչու թռչող սարքի ձայնը, և իրենք անզեն աչքով փորձում էին երկնքում գտնել ԱԹՍ-ն։ «Հեռվում ինչ-որ կետ էինք տեսնում օդում ու սկսում էինք կրակել ու մի քանի վայրկյան հետո տեսնում ենք, որ դա թռչուն է, այլ ոչ թե անօդաչու»,- ասում է նա՝ նշելով, որ այսօրվա պես հիշում է ամեն ինչ։

Սերոբ Խաչատրյանը, որը նույնպես հաճախում է հիմնադրամի դասերին, առ այսօր հիշում է ԱԹՍ-ների ուժեղ ձայնը։ «Երբ վերևում անօդաչու թռչող սարք կա, լսում ես ձայնը, ու մի պահ թվում է, թե ինքը իջնում է։ Ու ձայնն այնքան ուժեղ է, որ քեզ թվում է, թե հենց քո ուղղությամբ է իջնում։ Այն կարող է իջնել մի քանի հարյուր մետր այն կողմ, բայց ձայնն այնքան ուժեղ է, որ քեզ թվում է, թե քո ուղղությամբ է իջնում, ու դու այդ պահին ափսոսանք ես ապրում այն բաների համար, որոնք չես ապրել, չես արել, կամ չես ասել ինչ-որ մեկին»,- ասում է նա։

Satik Nairyan.png (6.89 MB)

Լուսանկարում՝ Սաթիկ Նաիրյանը։

Սերգեյ Խոջոյանը պատերազմից առաջ դպրոցում եկեղեցու պատմություն է դասավանդել, և պատերազմն սկսվելուն պես մեկնել է Արցախ, որտեղ մարտական գործողություններին մասնակցել է Արենի հոր՝ Մհեր Մեհրաբյանի հետ միասին, երկուսն էլ վիրավորվել են նույն օրը՝ նույն տեղում։ Պատերազմից հետո հաճախել է «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի դասընթացներին, իսկ այժմ աշխատում է այնտեղ։

«Ես չէի կարող տղերքին մենակ թողնել։ Կստացվեր, որ ես իրենց ամեն օր սովորեցնում էի, թե ինչ է հայրենիքը, ինչ է հայրենասիրությունը, հավատը, կրոնը, պատմությունը, հատկապես, որ եկեղեցու պատմության ուսուցիչ էի, բայց գալիս է պահը, երբ իրենք պետք է օգտագործեն այդ ամեն ինչը, ու ես փախնում եմ իրենցից։ Ես ու Մեհրաբյան Մհերը մարտական ընկերներ ենք, մենք միասին ենք պատերազմում եղել, նույն օրը վիրավորվել ենք՝ նույն տեղում։ Որոշեցի գալ մարտական ընկերոջս կողքին և այստեղ էլ իրար հետ «կռվենք»»,- ասում է Սերգեյ Խոջոյանը։

Մհեր Մեհրաբյանը պատմում է, որ հիվանդանոցում պառկած է եղել, երբ լսել է, որ պատերազմում հայկական կողմը պարտություն է կրել։ «Հիվանդանոցում պառկած էի կիսագիտակից վիճակում, շատ ծանր էր վիրավորումս։ Բայց երբ նորություններով լսեցի պարտության մասին, կապիտուլյացիայի մասին ոնց որ աշխարհը փուլ գար գլխիս ․․․ Մենք մեղավոր ենք ձեր սերնդի հանդեպ։ Մենք թողնում ենք ձեր սերնդին մեր պատերազմը, այն, որ մենք պիտի լուծեինք։ Մենք թողնում ենք ձեզ ավերված երկիր, կոռումպացված համակարգ։ Եվ ցավալի է, որ մինչև այսօր դա շարունակվում է»,- ասում է Մհեր Մեհրաբյանը։ 

Mher Mehrabyan .png (6.36 MB)

Լուսանկարում՝ Մհեր Մեհրաբյանը։

«Արեն Մեհրաբյան» հիմնադրամը ծրագրում է ստեղծել նոր կազմակերպություններ, որոնք կզբաղվեն արտադրական, ինժեներական, նախագծման, գիտահետազոտական աշխատանքներով և հիմնադրամի սաների համար գործունեության դաշտ կապահովեն ժամանակակից համաշխարհային տնտեսության մեջ պահանջարկ վայելող ոլորտներում: