Հայտնի ինսայդեր Ice Universe-ը X սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Samsung Galaxy S25-ի, Samsung Galaxy S25+-ի և Samsung Galaxy S25 Ultra-ի էկրաններ ցուցադրող կենդանի լուսանկարը։
Նա ավելի վաղ հայտնել էր, որ Samsung Galaxy S25 Ultra-ն կունենա սմարթֆոնների պատմության մեջ ամենափոքր սիմետրիկ շրջանակը՝ հավելելով, որ դրա լայնությունը 0,2 մմ-ով ավելի նեղ կլինի, քան iPhone 16 Pro Max-ի շրջանակինը։
Samsung Galaxy S25 Ultra-ն հավաստագրվել է Չինաստանի Որակի կենտրոնի կողմից: Սմարթֆոնի նկարագրությունում ասվում է, որ այն կունենա արբանյակային կապի աջակցություն։ Բացի դրանից՝ հավաստագրումը հաստատում է, որ այն դեռ կունենա 45 Վտ լիցքավորման աջակցություն, ինչպես Galaxy S22 Ultra-ն:
Galaxy S25-ի և Galaxy S25+-ի չինական տարբերակները չեն ունենա արբանյակային կապի գործառույթների աջակցություն: Բացի դրանից՝ երեք մոդելներից ոչ մեկը չի առաքվի լիցքավորիչով, սակայն փաթեթում կներառվեն պաշտոնական արտադրության մալուխներ:
Ice Universe-ն առաջինն է ճշգրիտ կանխատեսել ջրվեժի էկրանով սմարթֆոնների նոր միտման, iPhone X-ի էկրանի կտրվածքի, iPhone 14-ի նոր դիզայնի և Samsung-ի 200 մեգապիքսել պատկերի սենսորի մասին: Նոր ապրանքների մասին բացառիկ տեղեկություններ նրան տրամադրում են հարավկորեական հսկայի հետազոտությունների և զարգացման բաժնի աղբյուրները։






