Apple-ը շարունակում է փորձարկել ծալվող iPhone-ի տարբեր նախատիպեր, սակայն այս սարքերի թողարկման ժամկետները մնում են անորոշ՝ մի շարք տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է WCCFTech կայքը։

Նշվում է, որ ծալվող iPhone-ների նախատիպերը խնդիրներ ունեն էկրանի վրա ծալքի հատվածի և ծխնիի ամրության հետ կապված, ինչը չի գոհացնում Apple-ին, որը ցանկանում է, որպեսզի սարքի ծալվող հատվածը տեսանելի չլինի։

Ծալվող սմարթֆոնների շուկայի առաջատար Samsung ընկերությունը ծալվող սարքերի արդեն վեց սերունդ է թողարկել, սակայն դեռևս չի կարողացել ամբողջությամբ վերացնել էկրանի տեսանելի ծալքերը։ Ծալքի տեսանելիությունը նվազել է, սակայն որոշակի լուսավորության և տարբեր դիտանկյուններից այն դեռ նկատելի է։ Apple-ի համար, որն իր արտադրանքներում շեշտը դնում է անթերի դիզայնի վրա, նման թերություններն անընդունելի են։

Ծալվող սմարթֆոնների շուկան դեռ փոքր է, ուստի Apple-ը զգալի կորուստներ չի կրում։ Միաժամանակ ընկերությունը դիտարկում է ծալվող նոութբուքների շուկա մուտք գործելու հնարավորությունը և կարող է ներկայացնել ծալվող MacBook՝ 18,8 դյույմանոց էկրանով։ Սակայն այս սարքի արդյունաբերական արտադրությունը հետաձգվել է մինչև 2027 կամ 2028 թվականների վերջ։

Հեղինակավոր ինսայդեր և Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանի կարծիքով՝ ժամանակակից ծալվող սմարթֆոնները դեռ ունեն ծրագրային ապահովման հետ կապված մի շարք խնդիրներ։ Այնուամենայնիվ, նա վստահ է, որ երբ Apple-ը թողարկի նման սարք, այն «կփոխի խաղի կանոնները»։