Այս տարվա օգոստոսին Xiaomi-ն առաջ է անցել Apple-ից՝ դառնալով աշխարհում սմարթֆոնների վաճառքի ցուցանիշներով երկրորդ խոշորագույն ապրանքանիշը, ասվում է Counterpoint Research հետազոտական ​​կազմակերպության նոր զեկույցում:

Xiaomi-ի սմարթֆոնների վաճառքը կայուն է մնացել 2024-ի օգոստոսին, մինչդեռ Apple-ը նույն ժամանակահատվածում սեզոնային անկում է գրանցել: 2022-ից մինչև 2023-ի առաջին կիսամյակը Xiaomi բջջային հեռախոսները մատակարարման շղթայում դժվարությունների են բախվել (մյուս արտադրողները նույնպես), բայց ընկերությունը ճշգրտել է իր արտադրանքի, վաճառքի և բաշխման ուղիների ռազմավարությունը, ինչի շնորհիվ էլ այսպիսի արդյունք է գրանցել։

Counterpoint Research-ը նշել է, որ 2024-ի առաջին կիսամյակում Xiaomi-ն դարձել է ամենաարագ զարգացող ապրանքանիշերից մեկը, որի վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 22%-ով: Աճը կարող է դանդաղել տարվա երկրորդ կիսամյակում, սակայն դեռևս ակնկալվում է, որ Xiaomi-ն մինչև 2024-ը երկնիշ աճ կունենա:

«Բացի յուրաքանչյուր գնային միջակայքում առաջատար մոդելի ստեղծման վրա կենտրոնանալուց՝ բարձրակարգ շուկա հաջող մուտք գործելու համար այն նաև գործարկել է մրցունակ գներով 5G սարքեր, որոնք մեծ վաճառքներ են ունեցել Հնդկաստանում, Լատինական Ամերիկայում, Հարավարևելյան Ասիայում, Մերձավոր Արևելքում և այլ երկրներում»,- ասել է Counterpoint հետազոտությունների հարցերով տնօրեն Տարուն Պատհակը։