Համացանցում առաջին անգամ հրապարակվել են Samsung ընկերության ապագա ֆլագմանային շարքի հիմնական մոդելի՝ Samsung Galaxy S25 սմարթֆոնի բարձրորակ ռենդերային լուսանկարները։ Պատկերներն ստեղծել են հայտնի ինսայդեր Սթիվ Հեմերսթոֆերն ու Android Headlines-ը համատեղ:
Հաղորդվում է, որ Galaxy S25-ն ավելի փոքր կլինի, քան ներկայիս Galaxy S24-ը. ապագա ֆլագմանի չափերն են՝ 146,9 x 70,4 x 7,2 մմ, Galaxy S24-ինը՝ 147 x 70,6 x 7,6 մմ: Թե ինչպիսին կլինի էկրանը, չի հաղորդվում, բայց հավանաբար անկյունագիծը (6,2 դյույմ) չի փոխվի, ինչպես մարտկոցի հզորությունը (4000 մԱ/ժ):

Դեռևս հստակություն չկա մեկ չիպային համակարգի վերաբերյալ. որոշ աղբյուրների համաձայն՝ Galaxy S25-ը կունենա Exynos 2500, մյուսների կարծիքով՝ Snapdragon 8 Gen 4: Օպերատիվ հիշղությության ծավալը կկազմի 12 ԳԲ, ներկառուցված հիշողությունը բազային տարբերակում կլինի 128 ԳԲ։
Android Headlines-ը ենթադրում է, որ Galaxy S25 շարքի պաշտոնական պրեմիերան կկայանա 2025-ի հունվարի 13-ին սկսվող շաբաթվա ընթացքում։ Եվ այստեղ հաշվարկը բավականին պարզ է․ Samsung-ը ֆլագմանների յուրաքանչյուր նոր շարքը ներկայացրել է նախորդից մեկ-երկու շաբաթ շուտ։ Այսպիսով, եթե Galaxy S22-ը ներկայացվել է փետրվարի 9-ին, ապա Galaxy S23-ի դեբյուտը տեղի է ունեցել փետրվարի 1-ին, իսկ Galaxy S24-ը ներկայացվել է հունվարի 17-ին։ Հաշվի առնելով, որ CES ցուցահանդեսը կանցկացվի 2025-ի հունվարի 7-ից 10-ը, որին Samsung-ը կունենա բազմաթիվ այլ պրեմիերաներ, ներկայացման շաբաթ է նշվում 2025-ի հունվարի 13-ից 19-ը։

Սթիվ Հեմերսթոֆերը տարբեր սմարթֆոնների վավերական ռենդերներ ստեղծելու երկար պատմություն ունի՝ նախքան դրանց հրապարակումը: Նման արտահոսքերը ներառում են Samsung Galaxy S21-ը, Huawei Mate 40-ը, Pixel 5-ը, Sony Xperia XZ4-ը, Google Pixel 4 XL-ը և շատ այլ սարքեր։






