ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում այսօր՝  նոյեմբերի 10-ին՝ Գիտության համաշխարհային օրը, Երեւանի տարբեր դպրոցներից ավագ դասարանների աշակերտներին և ուսանողներին հնարավորություն են տվել գիտնականների դերում լինել։ «Հայաստանի երիտասարդ գիտնականների միավորումը» որոշել է այդ օրը տոն դարձնել երեխաների համար։

001.jpg (147 KB)
003.jpg (150 KB)

Միավորման նախագահ Սիրանուշ Հովհաննիսյանը պատմեց, թե գիտական հայտնագործությունները եւ գյուտերը ինչ նշանակություն են ունեցել մարդկության պատմության մեջ։  Այսպես, Արքիմեդի զենքը երկու տարի փրկել է Սիրակուզ քաղաքը հռոմեացիների արշավանքների ժամանակ, իսկ հայոց այբուբենի ստեղծումը հայ ժողովրդին փրկել է ոչնչացումից:

005.jpg (168 KB)

Հիշեցնելով, որ նոյեմբերի 10-ը նաեւ Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրման օրն է (1943 թ.), Սիրանուշ Հովհաննիսյանը կոչ արեց ապագա գիտնականներին չհանձնվել, չվհատվել դժվարություններից եւ վստահ գնալ դեպի սեփական նպատակը։

Գիտությունների ակադեմիայի տարբեր ինստիտուտների երիտասարդ հետազոտողները երեխաներին հնարավորություն տվեցին իրենց ձեռքով պարզ փորձեր կատարել, մանրադիտակով նայել քաղցկեղի բջիջներին եւ վառել Տեսլայի լամպը:

Քիմիական ֆիզիկայի ինստիտուտից Գասպար Քոչարյանը ցուցադրեց ինստիտուտի նոր արտադրանքը՝ քլոր չպարունակող ախտահանիչ եւ ժանգի դեմ պայքարող միջոցները։  Գառնիկ Մուրադյանը պատմեց, որ ինստիտուտում մշակվել է ավելի ցածր ջերմաստիճաններում տիտանի համաձուլվածքներ ստանալու նոր մեթոդ: Նրա խոսքով՝ տիտանի համաձուլվածքները կիրառման շատ լայն սպեկտր ունեն, մասնավորապես ռազմարդյունաբերական համալիրում։ Ինստիտուտում նաեւ սովորել են 3D տպիչով տարբեր իմպլանտներ տպել տիտանի համաձուլվածքներից, որոնք օգտագործվում են վիրահատության ժամանակ, ոսկրային դեֆեկտների վերացման համար։

IMG_1846 (1).JPG (136 KB)

«Հայկենսատեխնոլոգիա»-ից Արմեն Սարգսյանը դպրոցականներին առաջարկեց իրենց ձեռքով անվտանգ մանրէների ցանքս անել։ Եվ ցույց տվեց նրանց «գիտական» արվեստի գործը՝ մանրէներից «աճեցված» մարդու դեմքը։

IMG_2009.JPG (134 KB)
IMG_20221110_131816.jpg (78 KB)

Ծրագրի ամենահետաքրքիր դրվագներից էր Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի երիտասարդ գիտնականների ցուցադրած Տեսլայի լամպ, որը լուսավորվում է բարձր լարման հոսանքից։ Վարդգես  Ավագյանը ցույց տվեց նաեւ սեփական մշակումը․ ձայնի հաղորդիչ մեծ հեռավորությունների վրա (մինչեւ 5 կմ)՝ լազերի օգտագործմամբ։

IMG_1888.JPG (106 KB)

Էկոկենտրոնից Աստղիկ Հովհաննիսյանը ցույց տվեց տարբեր սարքեր երկրի, ջրի եւ օդի կազմի ուսումնասիրման, ջերմաստիճանի չափման, կանաչ տերեւներում քլորոֆիլի քանակի որոշման համար: Բոլորի մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց «կշեռքը», որը սահմանում է սննդի մեջ սննդանյութերի կազմը եւ դրանց կալորիականությունը։

007.jpg (199 KB)

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից Անաստասիա Շովինան խոսեց In silico մեթոդով հնարավոր բուժիչ մոլեկուլների ուսումնասիրության մասին: Դա մեքենայական մեթոդ է, որն օգտագործում է արհեստական բանականություն՝ մի քանի տասնյակ միլիոնավոր միացություններից անհրաժեշտ պարամետրերով մոլեկուլներ գտնելու համար:

IMG_20221110_134837.jpg (126 KB)

Կենսաքիմիայի ինստիտուտից Մարգարիտա Հովհաննիսյանը խոսեց քաղցկեղի բուժման մեթոդների եւ տարբեր աուտոիմուն հիվանդությունների որոնման հարցով ինստիտուտի վերջին ուսումնասիրությունների մասին:

IMG_1867.JPG (141 KB)

Դպրոցականները փորձանոթի մեջ սպիտակուցի արտազատման փորձ արեցին, ինչպես նաեւ մանրադիտակով նայեցին գունավորված քաղցկեղային բջիջները։

008.jpg (160 KB)

Տոնական միջոցառումներ այսօր տեղի ունեցան նաեւ ՀՀ ԳԱԱ բոլոր ինստիտուտներում: Նրանք բոլորը բաց դռների օր էին կազմակերպել տարբեր դպրոցների ավագ դասարանների աշակերտների եւ մասնագիտացված բուհերի ուսանողների համար։ Տեղի են ունեցել նաեւ գիտական խորհուրդների նիստեր, գիտական սեմինարներ եւ գիտաժողովներ:

Այսպես, դպրոցականների համար միջոցառումներ են կազմակերպվել Արմեն Թախտաջյանի անվ․ բուսաբանության ինստիտուտի բուսաբանական այգում, որտեղ այսօր մուտքն ազատ էր։ Հիդրոպոնիկայի ինստիտուտի գիտական սեմինարի ընթացքում փորձարկել են Cary 60 UV-Vis նոր սպեկտրոֆոտոմետրը: Երկրաբանական գիտությունների ինստիտուտը մեկ օր առաջ կազմակերպել էր գիտարշավ դեպի Գութանասար լեռ՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողների եւ դասախոսների համար:

Արվեստի ինստիտուտում Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաները հանդիպել են գիտական խորհրդի անդամ, ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի հետ: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում բուհերի ուսանողներին եւ դասախոսներին ներկայացվել են ինստիտուտի միջազգային ծրագրերը:

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, բացի Երեւանի եւ մարզերի տարբեր դպրոցների ավագ դպրոցի աշակերտներից, ընդունել են նաեւ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտներին: 

IMG_20221110_142716.jpg (105 KB)

Ինչպես պատմեց տնօրենի պաշտոնակատար Վահան Քոչարյանը, հյուրերին ներկայացրել են ինստիտուտի եւ նրա հիմնադիր Ալպիկ Մկրտչյանի գործունեությունը, ցուցադրել լաբորատորիաներն ու ինստիտուտի արտադրանքը: Ինչպես նաեւ ընթերցվել են գիտահանրամատչելի դասախոսություններ ռենտգենյան միկրոտոմոգրաֆիայի, բյուրեղների աճեցման եւ այլնի վերաբերյալ:

Screenshot_20221110-212250_Video Player.png (1.08 MB)

Հանուն խաղաղության եւ զարգացման գիտության համաշխարհային օրը 2002-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ նշվում է նոյեմբերի 10-ին։ Այն կոչված է ընդգծելու հասարակության մեջ գիտության կարեւոր դերը եւ առաջացող գիտական հարցերի քննարկմանը լայն հասարակության մասնակցության անհրաժեշտությունը: Այս օրը նաեւ ընդգծում է գիտության կարեւորությունն ու արդիականությունը առօրյա կյանքի համար: Գիտության համաշխարհային օրվա թեման էր «Հիմնարար գիտությունը՝ հանուն կայուն զարգացման»։ Այն նշվում է  կայուն զարգացման հիմնարար գիտությունների միջազգային տարվա շրջանակում, որը մեկնարկել է 2022 թ․ հուլիսի 8-ից։