Տեղեկատվական անվտանգության ոլորտում Հայաստանում այսօր մի շարք խնդիրներ կան: Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ չգիտենք, թե ինչ է տեղեկատվական անվտանգությունը։ Նման կարծիք ունի «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը:

Տեղեկատվական անվտանգության սահմանում է անհրաժեշտ

Երևանում անցկացվող Ինտերնետ կառավարման հայաստանյան 7-րդ համաժողովի` ArmIGF-2022-ի շրջանակում տեղի ունեցած «Տեղեկատվական անվտանգության խնդիրները» թեմայով քննարկման ընթացքում նա նշեց, որ այսօր Հայաստանում հիմնականում օգտագործվում է ռուսական սահմանումը, որով տեղեկատվական անվտանգությունը սահմանվում է որպես քաղաքացու, հասարակության և պետության անվտանգ զգալու իրավիճակ։

«Նման մոտեցումը թույլ չի տալիս հարցին մասնագիտորեն վերաբերվել, և մեր ամբողջ առօրյան տեղեկատվական անվտանգություն է դառնում։ 2017 թ․ հաջողվեց ընդունել մի հայեցակարգ, որը ստորագրել էր նախագահ Սերժ Սարգսյանը, որտեղ առաջին անգամ կար նաև կիբեռանվտանգություն հասկացությունը։ Բայց երբ Հայաստանը դարձավ պառլամենտական հանրապետություն, մենք չգիտենք՝ նախագահի հրամանագրերն ինչ կարգավիճակ ունեն, հիմա այդ հայեցակարգն անհասանելի է», - նշեց մասնագետը։

Նրա խոսքով՝ ճիշտ եւ գրագետ հայեցակարգ մշակելու համար անհրաժեշտ է տալ ճիշտ սահմանումներ: Դրանք աշխարհում արդեն առկա են, պարզապես դրանցից պետք է օգտվել։

Երկրորդ խնդիրը, ըստ մասնագետի, այն է, որ տեղեկատվական անվտանգությունից խոսելիս մենք օգտագործում ենք ռադիո և հեռուստատեսություն հասկացություններն այն դեպքում, երբ եվրոպական երկրներն օգտագործում են աուդիովիզուալ տեղեկատվություն հասկացությունը, որը կարգավորում է նաև YouTube-ը և մնացած տեղեկատվական աղբյուրները։ 

ՀՌՀ իրավական ապահովման և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանի խոսքով՝ երկրորդ խնդրի հետ կապված առաջին քայլերն արված են, եւ 2020-ից Հայաստանն ունի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք: Չնայած, դրա հետ կապված էլ մի շարք խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն:

Խնդիրների մասին չբարձրաձայնելը կարող է դրանց խորացման հանգեցնել

ArmSec հիմնադրամի տնօրեն Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ Հայաստանում այսօր մի քանի խնդիր իրար են բախվել։

«Մեկն այն է, որ օրենսդրական կարգավորումները կցկտուր են, այսինքն՝ ինչ-որ ընդհանուր պատկերացումից չեն բխում: Շատ հարցերում ընդհանրապես ոչինչ չի արվում, իսկ մյուս հարցերում, հակառակը՝ կան պետության կողմից միջամտություններ, որոնք փաստացի ապօրինի են։ Այդ ամենը, իհարկե, ունի իր բացատրությունը, բայց ամեն բան ունի կարգ ու կանոն։

Օրինակ, եթե հեռախոսից փորձեք մտնել մի քանի ադրբեջանական լրատվամիջոց, չի հաջողվի, որովհետև ՀՀ կողմից դրանք արգելափակվում են։ Ինչ-որ ժամանակ առաջ TikTok սոցցանցը արգելափակվել էր, ընդ որում՝ ոչ բոլոր բջջային օպերատորների կողմից։

Այս որոշումների հիմնավորումները երբեք չեն բարձրաձայնվում, և Հայաստանում փաստացի չկա օրենք, որը թույլ է տալիս ռազմական կամ արտակարգ դրության բացակայության պայմաններում արգելափակել ինչ-որ կայքեր։ Այդ կայքերը անհայտ պայմաններում փակվում են, մեկ էլ՝ բացվում, որի բացատրությունը ևս չի տրվում։ Ենթադրվում է, որ ես կարող եմ դատի տալ օպերատորներին, որ նրանք սահմանափակել են իմ մուտքը»։

Մարտիրոսյանի խոսքով՝ պետությունն այնպիսի կառույց է, որը կարող է ինքնագլուխ քայլեր թույլ տալ, սակայն դա պետք է բալանսավորվի դատական համակարգի կողմից, որը սակայն Հայաստանում ամենաքիչ վստահություն վայելող կառույցն է։

Մյուս բալանսավորող կողմը քաղաքացիական հասարակությունն է, որը, սակայն, այս թեման չի բարձրաձայնում:

«Խնդրի չբարձրաձայնման, նորմալ համարելու դեպքում կարող է վաղը ինչ-որ բան արգելափակվել, որը վատը չէ, բայց ինչ-որ մեկի դուրը չի գալիս», - նշեց մասնագետը:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ խնդիր է նաև կրիպտոարժույթների դաշտի կարգավորման բացակայությունը։

«Կրիպտոբորսաներից գումարի կանխիկացման հոսքը հայաստանյան բանկերում արգելափակվում է։ Պատճառն այն է, որ կարգավորում չկա, և բանկերը ավելորդ խնդիրներից խուսափելու համար արգելանքներ են մտցրել։ Այսինքն՝ մենք հայտնվել ենք ինչ-որ տիրույթում, որտեղ ստեղծվել են ինչ-որ մոխրագույն գոտիներ, որտեղ կարգավորումներ չկան, բայց [պետական – խմբ․] մարմնի շարժումներ կան տարբեր կառույցների կողմից։ Եվ այս ամենը չի բարձրաձայնվում, ինչը կարող է բերել խնդիրների խորացման», - ասաց մասնագետը։