Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT), Մինեսոտայի համալսարանի և Samsung-ի հետ համատեղ, ստեղծել է տերահերցային ալիքներով աշխատող տեսախցիկ, որն ավելի էժան է, ապահովում է ավելի մեծ զգայունություն և արագություն, քան նախորդ տարբերակները, և կարող է մի շարք ոլորտներում կիրառվել։
Առայսօր գիտնականների համար դժվար է եղել ստեղծել սարք, որը կկարողանա տերահերցային ալիքների միջոցով պատկեր ստանալ։ Գոյություն ունեցող սարքերն էլ բավական թանկ են, դանդաղագործ, ունեն մեծ չափեր, պահանջում են վակուումային համակարգեր և չափազանց ցածր ջերմաստիճան:
Այսօր արդեն փաստացի գիտնականներին հաջողվել է ստեղծել տեսախցիկ, որը կարող է շատ արագ հայտնաբերել տերահերցային իմպուլսները, ընդորում՝ դա կարող է անել բարձր զգայունությամբ և սենյակային ջերմաստիճանի և ճնշման պարագայում։ Ավելին, նոր տեսախցիկը կարող է իրական ժամանակում տեղեկություն ստանալ ալիքների կողմնորոշման կամ «բևեռացման» մասին, ինչը գոյություն ունեցող սարքերը չեն կարող:
Որտե՞ղ կարող է այն օգտագործվել
Nature Nanotechnology ամսագրում հրապարակված աշխատությունում ասվում է, որ տերահերցային ճառագայթումը, որի ալիքները գտնվում են միկրոալիքների և տեսանելի լույսի միջև, կարող է թափանցել բազմաթիվ ոչ մետաղական նյութերի միջով: Հենց այս հատկության շնորհիվ էլ այն կարող է կիրառվել մի շարք ոլորտներում, օրինակ՝ արդյունաբերությունում որակի ստուգման նպատակով, օդանավակայանների անվտանգության ծառայություններում, ինչպես նաև հաղորդակցության ոլորտում։
Նախագծի համահեղինակ, Մինեսոտայի համալսարանի էլեկտրական և համակարգչային տեխնիկայի բաժնի պրոֆեսոր Սանգ-Հյուն Օհն ասում է, որ թեև տերահերցային տեսախցիկների ներկայիս տարբերակներն արժեն տասնյակ հազարավոր դոլարներ, սակայն այս համակարգում կիրառվել են CMOS տեսախցիկներ, որոնք էժան են, ինչը այս համակարգը դարձնում է մեծ քայլ առաջ՝ գործնական տերահերցային տեսախցիկ ստեղծելու ուղղությամբ:
Հետազոտողները նշում են, որ բազմաթիվ ուղիներ կան նոր տեսախցիկի զգայունության հետագա բարելավման համար, թեև այս վիճակով էլ սարքը կարող է ունենալ որոշ պոտենցիալ կիրառություններ: Ինչ վերաբերում է նոր սարքի առևտրայնացման ներուժին, ապա քվանտային կետերը, որոնք տեսախցիկն օգտագործում է, այժմ էժան են և մատչելի և օգտագործվում են մի շարք տեխնիկաներում, օրինակ՝ հեռուստատեսային էկրաններում:
Արդյո՞ք այն կարտադրվի կոմերցիոն նպատակներով
Տեսախցիկի ստեղծման աշխատանքներին մասնակցած Քիթ Նելսոնի խոսքով՝ այս տեսախցիկի արտադրությունը գործնականում բավական բարդ է, բայց հիմնված է նաև արդեն գոյություն ունեցող միկրոէլեկտրոնիկայի տեխնոլոգիաների վրա։
Ըստ նրա՝ ի տարբերություն գոյություն ունեցող տերահերցային դետեկտորների, այս տեսախցիկի չիպն ամբողջությամբ կարող է արտադրվել՝ օգտագործելով այսօրվա ստանդարտ միկրոչիպերի արտադրության համակարգերը։ Իսկ սա նշանակում է, որ ինչ–որ պահի տերահերցային այս տեսախցիկի կոմերցիոն արտադրությունը պետք է որ հնարավոր լինի, ընդորում՝ համեմատաբար էժան:
Թեև տեսախցիկի համակարգը դեռ հեռու է կոմերցիոն նպատակներով արտադրվելուց, MIT-ի հետազոտողներն արդեն օգտագործում են լաբորատոր նոր սարքը, երբ տերահերցային ճառագայթումն արագ հայտնաբերելու միջոց է անհրաժեշտ է լինում:
Ըստ Քիթ Նելսոնի՝ թեև տերահերցային ալիքներն սկզբունքորեն կարող են օգտագործվել որոշ աստղաֆիզիկական երևույթներ հայտնաբերելու համար, այդուհանդերձ, աղբյուրներից ստացված ալիքները թույլ կլինեն, և նոր սարքն ի վիճակի չէ նման թույլ ազդանշաններ ֆիքսել։ Նա նաև նշել է, որ թիմն աշխատում է դրա զգայունությունը բարելավելու վրա:






