Փորձարարական մշակումների նախագծերի մրցույթում տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակի (ՏՊՄ, Technology Readiness Level) սանդղակի կիրառումը քայլ է ճիշտ ուղղությամբ, որն ուղղված է կոնկրետ, նպատակային գիտահետազոտական աշխատանքների խթանմանը և Հայաստանում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) ոլորտի զարգացմանը։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց «Գիտուժ» նախաձեռնության անդամ, FIRO ընկերության համահիմնադիր, կրիպտոգրաֆեր Արամ Ջիվանյանը։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ Գիտության կոմիտեն հայտարարել է Փորձարարական մշակումների նախագծերի (Experimental Development Projects) հայտերի ընտրության մրցույթ, որի ժամանակ առաջին անգամ Հայաստանում կկիրառվի տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակի գնահատման համակարգ, որն ունի ՏՊՄ ինը մակարդակ։ Մրցույթի հիմնական պայմաններից մեկն այն է, որ նախագծի ավարտին տեխնոլոգիան պիտի ունենա առնվազն ՏՊՄ 4-րդ մակարդակ։ Ֆինանսավորման առավելագույն չափը սահմանվել է 30 մլն դրամ 24 ամսվա համար։ Այս մրցույթի շրջանակում նախագծերը պետք է ունենան նաև մասնավոր կազմակերպության կողմից համաֆինանսավորում առնվազն 6 մլն դրամի չափով:
Արամ Ջիվանյանը նշեց, որ տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակի գնահատումը կարևոր է ոչ միայն պետության, այլև հենց գիտնականների համար, որոնք այսուհետ իրենց աշխատանքի մասին կխոսեն մի մասնագիտական լեզվով, որը հստակ կնշի որակական հատկանիշները, կհուշի աշխատանքի մակարդակի մասին։ Նախկինում, ըստ նրա, Հայաստանում ընդունված չէր մեկ միասնական ֆորմալ լեզու, որով կխոսեին և՛ պատվիրատուները, և՛ գիտնականները, և՛ ոլորտը լուսաբանող ԶԼՄ-ները։
Նա պարզաբանեց, որ մեծ տարբերություն կա ՏՊՄ 4 (Տեխնոլոգիան աշխատում է լաբորատորիայում) և ՏՊՄ 5 (Տեխնոլոգիան փորձարկված է համապատասխան միջավայրում) մակարդակների միջև. ՏՊՄ 4-ից տեխնոլոգիան կարող է այդպես էլ չհասնել ՏՊՄ 5 մակարդակի, կամ դրա համար պետք է անցնի լուրջ լրամշակում։ Եվ գիտնականները պետք է հասկանան, որ լաբորատոր փորձանմուշը չի կարելի ներկայացնել որպես պատրաստի արտադրանք։
«Սա շատ լավ կարելի է ցույց տալ դրոնների օրինակով։ Փոքր լաբորատոր դրոն կարելի է հավաքել երեք ամսում, բայց դաշտում փորձարկելիս այն կարող է օդ բարձրանալ, ու այլևս չիջնել։ Եվ այն պետք է լրամշակվի այնքան, մինչև բարեհաջող վայրէջք կատարի, բայց դա էլ դեռ չի նշանակի, որ տեխնոլոգիան պատրաստ է։ Եվ որքան առաջ գնաս, այնքան աշխատանքը կբարդանա», - ասաց նա։
Ըստ Արամ Ջիվանյանի՝ 30 մլն դրամ ֆինանսավորումը կարող է բավարար լինել լաբորատոր փորձանմուշ ստանալու համար, բայց ամեն հաջորդ մակարդակին հասնելու համար ավելի շատ ֆինանսավորում կպահանջվի։
«Բայց եթե պրոդուկտը մշակվի այս ճանապարհով, այն չպետք է մնա միայն պետության ֆինանսավորման հույսին։ Վերջին մակարդակներին հասնելու ժամանակ դա արդեն բիզնես պրոդուկտ է, և այն ավելի շատ մասնավոր ներդրումներ և վենչուրային հիմնադրամների մասնակցություն է պահանջում։ Պետության առաջնային խնդիրը տեխնոլոգիաները՝ ՏՊՄ 4-ից ՏՊՄ 5-6 մակարդակի հասցնելն է։ Եվ այդ ընթացքում գիտական թիմի նախապատրաստումն է, որպեսզի այն կարողանա շփվել վենչուրային ներդրողների հետ», – ասաց նա։
Արամ Ջիվանյանը պարզաբանեց, որ 10 պատրաստի տեխնոլոգիա ստանալու համար պահանջվում է առնվազն ՏՊՄ 4 մակարդակի 100 մշակում։ Գուցե ավելի շատ, որովհետև անգամ 10 տոկոսը տեխնոլոգիաների դեպքում ֆանտաստիկ հաջողություն է։ Վենչուրային հիմնադրամները գումար են ներդնում ՏՊՄ 7-ից բարձր մակարդակ ունեցող 10 մշակումներում, որպեսզի մեկ հաջողված բիզնես նախագիծ ունենան, որը կհատուցի բոլոր ծախսերը։
«Դա ձագարի նման է՝ մուտքի համար պետք է ունենաս ՏՊՄ 4 մակարդակի շատ նախագծեր, որպեսզի ելքում ստանաս մի քանի ՏՊՄ 9 նախագիծ։ ՏՊՄ 4-ի ու ՏՊՄ 7-ի արանքում կա այսպես կոչված «մահվան հովիտ», և մշակումների 90 տոկոսը մնում է այդ հովտում», - ասաց նա։
«Գիտուժ» նախաձեռնության անդամը համարում է, որ այս համակարգը կնպաստի նաև հայ հետազոտողների մոտ բիզնես հմտությունների ձևավորմանը, և բիզնես համայնքի հետ կապերի հաստատման կարողությունների զարգացմանը։
Արամ Ջիվանյանի գնահատականով՝ այս մոդելը կարող է կիրառել նաև Ռազմարդյունաբերության կոմիտեն։ Նրա խոսքով՝ պետության հիմնական գործառույթը գիտնականների առջև խնդիր դնելն է, այսինքն՝ ռազմավարական տարբեր ոլորտներում ԳՀՓԿ պետպատվեր ձևավորելը։ Բայց Հայաստանում այդ պետպատվերի համակարգը դեռ կայացած չէ, ինչի մասին «ԳիտուԺ» նախաձեռնությունն անընդհատ բարձրաձայնում է, քանի որ դա պետական անվտանգության խնդիր է։
«Այս քայլը խթանում է կոնկրետ ոլորտներում (բնագիտական, տեխնիկական, բժշկագիտական) հմտությունների ձևավորմանը։ Բայց պետպատվեր որպես այդպիսին չկա, ձևակերպված խնդիրներ չկան, իսկ ձևակերպված խնդիրը լուծման կեսն է։ Մենք ուղղակի դեգերում ենք առանց հստակ դրված խնդիրների», - ասաց նա։






