ՀՀ Գիտության կոմիտեն հայտարարել է Փորձարարական մշակումների նախագծերի (Experimental Development Projects) հայտերի ընտրության մրցույթ, որը կփոխարինի նախորդ տարիներին կազմակերպված Կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցույթները։ Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 25–ն է։
Մրցույթի պայմանները մի շարք փոփոխություններ են կրել, որոնք հստակություն են մտցնում վերջնարդյունքի գնահատման հարցում, ինչը շատ կարևոր է երկրում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական մշակումների զարգացման համար (ԳՀՓԿ, R&D):
NEWS.am Tech-ի հետ զրույցում Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը նշեց, որ առաջին անգամ Հայաստանում գիտահետազոտական աշխատանքի վերջնարդյունքի գնահատման համար կկիրառվի տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակի գնահատման համակարգ (ՏՊՄ, technology readiness level, TRL). մրցույթի հիմնական պայմաններից մեկն այն է, որ նախագծի ավարտին տեխնոլոգիան պիտի ունենա առնվազն ՏՊՄ 4-րդ մակարդակ։
Ի՞նչ է տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակը
Տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակի սանդղակը մշակվել է ՆԱՍԱ–ում անցյալ դարի 70-80–ականներին, նոր տեխնոլոգիաների մշակման փուլերը տարբերակելու համար։ Այսօր այդ սանդղակը կիրառվում է ոչ միայն ԱՄՆ–ում, այլև Եվրոպայում, Ճապոնիայում, Կանադայում և այլ երկրներում։ 2013-2014 թթ․ այդ սանդղակն օգտագործվում է նաև Եվրոպական Միության գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում նախագծերի գնահատման համար։
Սեխնոլոգիաների պատրաստիության մակարդակի սանդղակը հետևյալն է.
- ՏՊՄ 1. Հիմնական սկզբունքները հետազոտված են
- ՏՊՄ 2. Տեխնոլոգիայի հայեցակարգը ձևակերպված է
- ՏՊՄ 3. Տեխնոլոգիան փորձարկված է լաբորատորիայում
- ՏՊՄ 4. Տեխնոլոգիան աշխատում է լաբորատորիայում
- ՏՊՄ 5. Տեխնոլոգիան փորձարկված է համապատասխան միջավայրում
- ՏՊՄ 6. Տեխնոլոգիան ցուցադրված է համապատասխան միջավայրում
- ՏՊՄ 7. Նախատիպը ցուցադրված է գործող միջավայրում
- ՏՊՄ 8. Տեխնոլոգիական գործընթացն ավարտված է, կա արտադրանք, որը համապատասխանում է ստանդարտներին և կարգավորումներին
- ՏՊՄ 9. Արտադրանքը շուկայում է
Հետաքրքիր է, որ 4–րդ մակարդակից 7–րդ մակարդակ հասնելու ընթացքը կոչում են «մահվան հովիտ», քանի որ այն լուրջ ներդրումներ, ժամանակ, ռիսկի գնալու պատրաստակամություն, հաճախ նաև պետության մասնակցություն է պահանջում, և ոչ բոլոր տեխնոլոգիաներին է հաջողվում հաղթահարել այդ «հովիտը» և հասնել վերջին հանգրվանին։
Ֆինանսավորումը
Ավելացել է նաև նախագծերի ֆինանսավորումը՝ նախկին 24 մլն դրամի փոխարեն առավելագույն չափը սահմանվել է 30 մլն դրամ 24 ամսվա համար, իսկ Խմբի անդամների աշխատանքի ամսական վարձատրության միջին հաշվարկային չափը սահմանվել է 200 000 դրամ:
Այս մրցույթի շրջանակում նախագծերը պետք է ունենան նաև շահագրգիռ ոչ պետական կազմակերպության կողմից համաֆինանսավորում առնվազն 6 մլն դրամի չափով:
Արթուր Մովսիսյանի խոսքով՝ դրամաշնորհների տրամադրման քանակի սահմանափակում չկա. մրցույթի բոլոր պայմաններին համապատասխանող որքան հայտ կլինի, այդքանն էլ կստանա ֆինանսավորում։
Տեխնոլոգիաների մեկ մակարդակից հաջորդին անցման շարունակականությունը
Եթե երկու տարվա ընթացքում հետազոտողները չհասնեն ցանկալի արդյունքի, նրանք հնարավորություն ունեն երկարաձգել աշխատանքները ևս մեկ տարով (դրամաշնորհը տրվում է երկու գումարած մեկ տարով), եթե մասնագիտական փորձագիտական խորհուրդը տվել է դրական եզրակացություն, և Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնից ներկայացվում է երաշխավորություն նախագծի վերջնական արդյունքի առևտրայնացման հնարավորությունների վերաբերյալ:
Եթե նախագծի ավարտին գիտական խումբը հասել է մի արդյունքի, երբ տեխնոլոգիան արդեն փորձարկվել է, ասենք, ՏՊՄ 5–ի, ապա նրանք կարող են մասնակցել հաջորդ նմանատիպ մրցույթին (մրցույթը հայտարարվելու է երկու տարին մեկ), այն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։
Հայտնի է, որ տեխնոլոգիաները նախաարտադրական մակարդակներին հասցնելու համար ավելի շատ ֆինանսական ներդրումներ են պահանջվում, քան նախնական փուլում։ Սակայն այս նախագծում պետական մասնակցության չափն անփոփոխ է։ Գիտկոմի փոխնախագահի խոսքով, տեխնոլոգիաներն ավելի բարձր մակարդակի հասցնելու դեպքում հետազոտական խմբերը պետք է ձգտեն ավելի շատ մասնավոր ներդրումներ ներգրավել։
«Այս մեթոդի ներդրումը լավ է ոչ միայն պետության, այլև գիտնականների համար, որպեսզի իրենք էլ կարողանան գնահատել, թե որ մակարդակում է իրենց մշակումը, իմանան, որոնք են իրենց հետագա քայլերը և որտեղից ներդրումներ ներգրավել։ Որպեսզի սկզբնական շրջանում մասնավոր հատվածից շատ ներդրումներ չակնկալեն, իսկ ավելի ուշ փուլերում պետությունից շատ գումար չսպասեն», – ասաց նա։
Մրցույթի նպատակները
- աջակցել նոր տեխնոլոգիաների մշակմանը,
- նպաստել արտադրության մեջ գիտական հետազոտությունների արդյունքների կիրառմանը,
- խթանել բնական, բժշկական, գյուղատնտեսական գիտությունների և ճարտարագիտության բնագավառում կիրառելի մշակումների իրականացումը,
- նպաստել գիտության և բիզնեսի միջև կապերի ձևավորմանը և այլն:
Արթուր Մովսիսյանը պարզաբանեց, որ Կոմիտեն դեռ երկու տարի առաջ էր նախատեսում ներդնել տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակի գնահատման համակարգը, բայց պետք էր գիտնականներին նախապատրաստել դրան։ Նա կարծում է, որ այս ծրագրի առաջին փուլը ավելի շատ ճանաչողական և կրթական բնույթ կունենա, մինչև որ գիտահետազոտական համայնքը այս համակարգով աշխատելու հմտություններ ձեռք կբերի։






