«Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ:» հեռուստախաղի գիտակները այցելել են Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոն։ Կենտրոնը Հայաստանում գործում է արդեն հինգ տարի։ Գիտակները ծանոթացել են կենտրոնի գործունեությանը, շրջել կենտրոնի լաբորատորիաներով, շփվել կենտրոնի շահառու գիտնականների ու ուսանողների հետ։ (ֆոտոռեպորտաժ)
Այցի ավարտին հյուրերը կիսվեցին իրենց տպավորություններով NEWS.am Tech-ի հետ։
«Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնը Հայաստանում շատ շնորհակալ գործ է անում, որովհետև հնարավորություն է ընձեռում երիտասարդներին իրենց մասնագիտական գործունեության հենց սկզբում խիզախելու և այդ խիզախումները վերածելու կոնկրետ արդյունքների, որոնք կարող են հետագայում դառնալ Հայաստանի տնտեսության զարգացման բազմաթիվ միաեղջյուրներից մի քանիսը»։
Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց «Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ» խաղի մասնակից Հայկ Մինասյանը։

Նա կարևորեց կենտրոնի պատրաստակամությունը ներդրումներ կատարելու տվյալագիտությունում, որն արհեստական բանականության պրոդուկտների արտադրման առաջին քայլն է, և նյութագիտությունում, որովհետև դա էլ ապագայի կարևորագույն մասնագիտություններից մեկն է։
Ըստ Հայկ Մինասյանի, կենտրոնի կողմից իրականացվող մագիստրոսների, ասպիրանտների ու գիտական խմբերի ֆինանսավորման ծրագրերը շատ կարևոր ազդակ են երիտասարդությանն ու հասարակությանը, որովհետև տաղանդավոր, շնորհաշատ մարդը հասկանում է, որ մեր երկրում էլ կարելի է ընտրել գիտատար մասնագիտություն և հաջողություն ունենալ։
Գիտակներից ոմանք ընդգծեցին, որ եթե իրենց ժամանակ լինեին նման հնարավորություններ, որոնք այսօր տալիս է Ֆիլիպ Մորրիսի PMI Science կենտրոնը, իրենք գիտությունը չէին թողնի եւ չէին գնա ֆինանսապես ավելի ապահով ոլորտներ։
«Մեր շարժման շատ անդամներ կարող էին հեշտությամբ հետբուհական կրթություն ստանալ և պաշտպանել գիտական թեզեր և այլն, բայց, բոլորին հայտնի պատճառներով, մենք դա չարեցինք, և հիմնական արգելակող գործոնը ֆինանսական բաղադրիչն էր։ Կոնկրետ, երբ ես ավարտեցի բուհը, մետաղագետ–ֆիզիկոսի միջին աշխատավարձը 5000 դրամ էր», - NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց Լեւոն Նիկողոսյանը՝ հավելելով, որ սրա պատճառով ստիպված է եղել փոխել իր գործունեության ոլորտը։
Նա ասաց, որ ցնցված է տեսածից:
«Դա զարմանալի է, որովհետև, անկեղծ ասած, սա տիտանական աշխատանք է նման փոքր ռեսուրսներով և հսկայական ներքին ներուժ ունեցող երկրի համար», - ասաց նա։
«Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ» խաղի մեկ այլ մասնակից Լևոն Գրիգորյանը, որը ժամանակին եւս ռադիոֆիզիկայից անցել է ՏՏ ոլորտ, նշեց, որ որպես նախկին էլեկտրոնիկայի մասնագետ, իրեն շատ են դուր եկել կենտրոնի հնարավորությունները թե՛ տեխնիկական հագեցվածության, թե՛ ուսանողների կրթական ծրագրերի առումով։ Նա ափսոսանք հայտնեց, որ իր ժամանակ նման հնարավորություններ չկային, իսկ մութ ու ցուրտ տարիներին ֆիզիկոսներն ու ռադիոֆիզիկոսները ստիպված էին ծրագրավորող դառնալ։ Նա շատ կարևոր է համարում PMI Science կենտրոնի արած ներդրումները կրթական ոլորտում, քանի որ տարեցտարի մեր երկրում գիտությամբ զբաղվել ցանկացողները պակասում են։ Նա հույս հայտնեց, որ նման ծրագրերը կօգնեն ավելի շատ երիտասարդների բերել գիտություն։
Գիտակ Տիգրան Քոչարյանը նշեց, որ PMI Science-ն այն հազվագյուտ կազմակերպություններից է, որն աջակցում է գիտնականներին և գիտության զարգացմանը, մասնավորապես՝ դրա կիրառական բաղադրիչին:
«Հուսով եմ, որ Հայաստանում այսպիսի կազմակերպությունների հիման վրա գիտությունն արագ կզարգանա և կիրառական նշանակություն կստանա», – ասաց նա։
Խոսելով այն մասին, թե որքան կարեւոր ուղերձ են իրենց մեջ կրում մագիստրոսների, ասպիրանտների և երիտասարդական գիտական խմբերի ֆինանսավորման նախագծերը, Տիգրան Քոչարյանը նշեց, որ հաճախ Հայաստանում բուհն ավարտելուց հետո երիտասարդը չի կարողանում իր գիտական գիտելիքների համար կիրառում գտնել և ստիպված տեղափոխվում է այլ ոլորտ:

Ուսանողական տարիներից կոնկրետ կազմակերպություններում հետազոտական աշխատանքներում ներգրավվելու հնարավորությունը, նրա կարծիքով, կօգնի լուծել գիտնականների զբաղվածության խնդիրը և կանխել երկրից ուղեղների հետագա արտահոսքը։
«PMI Science կենտրոնի կրթական ծրագրերն, իմ կարծիքով, շատ կարևոր են, սա ոչ թե զուտ առանձին ոլորտ է՝ ֆիզիկա, քիմիա, այլ այն, որ կենտրոնը պատրաստում է որոշակի կադրեր տարբեր բուհերում, որը շատ կարևոր է։ Ճիշտ կրթություն տալը ևս գիտություն է», - ասաց նա։
Այցի ընթացքում գիտակները ծանոթացան երկու լաբորատորիաների գործունեությանը՝ կրթական և հետազոտական: Մինչ ուսումնական լաբորատորիա մտնելը կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը հյուրերին առաջարկեց շեմն անցնելուց առաջ մտովի պատկերացնել, թե ինչ նկատի ունեն լաբորատորիա ասելով, ապա համեմատեն իրենց պատկերացրածը տեսածի հետ։
«Ինձ համար լաբորատորիան շատ գործիքներով սենյակ է, բայց այստեղ բոլորովին այլ բան կտեսնեք», - ասաց նա։
Իրոք, ուսումնական լաբորատորիայում դրված էին համակարգիչներ եւ դրանց կցված National Instruments-ի կոմպակտ համակարգեր, որոնք նախատեսված են որոշակի տեսության վերաբերյալ ուսանողներին փորձնական գիտելիք տալու համար: Դասընթացներն այստեղ անցկացվում են անվճար՝ ANEL ազգային ճարտարագիտական լաբորատորիայի հետ և PMI Science-ի գլխավոր գործընկերոջ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ:
Երկրորդ լաբորատորիան հետազոտական է, որտեղ աշխատում են և՛ PMI հետազոտողներ, և՛ դրսից գիտնականներ, ինժեներներ ու ստարտափներ: Այն հագեցած է սարքերով՝ գեներատորներ, անալիզատորներ, որոնք իրենց պարամետրերով եզակի են ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար։ Տեղում հայկական ստարտափներից մեկի մասնակիցները ներկայացրեցին «խելացի փեթակի» իրենց գաղափարը: Նախագիծը հնարավորություն կտա մշտադիտարկել փեթակները ողջ Հայաստանում, գնահատել օրվա բերքը, փեթակի «աշխատանքի» արդյունավետությունը՝ կախված տարածաշրջանից, բարձրությունից, խոնավությունից և օդի ջերմաստիճանից և այլն, ինչպես նաև տաքացնել փեթակը՝ օդի ջերմաստիճանի չնախատեսված անկման դեպքում:
Վահե Դանիելյանը հյուրերին պատմեց, որ Philip Morris International-ի գիտահետազոտական կենտրոնը Հայաստանում ընկերության թվով երեք գիտահետազոտական կենտրոններից մեկն է, որտեղ նրանք գիտելիք են արտադրում։ Նա հավելեց, որ սա ռեսուրս-կենտրոն է, որտեղ մշակվում է արտասահմանյան գիտահետազոտական կենտրոնների և մեր երկրի գիտահետազոտական ներուժի փոխգործակցության նոր մոդել։
«Մենք խոշոր կորպորացիային կապում ենք Հայաստանի գիտական ներուժի հետ և փորձում որոշակի նորամուծություններ անել՝ հիմնված հիմնարար հետազոտությունների վրա: Սա յուրահատուկ կենտրոն է։ Եթե գիտության մեջ մեր պատվերով գալիս ենք Հայաստան, ապա Հայաստանից փորձ ենք վերցնում, թե ինչպես աշխատել գիտական հանրության հետ։ Հայաստանը կենտրոն է, որտեղ մենք ուսումնասիրում ենք, գտնում ենք նոր գործիքներ, որոնք հետագայում կրկնօրինակում ենք այլ երկրներում՝ հետազոտական կամ գիտակրթական նախագծերում», - ասաց նա:
Վահե Դանիելյանը նշեց, որ PMI Science-ն արդեն 16 մլն դոլարի ներդրում է կատարել Հայաստանում, տարեկան գիտական բյուջեն կազմում է մոտ 3 մլն դոլար, և այն կարող է ավելանալ։ Կենտրոնն ունի բազմաթիվ աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են ակադեմիական կրթության մի քանի ոլորտներին, օրինակ՝ միջազգային հեղինակավոր համալսարանների հետ մագիստրոսական ծրագրերի մշակում, լավագույն ուսանողների ֆինանսավորում, ասպիրանտների աջակցման ծրագիր, ինստիտուտների և համալսարանների հետազոտական խմբերի աջակցման ծրագրեր:
Մինչ այժմ կենտրոնի աջակցման ծրագրերի շնորհիվ 120-ից ավել մագիստրատուրայի ուսանողներին շնորհվել են կրթաթոշակներ։ Ամեն տարի 10 ասպիրանտ շուրջ 370 000 ՀՀ դրամ կրթաթոշակ է ստանում, որը նրանց հնարավորություն է տալիս իրենց ուժերն ու ժամանակը տրամադրել ուսմանը և կենտրոնանալ միայն գիտության վրա։ Հայաստանի տարբեր համալսարանների և ինստիտուտների 60-ից ավել հետազոտական թիմեր ամենատարբեր ուղղություններով հետազոտական ծրագրեր իրականացնելու համար ստացել են յուրաքանչյուրը շուրջ 7 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորում:
Գործընկերական նյութ






