Արդեն մի քանի ամիս է Հայաստանի գիտական միջավայրը խոսում է մի բանի մասին, որն իրականում դեռ գոյություն չունի։ Եվ պարզ չէ, թե այս խոսակցությունների հետևում կանգնած մարդիկ ունե՞ն այն հաշվարկները, որոնց վրա հիմնված են իրենց գաղափարները։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը՝ մեկնաբանելով լուրերը, որ կառավարությունը մտադիր է ակադեմիական գիտահետազոտական ինստիտուտները բուհերին միացնել, ինչպես նաև Աշտարակում ակադեմիական քաղաք ստեղծել։

Նրա խոսքով` գիտությունն ու կրթությունը ոլորտներ են, որոնք չեն սիրում կտրուկ փոփոխություններ։ Միևնույն ժամանակ, ըստ մասնագետի, ակադեմիական քաղաքի գաղափարը շատ լավն է։ «Միգուցե համալսարանների հետ ինստիտուտների միացումը նույնպես լավ գաղափար է, չգիտեմ, քանի որ նախագիծ չկա։ Եվ մեր այսօրվա բոլոր քայլերը պետք է հիմնված լինեն ժողովրդագրական տվյալների և սեռատարիքային բուրգի վերլուծության վրա։ 2020-ի պատերազմից հետո կունենա՞նք այդքան երիտասարդներ, որոնք կդառնան ակադեմիական քաղաքի ուսանողներ։ Եթե կա նման վերլուծություն, և դա արդարացված է, ապա ես միայն ուրախ եմ, որովհետև ակադեմիկան քաղաքը լավագույն գաղափարն է, որը կարելի է իրականացնել»,- ասաց նա։

Էկոկենտրոնի տնօրենի խոսքով՝ ինքը շատ է պայքարել նախագիծը թղթի վրա տեսնելու համար, բայց այդպես էլ ոչինչ չի տեսել։ Եվ հիմա, երբ նրան խնդրում են կարծիք հայտնել այս մտքի վերաբերյալ, նա չգիտի, թե ինչ ասի, քանի որ ծանոթ չէ փաստարկներին։

«Հայաստանում երկար տարիներ որոշումներ են կայացվում անորոշության պայմաններում։ Այս դեպքում որոշման ճիշտ կամ ոչ ճիշտ լինելու հավանականությունը 50/50 է։ Ամեն տարի ինձ հարցնում էին` թույլատրե՞լ գայլերի որսը: Ամեն անգամ ես հարց էի տալիս՝ իսկ մենք գիտե՞նք գայլերի թիվը։ Ոչ։ Նշանակում է՝ ուզում եք՝ թույլ տվեք, ուզում եք՝ ոչ։ Նույնն էլ այստեղ, քանի որ ոչ մի փաստաթուղթ չկա, որը կարելի է  քննարկել․․․ Կամ այն գաղտնի է պահվում, կամ ընդհանրապես չկա։ Այո՛, ապրիորի, դա լավ գաղափար է: Բայց սա ավելի լավ է առողջ ու հարուստ լինել, քան հիվանդ ու աղքատ շարքից է»,- ասաց Լիլիթ Սահակյանը։

Մասնագետի խոսքով՝ ինստիտուտների և բուհերի միացման մասին խոսակցությունները՝ առանց կոնկրետության, Էկոենտրոնի անձնակազմի մոտ անորոշության զգացում են առաջացնում։ Բացի դրանից, Պետական գույքի կառավարման կոմիտեն «աչք է դրել» Երևանի Աբովյան փողոցում գտնվող Էկոենտրոնի շենքի վրա։ Ճիշտ է, Ակադեմիայի և Գիտության կոմիտեի, Նախարարության միասնությամբ Էկոենտրոնը կարծես հաղթահարեց առաջին փուլը, բայց հայտնի չէ, թե վաղն ինչ կարող են մտածել: Իսկ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների գիտահետազոտական կենտրոնում անձնակազմը երիտասարդ է՝ միջին տարիքը 37 տարեկան է, որը դժվարությամբ է հավաքվել, քանի որ ոչ բոլորն են ցանկանում ցածր աշխատավարձով տքնաջան աշխատել գիտության ոլորտում: Եվ եթե այս  անորոշությունը պահպանվի, անձնակազմի շատ անդամներ պարզապես կարող են գնալ աշխատելու մեկ այլ ոլորտում, որտեղ իրավիճակն ավելի կայուն է:

Գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի խոսքով՝ ինստիտուտի շենքն իր և բոլորի համար պարզապես շենք չէ. դա յուրաքանչյուրի կյանքի մեծ մասն է: Անձնակազմը տարիների ընթացքում անհավանական ջանքերով հին շենքը վերածել է աշխատանքի համար հարմար տարածքի, և այսօր նրանք հոգեպարար կապեր ունեն դրա հետ։

«Եվ հիմա պարզ չէ՝ կմնանք այստեղ, թե մեզ կտեղափոխեն։ Բայց մենք ինքներս որոշեցինք՝ այսօր մնում ենք այստեղ, և մեր գործը լավ ենք անելու։ Բայց ինձնից՝ որպես տնօրենի, դա մեծ ջանք է պահանջում, գիտությամբ զբաղվելու փոխարեն անընդհատ զբաղված եմ ինչ-որ այլ հարցերով։ Ես միշտ ինչ-որ պայքարի մեջ եմ՝ ապացուցելով, որ մեր գոյությունը կարևոր է, որ մենք արդյունավետ ենք։ Ինչո՞ւ։ Եթե կառավարությունն արդեն որոշում ունի, թող ազնվորեն հայտարարի, որ անձնակազմն իմանա, թե ինչ է սպասվում։ Ի վերջո, մեր հիմնադիրը կառավարությունն է, և նա կարող է մեզ լուծարել։ Թող նա տրամաբանական հիմնավորումներով որոշում կայացնի, որ Հայաստանին Ակադեմիան այլևս «պետք չէ», որ Ակադեմիան ու ինստիտուտներն են «մեղավոր» այն բազմաթիվ խնդիրների համար, որ կան Հայաստանում գիտության մեջ»,- ասաց Լիլիթ Սահակյանը։

Նա կարծում է, որ ակադեմիայում էլ շատ խնդիրներ կան, և այդ մասին բացահայտ խոսում են հենց իրենք՝ գիտնականները, բայց սա ազգային կառույց է, որը գոյություն ունի արդեն 80 տարի։ Եթե դա անձերի խնդիր է, ապա այն կարելի է լուծել: Եթե խնդիրը կառուցվածքի մեջ է, ապա կարելի է հասկանալ, թե որն է խնդիրը և միասին փորձել լուծում տալ խնդրին։ Ամեն դեպքում, նրա կարծիքով, Ակադեմիային պետք է ժամանակ տալ իր խնդիրները լուծելու համար, քանզի եթե Հայաստանում գիտության մեջ մի բան պահպանվել է, ապա ԳԱԱ ինստիտուտներում է պահպանվել։ Դրա համար էլ ուզում են դրանք միացնել բուհերի հետ։ Մի կողմից ասում են, որ ակադեմիական հաստատությունները լավը չեն, մյուս կողմից ուզում են կցել բուհերին, որ բարձրացնեն բուհերի վարկանիշը։

«ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանն այս խոսակցությունների վերաբերյալ իմ հարցը անպատասխան մնաց։ Լավ, որոշում ենք, որ ուզում ենք լավ կրթություն ունենալ։ Մենք էլ ենք ուզում։ Այդ անգրագետ ուսանողները հետո գալիս են մեզ մոտ աշխատելու։ Ենթադրենք այս միացումը լավ գաղափար է, բայց ի՞նչ կստանան գիտական կազմակերպությունները դրանից։ Ես հիմնավոր պատասխան չստացա, բացի ուսանողների հոսքը, որը, ի դեպ, մենք հիմա էլ ունենք», - ասաց գիտահետազոտական կենտրոնի տնօրենը՝ հավելելով, որ գիտնականների շրջանում հարցում չի եղել, թե ինչ են նրանք մտածում այս մասին։

Բացի դրանից, պարզ չէ, թե կա՞ն արդյոք լուրջ ուսումնասիրություններ, թե քանի գիտնական կհամաձայնի տեղափոխվել Աշտարակ, քանի որ նրանք Երևանում ունեն տներ, ընտանիքներ, տարբեր հանգամանքներ կան։ «Աշտարակում պետք է լուրջ ենթակառուցվածքներ ստեղծվեն, և սա տարիների աշխատանք է։ Աստված տա, որ դա տեղի ունենա, և թող ես լինեմ չցանկացողը: Ես կուզենայի, որ իմ երեխան, երբ մեծանա, սովորի ակադեմիական քաղաքում։ Բայց ինչ գնով և կլինի՞ արդյոք դա»,- հարց ուղղեց նա:

Լիլիթ Սահակյանը կարծում է, որ կոնկրետ նախագծերի շրջանակում հնարավոր է սկսել գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի ինտեգրման որոշակի գործընթաց։ Օրինակ՝ առաջարկ կա, որ Գիտության կոմիտեն հայտարարի դրամաշնորհային ծրագիր՝ պարտադիր պայմանով, որ դրան համատեղ մասնակցեն գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի աշխատակիցները։ Ակադեմիան նույնպես առաջարկել է մոդել, որում այն կդառնա կապող օղակ համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների և արտադրության միջև:

«Գիտությունը, որը մենք երկար տարիներ զարգացնում էինք ինչպես կարող էինք, առանց պատշաճ ֆինանսավորման, «Զապորոժեց» է: Եվ հիմա, որոշակի գումար ներդնելով դրա մեջ, մենք ցանկանում ենք, որ այն զարգացնի «Մերսեդեսի» արագություն։ Ինչքան ուզում ես բարձրացրու վարորդի աշխատավարձը, փող դիր ուղևորների գրպանը, քո վարած մեքենան «Զապորոժեց» է։ Գիտության մեջ ներդրումները պահանջում են երկար տարիներ, և ներդրումների ազդեցությունը նույնպես կարելի է ստանալ միայն երկար տարիներ անց։ Եվ այս ոլորտում բոլոր գործողությունները պետք է լավ կշռադատված լինեն, և ժամանակ է պետք»,- նշեց նա։

Տնօրենն առանձնացրեց մեկ այլ խնդիր՝ կապված գիտահետազոտական ինստիտուտների ու բուհերի միավորման հետ։ Նրանք ունեն տարբեր իրավական կարգավիճակ. գիտահետազոտական ինստիտուտները ՊՈԱԿ են, որոնք մեծ ազատություն ունեն իրենց գործողություններում, իսկ համալսարանները ղեկավարվում են հիմնադրամների կողմից: Եվ պարզ չէ՝ բուհերին միանալու դեպքում կհաջողվի՞ պահպանել ինստիտուտների անկախությունը։

«Այսօր ԳԱԱ նախագահությունը գործնականում ազդեցության լծակներ չունի գիտահետազոտական ինստիտուտի՝ իմ կառավարման վրա։ Եվ ես եմ որոշում կայացնում՝ ելնելով մեր իրողություններից։ Սա ակադեմիայի դրական կողմերից մեկն է։ Երկրորդ դրական կողմն այն է, որ գիտությունն ապաքաղաքական է, ինչը չի կարելի ասել բուհերի մասին»,- նշեց նա։

Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնն այս տարի նշում է հիմնադրման 30-ամյակը և հիմնադրի՝  դոկտոր պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակը։ Էկոենտրոնը ստեղծման օրից զբաղվում է էկոլոգիայի, շրջակա միջավայրի, սննդի անվտանգության, գյուղատնտեսական հիմնախնդիրներով՝ կիրառելով դիտարկման նորագույն տեխնոլոգիաներ՝ անօդաչու թռչող սարքերի և արբանյակների տվյալների և մեքենայական ուսուցման օգտագործմամբ:

«Էկոենտրոնը եզակի է նրանով, որ զբաղվում է միջգիտակարգային հետազոտություններով։ Այստեղ աշխատում են կենսաբաններ, երկրաբաններ,  աշխարհագրագետներ, սննդաբաններ, քիմիկոսներ, տեխնոլոգներ։ Շրջակա միջավայրի գիտությունները ներառում են այն ամենը, ինչ կապված է բնության և հասարակության փոխհարաբերությունների հետ: Եթե բնապահպանները փրկում են մոլորակը, ու պարզ չէ, թե ինչից, ապա շրջակա միջավայրի գիտնականները փրկում են մարդկությանը, որպեսզի մարդը հասկանա, թե ինչպես պետք է գոյություն ունենալ բնության օրենքներով, որպեսզի ի վերջո ինքն իրեն չվնասի»,- ասաց Լիլիթ Սահակյանը։

Էկոենտրոնի աշխատակիցները բացահայտում են մեր երկրի տարբեր մարզերի երկրաքիմիական, ռադիոէկոլոգիական առանձնահատկությունները, գնահատում գյուղատնտեսական նշանակության հողահանդակների վիճակը։ «Երկար տարիների մեր հետազոտությունները ցույց են տվել, որ, ցավոք, Հայաստանում շրջակա միջավայրի աղտոտվածության հիմնախնդիրները վերածվել են սննդային անվտանգության և առողջական ռիսկեր պարունակող խնդիրների, այսինքն՝ այդ աղտոտիչները հողից, ջրից, օդից հայտնվում են մեր սեղանին։ Եվ կենտրոնը զբաղվում է նաև սննդային և այսօր արդեն պարենային անվտանգության խնդիրներով»,- ասաց նա՝ հավելելով, որ կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում նաև գիտական դպրոցի ստեղծմանը և գիտելիքների փոխանցմանը։