iPhone-ի վաճառքը նվազել է 8%-ով, Mac-ինը՝ 30%-ով. ինչո՞ւ են Apple-ում խնդիրներ ծագել

17:30    3 փետրվարի, 2023

Վերջին տարիներին Apple-ի գործերը բավականին լավ էին ընթանում, սակայն այժմ, 2023 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով, որն ավարտվում է դեկտեմբերի 31-ին, ընկերության հասույթը նվազել է 5%-ով։ 2019 թ. երկրորդ եռամսյակից ի վեր նման բան առաջին անգամ է տեղի ունենում։ Ընկերության բաժնետոմսերն էժանացել են 4%-ով։

Ընկերության հասույթը նախորդ եռամսյակում կազմել է 117,2 մլրդ դոլար, ինչը 5,49%-ով պակաս է նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ և մի քանի միլիարդով պակաս, քան կանխատեսում էին վերլուծաբանները (121,1 մլրդ դոլար): Մեկ բաժնետոմսի մասով շահույթը կազմել է 1,88 դոլար՝ տարեկան կտրվածքով նվազելով 10,9%-ով:

Խնդիրների հիմնական պատճառը, որոնց ընկերությունը բախվել է, համարվում է Չինաստանում կարանտինային միջոցառումների պատճառով iPhone-ի վաճառքի անկումը։ Այնուամենայնիվ, այլ գործոններ նույնպես իրենց դերն են խաղացել, այդ թվում՝ դոլարի ուժեղացումը և ընդհանուր մակրոտնտեսական գործոնները։

Reuters-ին տված հարցազրույցում Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկն ասել է, որ արգելափակումների պատճառով Չինաստանի Չժենչժոու գործարանում iPhone 14 Pro-ի և Pro Max-ի արտադրության խափանումները «շարունակվել են դեկտեմբերի մեծ մասը», բայց «այժմ արտադրությունը վերադարձել է այնտեղ, որտեղ մենք ենք ցանկանում»։ Ըստ նրա՝ արգելափակումները ոչ միայն խանգարել են սմարթֆոնների արտադրությանը, այլև հանգեցրել են Չինաստանում դրանց պահանջարկի անկմանը. այս երկրում վաճառքը նվազել է 7%-ով՝ հասնելով 23,9 մլրդ դոլարի։ iPhone-ի, ինչպես նաև Apple-ի կողմից արտադրվող այլ սարքերի վաճառքի վրա բացասաբար է ազդել նաև մակրոտնտեսական բարդ իրավիճակն աշխարհում։

iPhone-ի վաճառքի վրա կարող էր ազդել նաև այն փաստը, որ այսօր շուկայում կարելի է գտնել լավ սմարթֆոններ, որոնք առաջարկում են լավ հնարավորություններ ավելի ցածր գնով: Ամբողջ աշխարհում տնտեսական խնդիրների ֆոնին շատ օգտատերերը կարող են սկսել նախապատվությունը տալ հենց այդպիսի սարքերին:

Բացի դրանից, օգտատերերին առանձնապես դուր չեն եկել iPhone 14 շարքի որոշ մոդելներ. շատ գնորդներ դժգոհում են այս սմարթֆոնների հետ կապված մի շարք խնդիրներից, ավելին, դրանց բնութագրերը նաև այդքան էլ մրցունակ չեն և քիչ են տարբերվում անցյալ տարվա մոդելներից: Օրինակ՝ iPhone 14 Plus-ի վաճառքը գրեթե զրոյական է։

Ընկերության հաշվետվության համաձայն՝ iPhone-ների վաճառքից նախորդ եռամսյակում ստացվել է 65,8 մլրդ դոլարի հասույթ՝ նախորդ տարվա համեմատ 8%-ով պակաս: Միևնույն ժամանակ, վերլուծաբաններն ակնկալում էին, որ սմարթֆոնների հասույթը կկազմի 68,3 մլրդ դոլար:

Apple-ի այլ սարքերի վաճառքը նույնպես նվազել է. կրելի սարքերի և այլ սարքերի վաճառքից վերջին եռամսյակում ստացվել 13,48 մլրդ դոլարի հասույթ՝ 8,35-ով պակաս, քան նախորդ տարի, և կրկին ավելի քիչ, քան վերլուծաբանների կանխատեսումներն էին (15,23 մլրդ դոլար):

Նախորդ եռամսյակում Mac համակարգիչների վաճառքը նույնիսկ ավելի շատ է նվազել, քան iPhone-ի վաճառքը, ընդ որում Mac-երից ստացված հասույթը կազմել է ընդամենը 7,74 մլրդ դոլար, ինչը 28,66%-ով պակաս է անցյալ տարվա համեմատ և զգալիորեն պակաս է վերլուծաբանների կանխատեսումներից՝ 9,6 մլրդ դոլար: Մյուս կողմից, Mac-ի վաճառքի անկումը սպասելի էր․ նախորդ տարի համաճարակի ֆոնին վաճառքներն աճեցին, քանի որ շատերը սկսեցին հեռավար աշխատել։

Ի տարբերություն iPhone-ի և Mac-ի, iPad-ն անցյալ եռամսյակում լավ ցուցանիշներ է ունեցել․ դրանց վաճառքն աճել է 29,66%-ով՝ հասնելով 9,4 մլրդ դոլարի և նույնիսկ գերազանցելով վերլուծաբանների 7,76 մլրդ դոլարի կանխատեսումները: Փորձագետներն այս աճը կապում են նոր մոդելների թողարկման հետ, որոնք, ըստ ամենայնի, դուր են եկել սպառողներին։

Ըստ հաշվետվության՝ ծառայությունների սեգմենտում Apple-ի գործերը վատ չեն. այս սեգմենտը, որը ներառում է Apple Music և Apple TV+ հոսքային աուդիո և վիդեո ծառայություններ, հավելվածերի App Store խանութը, Apple Pay վճարային ծառայությունը, iCloud ամպային ծառայությունը և այլ ծառայություններ, տարեկան կտրվածքով աճել է 6%-ով՝ հասնելով 20,8 մլրդ դոլարի, ինչը նույնիսկ մի փոքր ավելի է, քան վերլուծաբաններն ակնկալում էին (20,7 մլրդ դոլար):

Նշենք, որ, ի տարբերություն ՏՏ ոլորտի շատ այլ ընկերությունների, Apple-ը չի հայտարարել աշխատակիցների զանգվածային կրճատումների մասին: Այնուամենայնիվ, ընկերությունը դանդաղեցրել է նոր աշխատողների աշխատանքի ընդունման գործընթացը և կրճատում է ծախսերը: 



© NEWS.am Medicine