Հաքերները կոտրել են T-Mobile-ի ցանցը և 37 մլն հաճախորդի տվյալներ գողացել

17:44    20 հունվարի, 2023

ԱՄՆ-ում բջջային կապի օպերատոր T-Mobile-ը հայտարարել է, որ ընկերության ցանցը հաքերային հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով չարագործները 37 մլն բաժանորդի տվյալներ են գողացել։

Ընկերությունը պարզաբանել է, որ 2022-ի նոյեմբերին տեղի ունեցած հարձակման ժամանակ չարագործները գողացել են հաճախորդների տվյալները, որոնք ներառում են անուններ, վճարային և էլփոստի հասցեներ, հեռախոսահամարներ, ծննդյան տարեթվեր, T-Mobile հաշվի համարներ և տեղեկություն, որը նկարագրում է բջջային կապի օպերատորի հետ ունեցած ծառայության տեսակը:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, այդուհանդերձ, T-Mobile-ը հայտնել է, որ հաքերային հարձակման ընթացքում չեն բացահայտվել հաճախորդների սոցիալական ապահովության համարները, վարկային քարտերի տեղեկությունները, պետական ​​ID համարները, գաղտնաբառերը, PIN կոդերը կամ ֆինանսական տեղեկություններ:

Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի՝ չարագործները կարող են այդ տեղեկությունները համակցել գողացված կամ հանրային այլ տեղեկությունների հետ մարդկանց ինքնությունը կամ գումարները գողանալու համար: T-Mobile-ը հայտնել է, որ աշխատում է իրավապահ մարմինների հետ և սկսել է տեղեկացնել այն հաճախորդներին, որոնց մասին տվյալները կարող են գողացված լինել։

Ինչպես է T-Mobile-ը շտկելու իրավիճակը

Բջջային կապի օպերատորը չի մանրամասնել, թե ինչ կարող է անել իրավիճակը շտկելու համար: Ընկերությունը միայն նշել է, որ գուցե ստիպված լինի «զգալի ծախսեր» անել հաքերային հարձակման պատճառով, թեև չի ակնկալում, որ այդ ծախսերը էական ազդեցություն կունենան ընկերության շահույթի վրա։

Ընկերությունը նաև ասել է, որ հաքերային հարձակման մասին տեղեկանալուց հետո կիբերանվտանգության թիմ է վարձել միջադեպը հետաքննելու համար, որը կարողացել է հայտնաբերել հարձակման աղբյուրը և մեկ օր անց դադարեցրել է այն։

«Մեր հաճախորդների տվյալների պաշտպանությունը մնում է առաջնահերթություն։ Մենք կշարունակենք էական ներդրումներ կատարել մեր կիբերանվտանգության ծրագրի ամրապնդման համար»,- հայտարարել է T-Mobile-ը՝ հավելելով, որ ընկերությունը 2021 թ․ սկսել է «զգալի, բազմամյա ներդրում» կատարել իր կիբերանվտանգության հնարավորություններն ու պաշտպանությունը բարելավելու համար։   

T-Mobile-ը ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ 110 միլիոնից ավելի բաժանորդ ունի։

Այլ հարձակումներ ԱՄՆ-ում

Օրերս ռուս և բելառուս հաքերները հայտարարել էին, որ կոտրել են ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության համակարգը և 198 մլն տող տվյալ գողացել։ Killnet ռուսամետ հաքերային խմբի ղեկավարը (հայտնի է Killmilk անունով) հայտարարել էր, որ հարձակմանը մասնակցել էին Killnet-ի հաքերները և բելառուսական Infinity Hackers BY ասոցիացիայի աջակիցները։

Հաքերները հայտարարել էին, որ կհրապարակեն ԱՄՆ հարկային ծառայության տվյալների բազայից գողացված 198 միլիոն տող տվյալները, եթե ԱՄՆ-ը ևս մեկ քայլ կատարի դեպի Ռուսաստանի և Բելառուսի «եղբայրական ժողովուրդների սահմանները»:

ԱՄՆ հարկային ծառայության ներքին տվյալների բազայի նկատմամբ հասանելիություն հաքերներն ստացել էին ամերիկյան պետական ​​գործակալության լոգիստիկ ծառայությունների աշխատակցի կորպորատիվ ցանցի միջոցով։ Նշված աշխատակիցը ֆիշինգի զոհ է դարձել, երբ համացանցում պոռնոֆիլմ դիտելու ժամանակ սեղմել է վնասակար հիպերլինքի վրա։ 



© NEWS.am Medicine