Artemis 1 առաքելության ընթացքում Orion տիեզերանավը խորը տիեզերքից նկարել է Երկիրն ու Լուսինը

19:26    29 նոյեմբերի, 2022

Orion տիեզերանավը Artemis 1 անօդաչու առաքելության շրջանակում Լուսնի հեռավոր ռետրոգրադային ուղեծրով թռչելիս նկարահանել է Երկիրը և Լուսինը: Տեսանյութում երևում է տիեզերանավի մի մասը, իսկ հեռվում՝ Երկիրը և նրա արբանյակը՝ Լուսինը:

Ըստ Space.com-ի՝ NASA-ն ցուցադրել է տեսանյութեր, որոնք Orion-ը նկարահանել է նոյեմբերի 28-ին Երկրից 435 000 կիլոմետր հեռավորության վրա գտնվելու ժամանակ։ Orion-ը թռնում է հեռավոր լուսնային ռետրոգրադային ուղեծրով, ինչը նշանակում է, որ այն բավականին հեռու է Լուսնից և պտտվում է Երկրի շուրջ Լուսնի ուղեծրի հակառակ ուղղությամբ։

Orion-ի թռիչքին դեպի Լուսին կարելի է իրական ժամանակում հետևել IBM-ի ուղիղ հեռարձակմամբ, որը ցուցադրում է Orion-ի տեսախցիկներից ստացված կադրերը:

Այս առաքելության լուսանկարներն ու տեսանյութերն անհրաժեշտ են ոչ միայն ոգեշնչման համար. դրանցից ստացված տեղեկատվությունը անհրաժեշտ է Artemis-ի հետագա առաքելությունները կազմակերպելու համար։ Artemis 2-ը նախատեսված է 2024 թ․, այն տիեզերագնացներին կհասցնի Լուսնի ուղեծիր՝ առանց Լուսնի մակերեսին վայրէջք կատարելու։ Իսկ ահա 2025 թ․, եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, կսկսվի Artemis 3 առաքելությունը, որի ընթացքում տիեզերագնացները վերջապես կկարողանան վայրէջք կատարել Լուսնի մակերեսին։

Հիշեցնենք, որ Artemis 1 առաքելությունը հաջողությամբ մեկնարկել է նոյեմբերի 16-ին. դրա շրջանակում Orion տիեզերանավը տիեզերք է դուրս բերվել SLS գերծանր հրթիռի միջոցով: Նոյեմբերի 21-ին Orion-ն արել է Լուսնի առաջին տեսագրությունը և նույն օրը մտել դրա ուղեծիր և առավելագույնս մոտեցել Լուսնի մակերեսին՝ 130 կմ հեռավորության վրա։ Հետո տիեզերանավը որոշ ժամանակ գտնվել է Լուսնի հակառակ կողմում, և կապը Երկրի հետ, ինչպես և սպասվում էր, մի պահ կորել է, ապա կրկին վերականգնվել։

Առաքելության ընթացքում Orion-ը նաև Լուսնի մակերեսի գեղեցիկ լուսանկարներ է արել։

Artemis 1 առաքելությունն այժմ դեռ շարունակվում է։ Սպասվում է, որ տիեզերանավը Երկիր կվերադառնա դեկտեմբերի 11-ին և վայրէջք կկատարի Խաղաղ օվկիանոսում:

 



© NEWS.am Medicine