Երկարատև անկումից հետո Հայաստանում համակարգիչների պահանջարկը կտրուկ աճել է. ի՞նչ է կատարվում աշխարհում

18:53    24 նոյեմբերի, 2022

Անհատական ​​համակարգիչների համաշխարհային շուկայի անկման ֆոնին Հայաստանում ընդհակառակը, այս ապրանքի նկատմամբ պահանջարկի աճ է նկատվում, NEWS.am Tech-ին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից։

Եթե 2020 թ․ առաջին վեց ամիսներին Հայաստան է ներկրվել 151,100 համակարգիչ՝ 22,2 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, ապա 2021 թ․ նույն ժամանակահատվածում ներմուծվել է 179,200 համակարգիչ՝ ավելի քան 22,5 մլն դոլար արժողությամբ։ Սակայն այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան արդեն ներկրվել է 249,600 համակարգիչ՝ 54,4 մլն դոլար արժողությամբ։

Այսինքն՝ թե՛ քանակական, թե՛ գումարային առումով վերջին երեք տարիների ընթացքում անհատական ​​համակարգիչների պահանջարկի աճ է գրանցվում։

NEWS.am Tech-ի տվյալներով՝ 2022 թ․, նախորդ տարվա համեմատ, համակարգիչների ներկրումը քանակական առումով աճել է գրեթե 1,4 անգամ (ավելացել է 40%-ով), իսկ 2020 թ․ համեմատ՝ գրեթե 1,7 անգամ (աճը՝ 65%)։

Հատկանշական է, որ 2022 թ․ առաջին վեց ամիսների ներկրման ցուցանիշը քանակական առումով փոքր-ինչ զիջում է 10 տարի առաջվա ցուցանիշին. 2012 թ․ ընթացքում Հայաստան է ներկրվել մոտ 300,000 համակարգիչ։ Ընդ որում, 2012-ին 2011-ի համեմատ (406,000 համակարգիչ) գրանցվել է ներմուծման գրեթե 30% անկում։

Միևնույն ժամանակ, 10 տարվա ընթացքում անհատական ​​համակարգիչների ներկրման ծախսերը կրկնապատկվել են։ Եթե ​​2011 թ․ 406,000 համակարգիչների արժեցել է 27 միլիոն դոլար, ապա այս տարվա առաջին վեց ամսում ներկրված 249,600 համակարգչի և բլոկների համար վճարել է 54,4 միլիոն դոլար։

Ինչպիսին է պատկերն աշխարհում

Վերջին ամիսներին աշխարհում անհատական ​​համակարգիչների պահանջարկը զգալիորեն նվազել է և շարունակում է նվազել:

Փորձագետների կարծիքով՝ 2022 թ․ երրորդ եռամսյակում անհատական ​​համակարգիչների համաշխարհային շուկան վերջին տասնամյակում գրանցել է աննախադեպ 20% անկում՝ 2021 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը կարելի է բացատրել գնաճով և համաշխարհային տնտեսության թուլացմամբ։ Միաժամանակ շատ փորձագետներ կարծում են, որ մոտ ապագայում իրավիճակը դժվար թե բարելավվի։

Համաշխարհային շուկայում վերջին 10 տարիների ընթացքում ամենազգալի անկումը գրանցվել է 2015 թ., վաճառքներն այնուհետև նվազել են 10,4%-ով։ Իսկ 2021 թ․ գրանցվել է 15% աճ՝ լավագույն արդյունքը վերջին 10 տարվա ընթացքում։

Շատ փորձագետների կարծիքով՝ 2024-ից շուտ չարժե սպասել շուկայի վերականգնմանը։ 2023 թ․ համակարգիչների և պլանշետների շուկան կշարունակի անկում ապրել՝ ընդհանուր առմամբ մոտ 2,6%-ով: Բայց նույնիսկ 2024 թ․ դրական մեծ փոփոխություններ չարժե սպասել։

Արդյո՞ք Arm նոութբուքները ամեն դեպքում պոպուլյար են

Չնայած անհատական ​​համակարգիչների և նոութբուքների հետ կապված բարդ իրավիճակին, Arm պրոցեսորներով նոութբուքների շուկան մինչև 2023 թ․ 2020-ի համեմատ կարող է աճել 10 անգամ։

Փորձագետների գնահատմամբ՝ մինչև 2023 թ․ Arm պրոցեսորային ճարտարապետությամբ կառուցված նոութբուքները կարող են գրավել շարժական համակարգիչների շուկայի 13,9%-ը։ Համեմատության համար նշենք, որ 2020 թ․ այս ցուցանիշը կազմել է ընդամենը 1,4 տոկոս։

Այսպիսի նոութբուքների նկատմամբ հետաքրքրության աճին կարող էին նպաստել մի քանի գործոններ։ Նախ՝ համաճարակի ժամանակ սահմանափակումների պատճառով մարդիկ ավելի շատ էին հետաքրքրվում դյուրակիր համակարգիչներով։ Երկրորդ՝ այս շուկայում Intel-ի մասնաբաժնի անկումը նույնպես կարող էր դեր խաղալ։ Երրորդ՝ կարող էր ազդել նաև փաստը, որ Apple-ի ժամանակակից նոութբուքները նույնպես հիմնված են Arm չիպերի վրա, թեև իրենց դիզայնով:

Ավելին, փորձագետների կարծիքով՝ Arm պրոցեսորների բազայի վրա հավաքված նոութբուքների հետ կապված իրավիճակը կարող էր էլ ավելի լավ լինել, եթե անհատական համակարգիչների շուկան սահմանափակված չլիներ մի շարք մակրոտնտեսական գործոններով՝ կորոնավիրուսային համաճարակից հետո վաճառքների անկում, ՏՏ շուկայի ընդհանուր անկում և ապարատային լուծումների պահանջարկի նվազում:



© NEWS.am Medicine