Արդյո՞ք Apple-ը ցանկանում է ստեղծել իր սեփական մետավերսը և VR սարքը

10:15    15 նոյեմբերի, 2022

Apple-ը նախատեսում է ստեղծել իր սեփական մետավերսը՝ վիրտուալ իրականության (VR) հատուկ սարքի հետ միասին: Այսպես, համենայնդեպս, կարծում Bloomberg-ի խմբագիր Մարկ Գուրմանը, որը հազվադեպ է սխալվում նման հարցերում։

Ամենշաբաթյա լրատվական հաղորդման ժամանակ նա նշել է, որ Apple-ն արդեն մշակել է օպերացիոն համակարգի առաջին տարբերակը՝ Oak ծածկանունով, առաջիկա VR սարքի համար: Օպերացիոն համակարգի թողարկվելիք տարբերակը, ըստ լրագրողի, պատրաստ կլինի հաջորդ տարի։

Վերջին ամիսներին Apple-ն սկսել է աշխատանքի ընդունել լրացված իրականության (AR) և վիրտուալ իրականության (VR) մասնագետների: Մասնավորապես, ընկերությունը հետաքրքրված է խաղային ծառայությունների մշակողներով և վիզուալ էֆեկտների դիզայներներով, ինչպես նաև iOS հավելվածների ինտեգրման մասնագետներով։ Գուրմանի խոսքով՝ այս ամենը նույնպես վկայում է այն մասին, որ ընկերությունն աշխատում է սեփական մետավերսի վրա։

Ըստ 9to5mac.com պարբերականի՝ Apple-ը վերջերս նաև փորձառու ինժեներներ է այլ բաժիններից տեղափոխում վիրտուալ իրականության թիմ: Նրանցից մեկը Յանիվ Գուրն է՝ Apple-ում 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող տեխնիկական հարցերով տնօրենը, որը մինչև վերջերս ղեկավարում էր iWork հավելվածների գրասենյակային փաթեթի մշակման աշխատանքները։

Apple-ը նաև վարձել է Դեյվ Սքոթին, որը մինչև 2021 թ․ եղել է Project Titan ինքնակառավարվող ավտոմեքենաների մշակման թիմի ավագ մենեջերը։ Այնուհետև նա հեռացավ Apple-ից և սկսեց աշխատել առողջապահության ոլորտում գործող ստարտափում, և նրա այս փորձը փորձագետներին ստիպում է ենթադրել, որ Apple-ի նոր VR սարքը կունենա նաև առողջության հետ կապված գործառույթներ։

Ակնկալվում է, որ Apple-ը վիրտուալ իրականության իր նոր սարքը կներկայացնի 2023 թ․։ Ճիշտ է, այն, ամենայն հավանականությամբ, շատ թանկ կարժենա, և դրա առաջին տարբերակը նախատեսված կլինի ոչ թե սպառողական շուկայի, այլ ծրագրավորողների և մասնագետների համար։

Իսկ ինչպիսի՞ն կլինի Apple-ի մետավերսը: Ի՞նչ է այն օգտատերերին առաջարկելու: Սա դեռ դժվար է պատկերացնել: Հատկապես, որ մետավերս ստեղծելու Meta ընկերության փորձը դժվար է հաջողված համարել։  

Horizon Worlds-ը՝ Ցուկերբերգի և նրա Meta Platforms ընկերության առաջատար նախագիծը, չի արդարացնում մշակողների սպասելիքները. օգտատերերին այն չի հետաքրքրում։ Ավելին, նույնիսկ ընկերության աշխատակիցներն իրենք գրեթե չեն օգտվում դրանից։

Այնուամենայնիվ, տեսականորեն Apple-ը հնարավորություն ունի հաշվի առնել մրցակցի թույլ տված բոլոր սխալները և օգտատերերին ներկայացնել իսկապես հետաքրքիր մետավերս:



© NEWS.am Medicine