«Շարունակեք բողոքել, բայց դա կարժենա 8 դոլար». Մասկը որոշել Twitter-ում Blue բաժանորդագրության նոր գինը

10:10    2 նոյեմբերի, 2022

Twitter-ում վերիֆիկացված՝ Blue օգտահաշիվ ունենալու ամսական բաժանորդագրությունը կթանկանա և կդառնա 8 ԱՄՆ դոլար։ Այսպես է որոշել միլիարդատեր Իլոն Մասկը, որը վերջերս է դարձել Twitter-ի՝ առայժմ միանձնյա ղեկավարող գործադիր տնօրենը։

Ի սկզբանե Blue բաժանորդագրությունն արժեր 5 դոլար, սակայն ենթադրվում էր, որ գինը պետք է բարձրացվի մինչև 19,99 դոլար ամսական: Այս ֆոնին 8 դոլարը ավելի խելամիտ գին է թվում:

Մասկի խոսքով՝ այս որոշումը կօգնի քանդել «Twitter-ում լորդերի և գյուղացիների ներկայիս համակարգը», որը, ըստ երևույթին, չի համապատասխանում այս հարթակի ապագա զարգացման մասին նրա պատկերացումներին։ Ըստ երևույթին, նա նկատի ուներ, որ այժմ կապույտ ստուգանիշը հասանելի կլինի ոչ միայն պոպուլյար օգտատերերի և հայտնիների սահմանափակ շրջանակին, ինչպես նախկինում էր։

Շատ օգտատերեր քննադատել են Մասկի որոշումը, թեև որոշ հայտնի գործիչներ, այդ թվում՝ Մարկես Բրաունլին (YouTube-ում՝ MKBHD), աջակցել են նրան։

Վերահաստատելով իր դիրքորոշումը՝ Մասկը Twitter-ում գրել է. «Բոլոր բողոքողներին, խնդրեմ շարունակեք բողոքել, բայց դա կարժենա 8 դոլար»: Ավելի ուշ նա ավելացրել է. «Twitter-ը խոսում է մեր բոլորի ներքին մազոխիստի հետ»:

Նրա խոսքով՝ բաժանորդագրության գինը կարող է ճշգրտվել՝ կախված երկրից և օգտատերերի գնողունակությունից։

Նա հավելել է, որ, ի լրումն կապույտ ստուգանիշի, նոր 8 դոլարանոց բաժանորդագրությունը կտրամադրի հետևյալ առավելությունները.

Twitter-ում հասարակական գործիչները կկարողանան ստանալ «երկրորդական պիտակ», որն այժմ օգտագործվում է քաղաքական գործիչների համար։ Սա կօգնի վիզուալ մակարդակում տարբերել հայտնի օգտահաշիվները այլ օգտահաշիվներից։

Մասկը նաև գրել է, որ եթե պարզվի, որ տվյալ օգտահաշիվը բոտ է կամ կեղծ, այն կջնջվի՝ առանց վերականգնելու հնարավորության, նույնիսկ եթե տվյալ օգտահաշվին ունի վճարովի բաժանորդագրություն։ Սակայն ավելի ուշ նա ջնջել է գրառումը։

Հիշեցնենք, որ 2022 թ․ հոկտեմբերի 28-ին Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով պաշտոնապես գնեց Twitter-ը և Twitter-ում գրառում արեց՝ «թռչունն ազատ է» (The bird is freed)։ Նա անմիջապես հեռացրեց ընկերության ողջ ղեկավարությանը և աշխատակիցներին կարգադրեց փոխել սոցցանցի գլխավոր էջը, իսկ մինչև նոյեմբերի 7-ը վերիֆիկացված էջերի Twitter Blue բաժանորդագրության ամսական վճարը 5 դոլարից բարձրացնել 19․99-ի: 



© NEWS.am Medicine