Ի՞նչ նոր խաղեր են մեզ ցուցադրել PlayStation State of Play 2022-ում

12:33    15 սեպտեմբերի, 2022

Tekken 8, Rise of the Ronin, Pacific Drive... եւ սա դեռ բոլոր հետաքրքիր խաղերը չեն, որոնք մեզ ցուցադրել են սեպտեմբերյան PlayStation State of Play-ի ժամանակ:

Տեսնենք, թե ինչ է այս պահին հայտնի այս խաղերի մասին:

Tekken 8. պաշտոնական ազդարարում եւ թրեյլեր

Tekken 8 մարտական խաղի թրեյլերը մեզ ցույց տվեց հերոսների, որոնք պայքարում են անձրեւի տակ թեժ մարտում: Հոլովակը, որը տեսագրվել է PlayStation 5-ում՝ վայրկյանում 60 կադր արագությամբ, ցուցադրում է մի հատված սյուժետային ռեժիմից, եւ դրանով կարելի է գնահատել կերպարների մոդելների եւ շրջակա աշխարհի մշակման մակարդակը: Տեսանյութը շատ-շատ տպավորիչ է, եւ դա պատահական չէ՝ մշակողները խոստացել են ստեղծել մարտական խաղերի ժանրի «տեսողականորեն ամենահիասքանչ եւ մթնոլորտային խաղերից մեկը»:

Խաղն առայժմ հայտարարվել է միայն PlayStation 5-ի համար, սակայն սպասվում է, որ հասանելի կլինի նաեւ Xbox Series X|S-ում, ինչպես նաեւ համակարգչում՝ Steam-ի միջոցով:

Rise of the Ronin. Սամուրայական խաղ՝ բաց աշխարհում

Team Ninja-ն ազդարարել է Rise of the Ronin անվանումով նոր action-RPG-ի մասին՝ բաց աշխարհում: Թրեյլերը ցույց է տալիս խաղային աշխարհը Ճապոնիայի արդիականացման շրջանում, հիանալի գրաֆիկա եւ տպավորիչ կերպարներ:

Խաղի իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջին՝ Էդոյի (լայնորեն տարածված է որպես «Բակումացու») 300-ամյա լեգենդար ժամանակաշրջանի ավարտից անմիջապես առաջ։ Մենք պետք է խաղանք Ռոնինի՝ առանց տիրոջ ազատ մարտիկի դերը, որը ուղեւորվում է էպիկական ճամփորդության՝ կանգնեցնելու այն քաոսը, որի մեջ երկիրն ընկղմվել է համաճարակների, արեւմտյան ազդեցության, քաղաքացիական պատերազմների եւ բռնակալ կառավարիչների պատճառով:

Հավանաբար խաղը լուրջ մրցակից կդառնա Assassin's Creed: Codename Red-ի համար։ Ճիշտ է, այն կթողարկվի միայն PlayStation 5 կոնսոլում, եւ միայն 2024 թվականին։

Pacific Drive. Գոյատեւել ղեկին

«Ղեկին գոյատեւման խաղը»՝ Pacific Drive-ը, թերեւս, կարելի է համարձակորեն անվանել ամենահետաքրքիր թայթլներից մեկը, որը հայտարարվել է PlayStation State of Play-ի ժամանակ:

Թրեյլերը ցույց է տալիս արտաքինից սովորական տեսք ունեցող ունիվերսալ մեքենա, որը մռայլ երեկոյան դանդաղորեն անցնում է Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արեւմուտքով: Շատ արագ պարզ է դառնում, որ այս մեքենան այնքան էլ սովորական չէ՝ վահանակի վրա կա ֆուտուրիստական տեսքով էկրան, կապոտին եւ կողային վահանակներին ամրացված են տարբեր աքսեսուարներ, այդ թվում՝ լուսավորվող:

Pacific Drive-ը գոյատեւման խաղ է՝ առաջին դեմքով, որտեղ վերոհիշյալ ավտոմեքենան մեր միակ ուղեկիցն է սյուրռեալիստական եւ անոմալիաներով լի աշխարհով ճանապարհորդությունների ժամանակ: Այնտեղ մեզ սպասում են սպորների թունավոր ամպեր, էլեկտրաֆիկացված գնդեր, ժայռոտ ելուստներ, որոնք ճեղքում են գետինը եւ, կարծես թե... զոմբիներ:

Pacific Drive-ը համակարգիչների համար դուրս կգա 2023 թվականին։

Stellar Blade. Նախկին Project Eve

Էքշն ոճով գեղեցիկ եւ ինտրիգային Project Eve մարտախաղը անցյալ տարի ցուցադրվել է կորեական ShiftUp ստուդիայի կողմից, այն կրկին հայտնվել է հորիզոնում որպես Stellar Blade:

Թրեյլերն իրենից ներկայացնում է խաղային գործընթացի եւ տեսահոլովակի համադրություն, որը խաղացողներին հնարավորություն է տալիս վայելել հետապոկալիպտիկ միջավայրը, գեղեցիկ գրաֆիկան եւ խաղի սյուժեն:

Խաղացողը ստիպված կլինի պայքարել անհայտ այլմոլորակային զավթիչների դեմ եւ վերադարձնել մարդկության վերահսկողությունը Երկրի վրա, որը կորցրել է համաշխարհային փլուզման հետեւանքով:

Խաղը PlayStation 5-ի համար կթողարկվի 2023 թվականին։

Synduality. Նոր խաղ՝ Bandai Namco-ից

Bandai Namco-ն ազդարարել է Synduality-ի մասին՝ երրորդ դեմքով հրաձիգ, որտեղ մեզ կառաջարկեն ուսումնասիրել Ամասիայի հետապոկալիպտիկ աշխարհը մեխանիկական ռոբոտի միջոցով, թաքնվել անձրեւից, վերականգնել մարդկության կողմից կորցրած հողերը եւ մարդկանց ու արհեստական բանականության գոյության միջոց փնտրել:

Տեսողականորեն խաղը ինչ-որ չափով հիշեցնում է Nier: Automata-ն՝ եւ՛ մեխանիզմները, եւ՛ գեղարվեստական ոճը մի փոքր նման են, ճիշտ է, Synduality-ն ավելի գունեղ եւ վառ է թվում:

Սպասվում է, որ խաղը կթողարկվի 2023 թվականին։



© NEWS.am Medicine