2023 թ․ առաջին կեսին Samsung-ը կսկսի երրորդ սերնդի 4 նմ չիպեր արտադրել

13 մարտի, 2023  16:51

Արդեն 2023 թ․ առաջին կեսին Samsung Electronics-ը նախատեսում է երրորդ սերնդի 4 նմ չիպերի զանգվածային արտադրություն սկսել։ Երկրորդ և երրորդ սերնդի չիպերը, ըստ ընկերության, ցույց են տալիս ավելի լավ կատարողական արդյունքներ և ավելի քիչ են էներգիա սպառում՝ համեմատած 4 նմ չիպերի ավելի վաղ տարբերակի՝ SF4E-ի հետ:

Ինչպես տեղեկացնում է Business Korea պարբերականը՝ Samsung-ին վերջերս հաջողվել է ոչ միայն կայունացնել որակյալ արտադրանքի թողարկման ծավալը, այլև հաջողության հասնել նոր չիպերի կատարողականի, էներգիայի սպառման և այլ բնութագրերի բարելավման գործում: Նոր արտադրանքի բոլոր այս առավելությունները ընկերությանը կօգնեն կորպորատիվ խոշոր հաճախորդների ներգրավել կամ վերադարձնել նախկին հաճախորդներին։

SF4E չիպերի արտադրության հարցում Samsung Electronics-ը միշտ չէ, որ կարողացել է պահպանել որակյալ արտադրանքի թողարկումը պահանջվող մակարդակում, ինչը հանգեցրել է բավականին տհաճ խնդիրների. ընկերությունը կորցրեց իր ամենամեծ հաճախորդին՝ Qualcomm-ին, որի գործերը, չնայած տարածաշրջանում առկա ճգնաժամին, բավականին լավ են ընթանում։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Samsung-ի որակյալ արտադրանքի թողարկման ծավալը (4 նմ պրոցեսի համաձայն) հասել է 60%-ի, ինչը կարելի է ուշագրավ առաջընթաց համարել։ Մյուս կողմից, մրցակից TSMC-ի մոտ այս ցուցանիշը կազմում է 70-80%։

Փորձագետների կարծիքով՝ Samsung-ի արտադրանքի որակի բարձրացումը կհանգեցնի TSMC-ի հետ ավելի կոշտ մրցակցության 5 նմ և ավելի ժամանակակից տեխպրոցեսներին համապատասխան չիպերի շուկայում։

Այնուամենայնիվ, նրանք մրցակցում են նաև 4 նմ չիպերի արտադրության ոլորտում: Օրինակ՝ TSMC-ն նախատեսում է սկսել 4 նմ չիպերի զանգվածային արտադրություն Ֆենիքսում (ԱՄՆ, Արիզոնա) գտնվող իր գործարանում, որը նախատեսում է գործարկել 2024 թ․: Samsung Electronics-ը ևս փորձում է հետ չմնալ և կառուցում է 4 նմ արտադրական հոսքագիծ Թեյլորում (Տեխաս) գտնվող  իր գործարանում և նպատակ ունի արտադրությունն սկսել 2024 թ․ երկրորդ կեսին:

Այսօր 3 նմ պրոցեսը համարվում է ամենաառաջադեմը, սակայն ժամանակակից արտադրանքների մեծ մասը դեռ օգտագործում է 4 նմ և 5 նմ չիպեր։ Համաձայն Counterpoint Research-ի տվյալների՝ անցյալ տարվա երրորդ եռամսյակում 4 և 5 նմ չիպերը կազմել են համաշխարհային արտադրության 22%-ը, 6 և 7 նմ չիպերը՝ 16%-ը, իսկ 16, 14 և 12 նմ չիպերը՝ գլոբալ շուկայի 11%-ը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ