Հայաստանում Ինժեներական քաղաքից հետո նախատեսվում է կառուցել Արդյունաբերական քաղաք. Բագրատ Ենգիբարյան

8 մարտի, 2023  13:32

Ինժեներական քաղաքի շինարարությունը պետք է ավարտվի մինչև 2024 թ․ մայիս, ուստի ժամանակի առումով մենք շատ հետ չենք մնում։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Նա հավելեց, որ 2020 թ․ աշխատանքները դադարեցվել էին հայտնի պատճառներով․ շատ ինժեներներ գնացին պատերազմ, շատերն աշխատեցին զինվորական պատվերներ կատարելու համար։ Ներկայումս քաղաքի ենթակառուցվածքներն արդեն պատրաստ են, կառուցվել են ճանապարհներ, իսկ կազմակերպություններից մեկն արդեն սկսել է իր մասնաշենքի շինարարությունը։

Ի՞նչ է Ինժեներական քաղաքը

«Ինժեներական քաղաքը նոր մոտեցում է Հայաստանի համար. ՏՏ ոլորտում հաջողությունների հասնելուց հետո որոշեցինք զարգացնել ճարտարագիտությունը։ Եվ մենք այս մոդելն իրականացնում ենք մի քանի ոլորտներում՝ առանց վարորդ մեքենաներ, տիեզերք, կապ (5G և 6G) և միկրոէլեկտրոնիկա (խելացի սարքեր)»,- պատմեց Բագրատ Ենգիբարյանը։

Ինժեներական քաղաքի մոդելը մշակվել է պետության և մասնավոր հատվածի համագործակցության հիման վրա։ Մոտ 10.5 մլն դոլար ներդրվել է պետության կողմից, ևս 20 մլն դոլար՝ մասնավոր հատվածի կողմից։ Ծրագիրը ֆինանսավորում են Համաշխարհային բանկը և Հայաստանի կառավարությունը։

Հիմնադրամի ղեկավարի խոսքով՝ առաջին փուլում նախագծին միացել է 11 կազմակերպություն։ Առաջին փուլն ավարտվեց 3-4 տարի առաջ և ունեցավ ոչ միայն քանակական, այլև որակական հաջողություն։ Շենքը, որում տեղակայված է Enterprise Incubator-ի գրասենյակը, առաջին աքսելերատորն է, որում արդեն աշխատում է 20 ընկերություն, այդ թվում ամենամեծը՝ National Instruments-ը, որն առաջատար գիտահետազոտական ​​ընկերություն է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Եվրոպայում։ Գարնանը «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ը կսկսի կառուցել իր նոր շենքը, քանի որ այս շենքն ամբողջությամբ անցնելու է National Instruments-ին։

Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ Ինժեներական քաղաքի երկրորդ փուլն սկսվել է 2018թ․։ «Գաղափարն այն է, որ ինժեներական կազմակերպությունները այս շենքի մեկ սենյակը փոխարինեն մի ամբողջ մասնաշենքով, քանի որ ի տարբերություն ՏՏ ընկերությունների, նրանք ունեն գործիքներ և սարքավորումներ, որոնք տարածք են պահանջում: Նախագծին արդեն միացել է 22 կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրը կունենա միասնական նախագծով կառուցված իր շենքը։ Շենքերը համալրվելու են ընդհանուր լաբորատորիաներով և սարքավորումներով, որոնցից կարող են օգտվել բոլոր ընկերությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ սարքավորումները թանկ են, և ռեզիդենտ ընկերությունները դրանք կօգտագործեն անվճար, իսկ այլ ընկերությունները կվճարեն դրանց օգտագործման համար։

Ինժեներական քաղաք և կրթություն

Երրորդ կարևոր ոլորտը կրթությունն է։ Եթե ​​ՏՏ ոլորտում միջին մասնագետը կարող է վերապատրաստվել 6-12 ամսում, ապա ճարտարագիտության ոլորտում դա կտևի 2-3 տարի, քանի որ ավելի շատ տարրական գիտելիքներ են պահանջվում։ Թեկնածուն պետք է լավ տիրապետի ֆիզիկային, մաթեմատիկային, նյութագիտությանը, քիմիային:

«Բուհերի հետ համագործակցությամբ կազմակերպում ենք նաև բակալավրի և մագիստրոսի դասընթացներ։ Բացի դրանից, քաղաքի հատվածներից մեկում կգործի ուսումնական կենտրոն»,- ասաց Բագրատ Ենգիբարյանը։

Մեկ այլ կրթական ծրագրով նախատեսվում է հինգ տարում վերապատրաստել 10 000 երեխայի, որից 7000-ին նախատեսում են ապահովել աշխատանքով։

«Մենք կենտրոնացած ենք 15-ից 29 տարեկան երիտասարդների վրա։ Կադրեր ենք պատրաստելու երեք ոլորտներում՝ բարձր տեխնոլոգիաներ (70%), գյուղատնտեսական տեխնոլոգիաներ (25%) և հյուրընկալություն (5%)։ Ամբողջ ծրագիրը կիրականացվի մարզերում»,- ասաց նա։

Արդյունաբերական քաղաք

Երրորդ փուլում նախատեսվում է կառուցել Արդյունաբերական քաղաք, քանի որ նախատիպը ստանալուց հետո անհրաժեշտ կլինի զանգվածային արտադրություն կազմակերպել։ «Ի տարբերություն ՏՏ-ի, որի արտադրանքը կարելի է վաճառել նույնիսկ եթե այն 20 տոկոսով է պատրաստ, ճարտարագիտության մեջ պետք է պատրաստի արտադրանքը ցույց տալ հաճախորդին։ Հետևաբար, վերջինիս դեպքում ավելի շատ գումար ու ժամանակ է պետք։ Մենք օգնում ենք նման ընկերություններին ներդրումներ ներգրավել։ Մենք ձգտում ենք զարգացնել այնպիսի ոլորտ, որն ունի մեծ պատվերներ ստանալու բոլոր նախադրյալները»,- ասաց նա։

Բագրատ Ենգիբարյանը պարզաբանեց, որ վերջին տարիներին «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ը լուրջ ուշադրություն է դարձնում գիտությանը, քանի որ դա թույլ է տալիս թանկ պատվերներ ընդունել։ Հայաստանը, ըստ նրա, թանկ պատվերների ու լուծումների տեղ է։

«Թանկ աշխատանքը նշանակում է, որ այն դժվար է։ Էժան պատվերները վերցնում են հնդիկները և չինացիները, և մեզ համար դժվար է մրցել նրանց հետ գնային կատեգորիայում։ Այսինքն՝ մենք վերցնում ենք առաջադրանքներ, որոնց իրականացումը բարդ է, որոնք կոմպլեքս խնդիրներ են, ընդորում՝ մեկ խնդրի լուծումը կարող են ստանձնել միմյանց հետ համագործակցող մի քանի ընկերություններ։ Այս պահին մեքենաշինական ընկերությունից շատ մեծ պատվեր կա առանց վարորդի մեքենաների համար, և պատվերը մեկ ընկերություն չի վերցնում․ յոթ ընկերություն է միավորվել, որպեսզի կարողանան պատվերը վերցնել»,- ասաց Բագրատ Ենգիբարյանը։

Հիմնադրամի ղեկավարը հավելեց, որ Ինժեներական քաղաքում տեղ կգտնվի և՛ մեծ, և՛ փոքր ընկերությունների համար։ Ըստ նրա փոխաբերական ձևակերպման՝ «այնպիսի համեղ խառը ճաշ կլինի, ինչպես բորշչը, ինչպես ամառային տոլման»։ Այսպիսի յուրահատուկ էկոհամակարգ, որտեղ յուրաքանչյուրն ունի իր բուրմունքն ու համը, և նրանք միասին հետաքրքիր փունջ են դառնում։

«Եվ այս տարածքը բարեկարգվում է, մենք ունենք թանգարան, որտեղ դպրոցականները հաճույքով են գալիս, և ուզում ենք, որ Բագրևանդի բնակիչները [որտեղ գտնվում է քաղաքը] զբոսնեն այստեղ և իրենց երեխաներին ասեն՝ տեսեք, որ մեծանաք, այստեղ եք աշխատելու»,- ասաց նա։

Բագրատ Ենգիբարյանը հավելեց, որ հիմնական նպատակն է ցույց տալ, որ այսպիսի բան կարելի է ստեղծել մեկ տեղում, հետո այդ գաղափարը տարածել ողջ Հայաստանում, ինչպես եղավ ինկուբատորի ստեղծման դեպքում։

Ինչո՞ւ Հայաստանում առօրյա կյանքում չենք տեսնում հայկական ընկերությունների մշակած առաջադեմ տեխնոլոգիաներ

Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ երկրների համար երկու մոդել կա. առաջինն այն է, որ նախ ստեղծենք մեզ համար, իսկ հետո տեխնոլոգիաները դուրս բերենք արտաքին շուկա (էստոնական մոդելը), և երկրորդը` նախ արտաքին շուկայի համար, և հետո միայն մեզ համար (հայկական մոդելը):

«Պարզվեց, որ երկրորդ մոդելը մեզ ավելի մոտ է մեծ սփյուռքի պատճառով, սփյուռքը ներգրավվածություն ունի մեր ՏՏ ոլորտի 70 տոկոսի վրա»,- ասաց նա։

Մասնագետը պարզաբանեց, որ տեխնոլոգիաների ոլորտը առաջին հերթին ամենաշոշափելի կերպով ազդում է եկամտի և աշխատատեղերի վրա։ Աշխատավարձերի և ստեղծված ավելացված արժեքի առումով տեխնոլոգիական ոլորտն առաջատարն է այլ ոլորտների շարքում։

«Այս մասնագետների աշխատավարձերը մնում են երկրում, ազդում են պետական ​​բյուջեի եկամուտների վրա, մուլտիպլիկատիվ էֆեկտ են ստեղծում սպասարկման ոլորտի համար։ Բացի դրանից, տեխնոլոգիական ոլորտի զարգացումը շատ լուրջ ազդեցություն ունի երկրի իմիջի վրա»,- ասաց նա։

Այդուհանդերձ, հիմնադրամի ղեկավարի խոսքով, մեր մասնագետների մշակած որոշակի տեխնոլոգիաներ երբեք Հայաստանում չեն ներդրվի, քանի որ դրանց համար երկրում պետք է լինեն արդյունաբերական հսկաներ և զարգացած ներքին շուկա։ Բայց Հայաստանն այլ ճանապարհով է գնում՝ տեխնոլոգիաներ ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ գյուղատնտեսության մեջ, տեքստիլի և սննդի արտադրության մեջ և այլն։ Մոտ ապագայում հիմնադրամը կին ձեռներեցների համար դրամաշնորհներ կհայտարարի՝ իրենց բիզնեսում նորարարական, տեխնոլոգիական լուծումներ ներդնելու համար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ