Campio ստարտափ. միասնական հարթակ արշավների որոնման, ամրագրման և վճարման համար

31 հուլիսի, 2026  16:16

Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում ներկայացվել է Campio ստարտափը՝ թվային հարթակ, որը պետք է մեկ տեղում միավորի արշավներ կազմակերպող տարբեր ընկերությունների: Նախագծի գաղափարն է՝ արշավների որոնումը, ընտրությունը, ամրագրումն ու վճարումը դարձնել առավելագույնս հարմարավետ օգտատերերի համար, ինչպես նաև կազմակերպիչներին տրամադրել հաճախորդներ ներգրավելու լրացուցիչ ուղի:

Գաղափարի հեղինակ Էլեն Թորոսյանի խոսքով՝ հարթակի շրջանակում նախատեսվում է հավաքել Հայաստանի տարբեր զբոսաշրջային ընկերությունների առաջարկները: Օգտատերերը կկարողանան գրանցվել հավելվածում և մեկ տեղում հասանելիություն ստանալ առաջիկա բոլոր արշավներին:

«Օրինակ, եթե մարդը ցանկանա բարձրանալ որոշակի լեռ, նրան այլևս անհրաժեշտ չի լինի տեղեկատվություն փնտրել սոցիալական ցանցերի տարբեր էջերում. հավելվածը ցույց կտա բոլոր պլանավորված երթուղիները և հասանելի տարբերակները»,- նշել է Թորոսյանը:

Որոնում ըստ անհատական չափանիշների

Հարթակի հիմնական ֆունկցիաներից մեկը կլինի արշավների ֆիլտրման համակարգը: Օգտատերերը կկարողանան ընտրել երթուղիներ ըստ բարդության մակարդակի՝ հեշտ, միջին կամ բարդ, ինչպես նաև ըստ անցկացման վայրի՝ Երևանի մոտակայքում, հեռավոր շրջաններում կամ Հայաստանի կոնկրետ մարզում:

Չափանիշներն ընտրելուց հետո հավելվածն ավտոմատ կերպով կառաջարկի միայն այն արշավները, որոնք համապատասխանում են օգտատիրոջ հարցմանը: «Սա կհեշտացնի որոնումը նաև այն մարդկանց համար, ովքեր նախկինում երբեք չեն մասնակցել արշավների կամ նոր են սկսում հետաքրքրվել հանգստի այս տեսակով»,- նկատել է գաղափարի հեղինակը:

Վճարում առանց սոցիալական ցանցերում նամակագրության

Մշակողները նշում են, որ այսօր արշավների գրանցումների մեծ մասը տեղի է ունենում սոցիալական ցանցերի միջոցով. օգտատերերը կապ են հաստատում կազմակերպիչների հետ, պայմանավորվում մասնակցության մասին և առանձին կատարում վճարումը: Campio-ում նախատեսվում է այս գործընթացն ամբողջությամբ տեղափոխել հավելված: Համապատասխան տուրն ընտրելուց հետո օգտատերը կկարողանա անմիջապես վճարել մասնակցության համար բանկային քարտով՝ առանց երրորդային ծառայություններին անցնելու և նամակագրության վրա ժամանակ ծախսելու:

Վճարումից հետո յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվի QR-կոդ: Այն ակտիվ կդառնա արշավի մեկնարկից մոտ 24 ժամ առաջ: Տեղ հասնելուն պես կազմակերպիչները կկարողանան արագ գրանցել մասնակիցներին՝ սկանավորելով QR-կոդերը: Նախագծի հեղինակների մտահղացմամբ՝ սա թույլ կտա խուսափել հերթերից երթուղու մեկնարկից առաջ և մասնակիցներին հնարավորություն կտա անմիջապես անցնել արշավին:

Ընկերությունների կարծիքներ և գնահատականներ

Հարթակում նախատեսվում է նաև ստեղծել առանձին էջեր յուրաքանչյուր տուրիստական ընկերության համար: Օգտատերերը կկարողանան թողնել կարծիքներ, մեկնաբանություններ և կիսվել տպավորություններով արշավների կազմակերպման որակի և մատուցվող ծառայությունների մասին: Թորոսյանի կարծիքով՝ սա կօգնի նոր օգտատերերին կողմնորոշվել կազմակերպչի ընտրության հարցում՝ հենվելով այլ մասնակիցների փորձի վրա:

Համակարգի աշխատանքի համար տուրիստական ընկերությունները պետք է ինքնուրույն գրանցվեն հավելվածում և տեղադրեն իրենց երթուղիների մասին ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը: Դրանից հետո օգտատերերը կկարողանան տեսնել արդիական առաջարկները, ընտրել համապատասխան արշավները և անմիջապես ձևակերպել մասնակցությունը:

Ինչ ֆինանսական օգուտ է ունենալու հարթակը

Վերջնական բիզնես-մոդելը, նշել է Թորոսյանը, դեռևս մշակման փուլում է, քանի որ նախագիծը գոյություն ունի միայն գաղափարի մակարդակում: Սակայն նախնական ենթադրվում է, որ եկամտի հիմնական աղբյուրը կդառնա հարթակի միջոցով իրականացվող վճարումների միջնորդավճարը:

Նախագծի հեղինակի խոսքով՝ եթե օգտատերը մասնակցության համար վճարում է Campio-ի միջոցով, գումարի որոշակի տոկոսը փոխանցվելու է ծառայությանը: Ընդ որում, միջոցները, ինչպես ենթադրվում է, կփոխանցվեն  հենց կազմակերպիչներին ավտոմատ կերպով՝ ներկառուցված վճարային համակարգի միջոցով՝ առանց հարթակի մշակողների մասնակցության: Նման մեխանիզմը, Թորոսյանի կարծիքով, թույլ կտա կազմակերպիչների և հաճախորդների փոխգործակցությունը դարձնել ավելի հարմարավետ և արդյունավետ:


 
  • #ԳործԿա

  • Most read

month

week

day

 
 
 
 
  • Archive