Պետական տվյալներն ամպում. որտե՞ղ է անցնում արդյունավետության և ռիսկերի միջև սահմանը

5 հունիսի, 2026  15:11

Մեկ տարի առաջ՝ 2025 թվականի հունիսի 14-ին, Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց ներդնել «Cloud first» («Ամպն՝ առաջնային») քաղաքականությունը, որը ենթադրում է պետական մարմինների անցում տվյալների պահպանման և մշակման ամպային ենթակառուցվածքներին՝ ավանդական սերվերային լուծումների փոխարեն։ Նախաձեռնությունն ի սկզբանե քննարկումների թեմա դարձավ տնտեսման և կիբերանվտանգության հարցերի միջև հավասարակշռության վերաբերյալ։ Մեկ տարի անց հարցը կրկին դարձել է ակտիվ քննարկման առարկա՝ հայկական առաջին ռազմաարդյունաբերական RISE-2026 ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկումների ժամանակ, որի տեղեկատվական գործընկերն է NEWS.am Tech-ը։

Հարցն ամպը չէ՞, այլ դրա գտնվելու վայրը

Հայաստանի Կենտրոնական բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ստորաբաժանման տնօրեն Կոմիտաս Ստեփանյանի գնահատմամբ՝ գլխավոր հարցն այն է, թե հատկապես որտեղ են տեղակայվում տվյալները և ով է վերահսկում ենթակառուցվածքը։ Ստեփանյանը հորդորեց ուշադրություն դարձնել Համաշխարհային տնտեսական ֆորումի հետազոտություններին ու հրապարակումներին, որոնք նվիրված են ամպային ծառայություններ մատուցող համաշխարհային խոշորագույն ընկերություններին և հիպերսքեյլերներին (hyperscalers)։

Նա հիշեցրեց, որ ժամանակակից տվյալների մշակման կենտրոնները (դատա-կենտրոններ) օգտագործում են տվյալների ռեպլիկացիայի (կրկնօրինակման) մեխանիզմներ տարբեր երկրների միջև։ Արդյունքում՝ նույնիսկ եթե պատվիրատուն կարծում է, թե իր տվյալները գտնվում են կոնկրետ իրավազորության (յուրիսդիկցիայի) ներքո, պրակտիկայում պատճենները կարող են պահվել նաև այլ պետություններում։ «Երբ դուք տվյալները տեղադրում եք ամպում, դուք միշտ չէ, որ կարող եք երաշխավորել, որ դրանք ֆիզիկապես գտնվում են միայն այն երկրում, որը նշված է պայմանագրում»,— նշել է փորձագետը։

Որպես օրինակ նա բերեց Մերձավոր Արևելքում վերջին ռազմական բախումների իրադարձությունները, երբ դատա-կենտրոնների օբյեկտների վրա հարձակումներից հետո ամպային խոշոր պրովայդերները սկսեցին օպերատիվորեն տեղափոխել սերվերներն ու տվյալները տարբեր հարթակների միջև։ Ստեփանյանի խոսքով՝ նման իրավիճակներում վերջնական օգտատերն հաճախ արդեն չի վերահսկում իր տեղեկատվության փաստացի գտնվելու վայրը։

Հայաստանի Կենտրոնական բանկի ներկայացուցչի կարծիքով՝ հենց այդ պատճառով տվյալների պահպանման, թվային ինքնիշխանության և կրիտիկական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողության հարցերը պետք է մնան ինչպես պետական կառույցների, այնպես էլ մասնավոր հատվածի ուշադրության կենտրոնում։

Ամպն առաջին հերթին ճարտարապետություն է, գործընթացներ և ռիսկերի կառավարում

Իր հերթին, Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը, մեկնաբանելով «Cloud first» մոդելին անցումը, նշել է, որ ինքնին «սերվերն այստե՞ղ, թե՞ ամպում» վեճը մեծապես հնացել է, քանի որ պետական համակարգերը ցանկացած դեպքում գործում են ինտերնետային միջավայրի հետ սերտ կապի մեջ։ Նրա խոսքով՝ նույնիսկ տվյալների տեղային տեղակայման դեպքում հասանելիությունը դրանց միևնույն է միջնորդավորված է արտաքին ցանցերով, ինչը նշանակում է, որ առանցքային հարցը ոչ թե ֆիզիկական պահպանման վայրն է, այլ այն, թե որքանով գրագետ են կառուցված կառավարման, վերահսկողության և կիբերանվտանգության գործընթացները։

Նա ընդգծել է, որ անցումն ամպային լուծումներին առաջին հերթին մտածողության և թվային համակարգերի ճարտարապետության տրանսֆորմացիա է։ Ժամանակակից մոտեցումներում, նշել է Երիցյանը, արդեն գերիշխում են «հարթակը որպես ծառայություն» (PaaS), «ծրագրային ապահովումը որպես ծառայություն» (SaaS) մոդելները և ավելի լայն անցումը ծառայությունների տրամաբանությանը, որտեղ ենթակառուցվածքը դառնում է ճկուն ու մասշտաբավորվող։ Սա, նրա խոսքով, թույլ է տալիս զգալիորեն արագացնել թվայնացումը, կրճատել լուծումների ներդրման ժամկետները՝ պայմանականորեն մի քանի տարուց հասցնելով մի քանի ամսվա, և ավելի արագ արձագանքել պետական կառույցների կարիքներին։

Միևնույն ժամանակ նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ հենց նման արագությունն է պահանջում ավելի հասուն և համակարգային կիբերանվտանգություն։ «Եթե կառուցված չեն կառավարման ճիշտ գործընթացներ, չկա ընկալում, թե որտեղ և ինչ տվյալներ են գտնվում և ինչպես են դրանք պաշտպանված, ապա խոցելիություններն առաջանում են անկախ նրանից՝ դա ամպ է, թե տեղային համակարգ»,— նշել է նա՝ հավելելով, որ մարդկային գործոնը և որակյալ մասնագետների պակասը մնում են առանցքային ռիսկերից մեկը։

Ամպից հրաժարվելը կարող է ավելի թանկ նստել

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն իր հերթին նշել է, որ ամպային տեխնոլոգիաներին անցնելու շուրջ քննարկումները երկար ժամանակ ուղեկցվել են զգուշավոր վերաբերմունքով և նույնիսկ ուղղակի զգուշացումներով՝ փորձագետների ու շուկայի մասնակիցների մի մասի կողմից։

Նրա խոսքով՝ հաճախ հնչում էին հանձնարարականներ՝ ամբողջությամբ հրաժարվել ամպային լուծումներից և շարունակել զարգացնել բացառապես տեղային ենթակառուցվածքները։ Սակայն, ինչպես ընդգծեց Մանթաշյանը, պրակտիկան ցույց տվեց, որ նման մոտեցումը միշտ չէ, որ հանգեցնում է սպասված արդյունքին. ընդհակառակը՝ այն կարող է ավելի ծախսատար և պակաս ճկուն լինել թվային ծառայությունների զարգացման տեսանկյունից։

Նա նշեց, որ ժամանակակից «ենթակառուցվածքը որպես ծառայություն» (IaaS) մոդելները փաստացիորեն արդեն դարձել են համաշխարհային ստանդարտ, և Հայաստանին անհրաժեշտ է կողմնորոշվել դեպի առավել արդյունավետ ու մասշտաբավորվող լուծումները։ Միևնույն ժամանակ, որպես հաջողության առանցքային գործոն նա անվանեց պետության սերտ փոխգործակցությունը պրոֆեսիոնալ համայնքի և մասնավոր հատվածի հետ, հատկապես թվային տրանսֆորմացիայի ոլորտում ռազմավարական որոշումներ ընդունելիս։

«Եթե շարժվենք տնտեսապես ավելի հիմնավորված և տեխնոլոգիապես ժամանակակից ուղղությամբ՝ պարտադիր հաշվի առնելով մասնագետների ու բիզնեսի կարծիքը, արդյունքը կլինի կայուն»,— նշել է նա՝ հավելելով, որ այս օրակարգի քննարկումը պետք է շարունակվի, քանի որ հենց երկխոսության մեջ են ձևավորվում առավել կշռադատված որոշումները։


 
  • #ԳործԿա

  • Most read
 
 
 
 
  • Archive