Չորսոտանի ռոբոտներն այլևս շքեղություն չեն. ներկայացվել է փոքրիկ ռոբոտ շուն՝ ավելի մատչելի գնով

2 փետրվարի, 2023  16:33

Նախկինում միայն մի քանի պետական ​​կազմակերպություններ և մասնավոր ընկերություններ կարող էին իրենց թույլ տալ չորսոտանի ռոբոտ գնել: Այժմ, սակայն, շուկայում սկսել են հայտնվել շատ ավելի մատչելի գնով ռոբոտներ։ Դրանցից մեկը XGO 2-ն է՝ փոքրիկ շուն ռոբոտը, որը ոտքերից ու «թաթերից» բացի, նաև առանձին «ձեռք» ունի:

Ռոբոտը մշակում է Luwu Intelligent Technology ընկերությունը, որը Հարբինի պոլիտեխնիկական համալսարանի (Չինաստան) դուստր ձեռնարկությունն է։ Ռոբոտում կիրառված է Raspberry Pi Compute Module 4 պրոցեսոր, և այն համատեղելի է Blockly-ի, Python-ի և ROS-ի հետ: Փոքր չորսոտանի այլ ռոբոտների նման, ինչպիսիք են Bittle-ը և Mini Pupper-ը, XGO 2-ը ևս կարող է կառավարվել կա՛մ հատուկ հավելվածի միջոցով, կա՛մ դրա գործողությունները կարող են նախապես ծրագրավորվել՝ օգտագործելով վերը նշված լեզուները:

Ինչպես տեղեկացնում է NewAtlas-ը, ինտեգրված արհեստական բանականության մոդուլները թույլ են տալիս ճանաչել տեսողական պատկերները, ձայնը և ժեստերը, ինչը XGO 2 հնարավորություն է տալիս ռոբոտին «լսել, ճանաչել և պատասխանել օգտատերերին իրական շան պես»:

Ռոբոտը նաև ունի 6 IMU (իներցիալ չափման բլոկ) և շարժման ազատության 12 աստիճան, ինչը նրան թույլ է տալիս ազատորեն տեղաշարժվել վարգով, քայլքով կամ «արագ քայլքով» ցանկացած ուղղությամբ և պահպանել հավասարակշռությունը անհարթ կամ շարժվող մակերեսների վրա:

Ռոբոտի գլխին կա տեսախցիկ, խոսափող, բարձրախոս, LCD էկրան և կառավարման կոճակներ, որոնք կարող են օգտագործվել հիմնական ծրագրավորման և աշխատանքային ռեժիմների միջև անցումների համար: Էկրանի վրա ցուցադրվում է նաև անիմացված դունչ, որը ռոբոտին մի փոքր անհատականություն է տալիս։

Ռոբոտ շունը, ինչպես արդեն նշվեց, ունի նաև հետաքրքիր կառուցվածքով ձեռք, որն ունի շարժման երեք աստիճան և կարող է բացվել 2,5-5,5 սմ լայնությամբ և բռնել առարկաներ: Այս ձեռքով ռոբոտը կարող է բռնել, բարձրացնել, իջեցնել կամ քաշել ցանկացած ոչ ծանր առարկա: Բայց առայժմ հայտնի չէ, թե ինչ ծանրության կարող է դրա ձեռքը դիմանալ։

Վերջերս Kickstarter հարթակում մեկնարկել է արշավ, որի նպատակն է միջոցներ հավաքել ռոբոտի մշակումն ավարտին հասցնելու և այն շուկա դուրս բերելու համար: Մշակողները հույս ունեին հավաքել $20,000, բայց արդեն ստացել են ավելի քան $107,000, չնայած ակցիայի ավարտին դեռ 28 օր կա։

Ըստ տեղեկությունների՝ XGO 2-ը կթողարկվի երկու տարբերակով․ Kickstarter-ում նախնական պատվերների շրջանակում ռոբոտի Lite տարբերակը կարժենա 449 դոլար, իսկ Mini տարբերակը՝ 749 դոլար։ Իսկ երբ ռոբոտները մանրածառ վաճառքի հանվեն, արդեն դրանք կարելի է գնել 898 և 1398 դոլարով համապատասխանաբար։ 


 
 
 
 
  • Արխիվ