ԱԲ զարգացման նոր փուլ Հայաստանում. վստահության և թափանցիկության խնդիրը մնում է առանցքային

7 մայիսի, 2026  15:20

Հայաստանում արհեստական բանականության և տվյալների ենթակառուցվածքների զարգացումը մտնում է նոր փուլ։ Սակայն, թեև հաշվարկային հզորությունների և տվյալների կենտրոնների ստեղծումը կարևոր քայլ է, ոլորտի ներկայացուցիչները զգուշացնում են՝ հիմնական մարտահրավերը դեռ առջևում է։

Ենթակառուցվածքներից՝ դեպի վստահության ճգնաժամ

Ineco Group-ի տեխնիկական տնօրեն Արսեն Բաբայանի խոսքով, կառավարության կողմից հայտարարված նոր տվյալների կենտրոնների ստեղծման ծրագրերը վկայում են, որ ապարատային և ենթակառուցվածքային խնդիրները մոտ են լուծմանը։

«Սա նշանակում է, որ հաշվարկային հզորությունները ժամանակի ընթացքում կդառնան հասանելի և նույնիսկ՝ որոշ իմաստով լայնորեն տարածված։ Սակայն իրական խոչընդոտը այլ տեղում է՝ վստահության մեջ՝ մոդելների և դրանց արտադրած արդյունքների նկատմամբ», — նշեց նա։

Նրա գնահատմամբ՝ հատկապես Հայաստանի նման փոքր երկրներում մասնավոր, պետական և նույնիսկ պաշտպանական ոլորտների միջև սահմանները շատ ավելի բարակ են, քան զարգացած երկրներում։ Այդ պատճառով ոչ վստահելի AI համակարգերը կարող են վերածվել ազգային անվտանգության ռիսկի։

«Խոսքը միայն խորշային խնդրի մասին չէ։ Դա կարող է դառնալ լուրջ սպառնալիք՝ լինի դա առողջապահություն, ֆինանսական համակարգ, թե սահմանային անվտանգություն։ Մենք չենք կարող կիրառել, առավել ևս տարածել այն տեխնոլոգիաները, որոնց որոշումների տրամաբանությունը չենք հասկանում», — ընդգծեց Բաբայանը։

Բացատրելի AI՝ որպես «իրական ինքնիշխանություն»

Բաբայանը համոզված է, որ «ինքնիշխան AI»-ի գաղափարը չի սահմանափակվում միայն տվյալների կամ մոդելների տեղայնացմամբ։ Իրական ինքնիշխանությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ապահովվում է մոդելների բացատրելիությունը ։

Նրա խոսքով՝ այսօր աշխարհում այս ուղղությամբ կիրառվում են տարբեր մոտեցումներ՝ հետադարձ բացատրություններից մինչև մոդելների կառուցման փուլում դրանց ինտերպրետացիայի ապահովում։

«Եթե մենք չկենտրոնանանք բացատրելի և թափանցիկ մոդելների վրա, ապա կարող ենք հայտնվել իրավիճակում, որտեղ այն երկրները կամ ընկերությունները, որոնք չեն կարող “բացել սև արկղը”, կսահմանափակվեն միայն սպառողական մակարդակի լուծումներով։ Իսկ ռազմավարական նշանակության կիրառությունները կմնան նրանց ձեռքում, ովքեր ունեն այդ կարողությունը», — ասաց նա։

Բաբայանը նաև ուշադրություն հրավիրեց կարգավորումների և համապատասխանության պահանջների վրա։ Նրա խոսքով՝ Հայաստանում գործող ընկերությունները, հատկապես ֆինանսական և պաշտպանական ոլորտներում, անխուսափելիորեն բախվելու են կենտրոնական բանկի և պաշտպանության նախարարության կողմից սահմանված խիստ պահանջներին։

Այս համատեքստում նա առաջարկում է պետական մակարդակով ստեղծել միասնական «plug-and-play» կառավարման և համապատասխանության գործիքակազմ, որը կօգնի ընկերություններին արագ զարգանալ՝ միաժամանակ պահպանելով անվտանգության բարձր մակարդակ։

«Եթե ենթակառուցվածքների և մոդելների հարցերը լուծվելու են, ապա հաջորդ կարևոր ուղղությունը պետք է լինի հենց սա», — եզրափակեց Բաբայանը։


 
 
 
 
  • Archive