Գիտնականները Մարսի վրա հեղուկ ջրի գոյության նոր ապացույցներ են գտել․ ի՞նչ է դա նշանակում

30 սեպտեմբերի, 2022  10:36

Հետազոտողների միջազգային խումբը Մարսի հարավային բեւեռի սառցե շերտի տակ հայտնաբերել է հեղուկ ջրի գոյության մասին նոր ապացույցներ։ Այս հայտնագործությունը կարելի է իսկական բեկում համարել երկարատև փորձերի համար, որոնք նպատակ ունեն պարզելու, թե արդյոք ինչ-որ ժամանակ Կարմիր մոլորակի վրա կյանք է եղել։

Արդյո՞ք Մարսի վրա կարող է հեղուկ ջուր լինել. ինչպե՞ս են գիտնականները եկել այս եզրակացության

Հետազոտողները՝ Քեմբրիջի համալսարանի մասնագետների գլխավորությամբ, տիեզերանավի լազերային ալտիմետրի օգնությամբ չափել են սառցե շերտի վերին մակերեսի ձեւը, որպեսզի որոշեն դրա բարձրությունների օրինաչափությունները։ Պարզվել է, որ արդյունքները համապատասխանում են համակարգչային մոդելի այն կանխատեսումներին, թե ինչպես է սառցե շերտի տակ գտնվող ջրի զանգվածը ազդում դրա մակերեսի վրա։  

mars-water.jpg (79 KB)

Գիտնականների ստացած տվյալները համահունչ են սառույցի մեջ թափանցող ռադարի ավելի վաղ կատարած չափումների հետ, որոնք, ըստ նախնական մեկնաբանությունների, վկայում էին սառույցի տակ հեղուկ ջրի հնարավոր առկայության մասին։ Բայց գիտնականները սա բավարար ապացույց չհամարեցին. ոմանք պնդում էին, որ անհնար է դատել մոլորակի վրա ջրի առկայության մասին միայն ռադարի տվյալների հիման վրա, մյուսներն ասում էին, թե ռադարի ազդանշանի պատճառը կարող էր լինել ոչ թե հեղուկ ջուրը, այլ մի ուրիշ բան։

Ինչպես Երկիրը, Մարսը նույնպես երկու բեւեռներում ունի ջրային հաստ սառցե շերտեր։ Բայց Երկրի վրա սառցե շերտերի տակ գտնվում են ջրով լի ջրանցքներ եւ անգամ մեծ լճեր։ Ինչ վերաբերում է Մարսին, ապա մինչեւ վերջերս ընդունված էր կարծել, որ Մարսի ցուրտ կլիմայի պատճառով բեւեռային սառցե շերտերն այնտեղ սառել են հիմնովին։

2018 թ.  Եվրոպական տիեզերական գործակալության Mars Express արբանյակի տվյալները կասկածի տակ դրեցին այս ենթադրությունը։ Արբանյակն ունի սառույցի միջով թափանցող ռադար՝ MARSIS անունով, որը կարող է «տեսնել», թե ինչ կա Մարսի հարավային սառցե շերտի տակ։ Այն հայտնաբերել է սառույցի հիմքի մոտ մի հատված, որն ուժեղ արձագանքում էր ռադարի ազդանշանին, եւ գիտնականները որոշել են, որ այնտեղ՝ սառցե գլխարկի տակ, հեղուկ ջրի հատված կա։

Այնուամենայնիվ, հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Մարսի վրա առկա չոր նյութերի այլ տեսակները, կարող են արտացոլման համանման բնութագրեր ունենալ, եթե դրանք գտնվում են սառցե շերտի տակ։

Հաշվի առնելով սառը կլիմայի պայմանները՝ հեղուկ ջուրը սառցե շերտի տակ կպահանջի ջերմության լրացուցիչ աղբյուր (ինչպիսին է գեոթերմալ ջերմությունը մոլորակի ներսում)՝  Մարսի ներկայիս վիճակում սպասվածից ավելի բարձր մակարդակներում։ Ուստի, գիտնականները կասկածի տակ դրեցին մոլորակի վրա ջրի առկայության մասին եզրակացությունների ճշմարտացիությունը։

mars-2.jpg (99 KB)

Nature Astronomy ամսագրում հրապարակված այս նոր հետազոտության արդյունքները կարելի է համարել Մարսի վրա հեղուկ ջրի առկայության առաջին անկախ ապացույցը՝ հիմնված ոչ միայն ռադարի տվյալների վրա։

«Նոր տեղագրական տվյալների, մեր համակարգչային մոդելի եւ ռադարի տվյալների համադրումը մատնանշում է ավելի մեծ հավանականության մասին, որ այսօր Մարսի վրա սառույցի տակ հեղուկ ջրի առնվազն մեկ հատված կա, եւ որ Մարսը դեռեւս պետք է գեոթերմալ առումով ակտիվ լինի, որպեսզի կարողանա ջուրը սառցե շերտի տակ պահել հեղուկ վիճակում», - ասել է Քեմբրիջի Սքոթի անվան բեւեռային հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Նիլ Առնոլդը, որը ղեկավարել է հետազոտությունը։

Երկրի վրա սառցե շերտի տակ գտնվող լճերն ազդում են դրանց վրայի սառցե շերտի ձեւի, նրա մակերեսի տեղագրության վրա։ Ուսումնասիրելով սառցե շերտի մակերեսը Մարսի հարավային բեւեռում՝ գիտնականները նկատել են մակերեսի 10-15 կիլոմետրանոց ալիքաձեւություն, որը կազմված է իջվածքից եւ բարձրությունից, որոնք տարբերվում են սառույցի շրջակա մակերեսից մի քանի մետրով։ Այդպիսի ալիքաձեւություն կարելի է տեսնել նաեւ այստեղ, Երկրի վրայի սառցե շերտի տակ գտնվող լճերում։

Այնուհետեւ գիտնականների թիմը ստուգել է, թե կարելի է արդյոք բացատրել սառույցի մակերեսի այդ ալիքաձեւությունը հատակին հեղուկ ջրի առկայությամբ։

Նրանք ստեղծել են սառույցի հոսքի համակարգչային մոդել, որն ադապտացրել են Մարսի կոնկրետ պայմաններին։ Այնուհետև նրանք նվազեցված շփմամբ հատվածը դրել են մոդելավորված սառցե շերտի հատակին, որտեղ ջուրը, դրա առկայության դեպքում, թույլ կտար սառույցին սահել եւ արագացնել սահելու ընթացքը։

Գիտնականները նաեւ փոփոխել են մոլորակի ներսից ստացվող գեոթերմալ ջերմության ծավալը։

Այս փորձարկումների արդյունքում սառույցի մոդելավորված մակերեսին գոյացել են անհավասարություններ, որոնք իրենց չափերով եւ ձեւով նման են եղել նրանց, որոնք թիմը նկատել էր սառցե շերտի իրական մակերեսին։

mars3.jpg (69 KB)

Եղե՞լ է արդյոք կյանք Մարսի վրա

Եթե Մարսի վրա իսկապես հեղուկ ջուր եղել է, արդյո՞ք դա նշանակում է, որ այդ մոլորակի վրա երբեւէ կյանք գոյություն է ունեցել։

Գիտնականների խոսքով՝ հեղուկ ջուրը, իհարկե, մոլորակի վրա կյանքի գոյության կարեւոր պայման է, բայց դրա առկայությունը դեռ չի նշանակում, թե կյանք այնտեղ իսկապես եղել է։

Բացի դրանից, Մարսի վրա ջերմաստիճանը շատ ցածր է, եւ որպեսզի ջուրը կարողանա նման ջերմաստիճաններում մնալ հեղուկ վիճակում, այն պետք է շատ աղի լինի։ Իսկ միկրոօրգանիզմների համար աղի ջրում ապրելը դժվար կլինի։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ