Երկրի միջուկը կանգ է առել և կարող է սկսել հակառակ ուղղությամբ պտտվել. արդյո՞ք դա վտանգավոր է

25 հունվարի, 2023  13:32

Երկրի միջուկը դադարել է պտտվել և շուտով կարող է սկսել հակառակ ուղղությամբ պտտվել, պարզել են Երկրի և տիեզերական գիտությունների դպրոցի Պեկինի համալսարանի SinoProbe Lab լաբորատորիայի չինացի գիտնականները։

Շատերին այս լուրը կարող է հիշեցնել 2003 թ․ նկարահանված «The Core» ֆիլմի սյուժեն: Բայց իրականում անհանգստանալու պատճառ չկա, և պետք չէ սպասել ապոկալիպսիսին: Ինչպես պարզաբանում են գիտնականները, մոլորակի միջուկի պտտման ուղղության պարբերական փոփոխությունը դրա «վարքագծի» նորմալ մասն է կազմում, և մոլորակի վրա կյանքի համար վտանգ չի ներկայացնում։

Ինչպես բացատրում է Vice-ը՝ Երկրի ներքին միջուկը պինդ մետաղյա գունդ է, որն իր չափերով կազմում է Լուսնի մոտ 75 տոկոսը: Այս գունդը գտնվում է մոլորակի հեղուկ արտաքին միջուկի ներսում՝ երկրի մակերեսից 3000 մղոն խորության վրա, և կարող է պտտվել տարբեր արագություններով և տարբեր ուղղություններով:

Մոլորակի միջուկը շատ տաք է՝ գրեթե Արեգակի մակերևույթի նման: Սակայն հասկանալի պատճառներով դժվար է այն ուսումնասիրել, և, հետևաբար, դրա մասին դեռ շատ բան հայտնի չէ:

Բայց հայտնի է, որ միջուկը կարևոր դեր է խաղում բազմաթիվ գործընթացներում, որոնք մոլորակը կյանքի համար նպաստավոր վիճակում են պահում. օրինակ՝ մագնիսական դաշտի ձևավորման մեջ, ինչի շնորհիվ ստեղծվում է պաշտպանիչ թաղանթ, որը կանխում է վնասակար ճառագայթման ներթափանցումը Երկրի մակերես:

Նշենք, որ Երկրի ներքին միջուկի պտտման փոփոխական արագության մասին առաջին քիչ թե շատ համոզիչ տվյալները ստացվել են անցյալ դարի 90-ականներին։ Ճիշտ է, ոչ բոլոր գիտնականներն են համաձայն այս տեսության հետ, սակայն այն ունի նաև բազմաթիվ կողմնակիցներ։

Չինացի գիտնականների կարծիքով՝ Երկրի միջուկը կանգ է առնում և ուղղությունը փոխում պարբերական ցիկլով, որը տևում է 60-70 տարի: Այս հայտնագործությունը, եթե վերջնականապես հաստատվի, կարող է վերջ դնել կլիմայի և երկրաբանական երևույթների հետ կապված վաղեմի առեղծվածներին, որոնք տեղի են ունենում նմանատիպ ժամկետներում և ազդեցություն թողնում մեր մոլորակի վրա գոյություն ունեցող կյանքի վրա:  

Պեկինի համալսարանի SinoProbe Lab լաբորատորիայի գիտնականները Յի Յանը և Սյաոդոնգ Սոնգը, որոնք մոլորակի խորքերն ուսումնասիրում են՝ օգտագործելով երկրաշարժերի սեյսմիկ ալիքները, գիտական ​​հոդված են հրապարակել Nature Geoscience ամսագրում, որտեղ նշում են, որ վերջին տասնամյակում մեր մոլորակի միջուկը գրեթե դադարել է պտտվել: Նրանց խոսքով՝ վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 1970-ականների սկզբին, ինչից հետո միջուկը փոխել է պտտման ուղղությունը։

«Ներքին միջուկի վրա գործում են երկու հիմնական ուժեր,- գիտնականները նշել են Motherboard-ին ուղղված նամակում,- Դրանցից մեկը էլեկտրամագնիսական ուժն է։ Երկրի մագնիսական դաշտն առաջանում է արտաքին միջուկում հեղուկի շարժման արդյունքում։ Ակնկալվում է, որ մագնիսական դաշտը, որն ազդում է մետաղական ներքին միջուկի վրա, կստիպի միջուկին պտտվել էլեկտրամագնիսական կապի հաշվին: Մյուս ուժը ձգողականության ուժն է: Երկրի մանտիան ու ներքին միջուկը շատ տարասեռ են, ուստի նրանց կառուցվածքների միջև ձգողականությունը միտված է ներքին միջուկը ձգել դեպի գրավիտացիոն հավասարակշռության դիրք, այսպես կոչված, գրավիտացիոն փոխազդեցության դիրք: Եթե ​​երկու ուժերը հավասարակշռված չեն, ապա ներքին միջուկի պտույտը կարագանա կամ կդանդաղի: Ե՛վ մագնիսական դաշտը, և՛ Երկրի պտույտը ունեն 60-70 տարվա ուժեղ պարբերականություն։ Մենք կարծում ենք, որ առաջարկվող 70-ամյա տատանումները ներքին միջուկում պայմանավորված են էլեկտրամագնիսական և գրավիտացիոն ուժերով»:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ