Ժամանակակից սմարթֆոնները հագեցած են հզոր լիթիում-իոնային մարտկոցներով, որոնք դեպքերի մեծ մասում հուսալի են աշխատում: Սակայն երբեմն խոտանի, մաշվածության կամ արտաքին վնասվածքների պատճառով դրանք կարող են գերտաքանալ և նույնիսկ բռնկվել: Նման դեպքերը հազվադեպ են, բայց կարևոր է իմանալ ճիշտ գործողությունների հաջորդականությունը. դա կօգնի խուսափել վնասվածքներից և լուրջ կորուստներից:
Ինչո՞ւ են սմարթֆոնները բռնկվում
Հիմնական պատճառը մարտկոցի խնդիրներն են: Ժամանակի ընթացքում դրա մեջ խաթարվում են քիմիական գործընթացները. անջատվում են գազեր, մարտկոցն ուռչում է, իրանը դեֆորմացվում է, ինչը կարող է հանգեցնել կարճ միացման և ջերմության անվերահսկելի արտազատման: Ռիսկը մեծացնում են՝
- գործարանային խոտանը,
- ընկնելու հետևանքով առաջացած մեխանիկական վնասվածքները,
- ջրի ներթափանցումը,
- ջերմաստիճանի կտրուկ տատանումները,
- հաճախակի գերտաքացումները (հատկապես լիցքավորման ժամանակ),
- ոչ օրիգինալ կամ անսարք լիցքավորիչների և մալուխների օգտագործումը:
Առաջին քայլերը. հոսանքազրկել և մեկուսացնել
Եթե սմարթֆոնն սկսել է ծխալ, ճարճատել կամ սուլոց հիշեցնող ձայներ հանել.
- Անմիջապես անջատեք լիցքավորիչը վարդակից: Եթե դա հնարավոր չէ, հոսանքազրկեք ողջ բնակարանը էլեկտրական վահանակի միջոցով:
- Մեկուսացրեք գաջեթը դյուրավառ նյութերից: Իդեալական տարբերակը այն դուրս հանելն է և դնելը ասֆալտի, բետոնի կամ հողի վրա՝ մարդկանցից և կենդանիներից հեռու: Մի՛ նետեք այն պատուհանից և մի՛ տարեք ողջ բնակարանով, եթե ճանապարհը երկար է:
- Եթե հնարավոր չէ դուրս հանել, դրեք այն չայրվող մակերեսի վրա (սալիկ, մետաղ, բետոն)՝ կահույքից, վարագույրներից և գազի սարքերից անվտանգ հեռավորության վրա:
Ինչպե՞ս հանգցնել այրվող սմարթֆոնը
Լավագույն տարբերակը կրակմարիչն է (ցանկացած տեսակի, բացի ջրայինից, եթե սարքը դեռ միացված է հոսանքին): Եթե կրակմարիչ չկա.
- Առատորեն ծածկեք սարքը սննդային սոդայով կամ ծաղկամանի հողով:
- Ծածկեք խիտ գործվածքով (ոչ սինթետիկ), որպեսզի մարեք բոցը և սահմանափակեք թթվածնի մուտքը:
- Օգտագործեք մետաղական կաթսա կամ կափարիչ՝ ծածկեք սմարթֆոնը դրանով, որպեսզի կրակը մարի մեկուսացված տարածքում:
Կարելի՞ է արդյոք հանգցնել ջրով
Լիթիում-իոնային մարտկոցները պարունակում են նվազագույն քանակությամբ մաքուր լիթիում, ուստի ջրի հետ բուռն ռեակցիա չի լինի: Ջուր օգտագործել կարելի է, բայց դա լավագույն ընտրությունը չէ: Եթե այլ միջոցներ չկան՝
- Դրեք սմարթֆոնը լվացարանի կամ լոգարանի մեջ:
- Օգտագործեք սառը ջուր. այն ավելի արագ կսառեցնի մարտկոցը:
- Լցրեք հավասարաչափ և տևական ժամանակ:
Անվտանգության կանոններ
- Մի՛ շնչեք ծուխը. այն պարունակում է տոքսիկ նյութեր: Քիթն ու բերանը ծածկեք գործվածքով:
- Եթե կրակը տարածվում է, անմիջապես լքեք տարածքը և զանգահարեք հրշեջ ծառայություն (101 կամ 112):
- Եթե հեռախոսը բռնկվել է գրպանում կամ պայուսակում, մի՛ փորձեք այն հանել ձեռքերով՝ այրվածքներից խուսափելու համար: Ավելի լավ է արագ թափ տալ այն հատակին:
Ինչպես կանխել բռնկումը
- Մարտկոցի ուռչելու առաջին իսկ նշանների դեպքում դադարեցրեք օգտագործումը և դիմեք սպասարկման կենտրոն:
- Օգտագործեք միայն օրիգինալ կամ սերտիֆիկացված լիցքավորիչներ:
- Թույլ մի՛ տվեք գերտաքացում, ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ և ուժեղ հարվածներ:
Կարճ ասած
Եթե սմարթֆոնը բռնկվել է՝ նախ հոսանքազրկեք, ապա մեկուսացրեք չայրվող մակերեսի վրա: Հանգցրեք կրակմարիչով, սոդայով, հողով կամ խիտ գործվածքով. ջրով՝ միայն ծայրահեղ դեպքում: Մի՛ շնչեք ծուխը և վտանգի դեպքում կանչեք հրշեջներին: Ավելի հեշտ և էժան է կանխել խնդիրը՝ հետևելով մարտկոցի վիճակին և օգտագործելով որակյալ լիցքավորիչ: