Խոշոր հարձակում PayPal-ի վրա․ հաքերներին հասանելի են դարձել 35,000 մարդու տվյալներ

20 հունվարի, 2023  12:15

PayPal-ի մոտ 35,000 օգտատեր հաքերային հարձակման է ենթարկվել, տեղեկացնում է Bleeping Computer-ը՝ նշելով, որ օգտատերերն սկսել են ծանուցումներ ստանալ, որ իրենց օգտահաշիվը կոտրել են՝ տվյալների փոխարինման միջոցով իրականացված հարձակման հետևանքով:

Սա հարձակման տեսակ է, որի ժամանակ հաքերները փորձում են մուտք գործել տվյալ օգտահաշիվ՝ օգտագործելով նույն անձի այլ ռեսուրսից գողացված իրական տվյալները։ Այս հարձակման թիրախն այն օգտատերերն են, որոնք տարբեր հարթակներում նույն գաղտնաբառն են օգտագործում։

PayPal-ի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել 2022 թ․ դեկտեմբերի 6-8-ն ընկած ժամանակահատվածում։ Այն հայտնաբերելուց հետո ընկերությունը ներքին հետաքննություն է սկսել, որն ավարտվել է դեկտեմբերի 20-ին և հաստատել, որ չարտոնված երրորդ անձինք մուտք են գործել օգտատերերի հաշիվներ:

Հարձակման հետևանքով տուժել է հարթակի 34,942 հաճախորդ։ Երկու օրվա ընթացքում հաքերներին հասանելի են եղել օգտահաշիվների սեփականատերերի լրիվ անունները, ծննդյան ամսաթիվը, փոստային հասցեները, սոցիալական ապահովության համարները և անհատ հարկ վճարողների նույնականացման համարները, ինչպես նաև գործարքների պատմությունը, օգտահաշվին միացված վարկային կամ դեբետային քարտերի տվյալները և PayPal-ի վճարային տվյալները:

PayPal-ը հայտարարել է, որ սահմանափակել է հարձակվողների մուտքը հարթակ և փոխել  տուժած օգտատերերի գաղտնաբառերը: Պլատֆորմը նաև պնդում է, որ կոտրված օգտահաշիվներից հարձակվողները չեն փորձել կամ չեն կատարել որևէ գործարք։

«Մենք տեղեկություն չունենք, որ միջադեպի հետևանքով ձեր անձնական տվյալներն օգտագործվել են կամ ձեր օգտահաշվում տեղի են ունեցել ինչ-որ չարտոնված գործարքներ»,- ասվում է PayPal-ի ծանուցման մեջ:

Ընկերությունը հայտարարել է, որ տուժած օգտատերերին կտրամադրվի Equifax վարկային մոնիտորինգի երկամյա անվճար ծառայություն: PayPal-ը նաև տուժած հաճախորդներին հորդորել է փոխել գաղտնաբառերը այլ օգտահաշիվների համար և միացնել երկգործոն նույնականացումը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ