Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է իրականացնել «Ներուժ 6.0» ծրագիրը՝ ուղղված հայկական սփյուռքի մասնակցությամբ տեխնոլոգիական ստարտափների զարգացմանը։
Նախաձեռնությունը ոչ միայն ամրապնդում է երկրի ստարտափ էկոհամակարգը, այլև խթանում է տնտեսական աճը՝ պայմաններ ստեղծելով տաղանդավոր մասնագետների հայրենադարձության համար։
Ներգրավելով աշխարհասփյուռ հայության ներուժը՝ ծրագիրը նպաստում է նորարարական լուծումների զարգացմանը և Հայաստանի տնտեսության մեջ համաշխարհային փորձի ինտեգրմանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը նշել է, որ այս տարի նախագիծն անցկացվում է արդեն վեցերորդ անգամ, և կազմակերպիչները որոշել են հայտերի վերջնաժամկետը երկարաձգել մինչև մայիսի 30-ը:
«Դա մեր հայրենակիցներին ավելի շատ ժամանակ և հնարավորություն կտա պատրաստվելու և իրենց ստարտափներն ամբողջությամբ ներկայացնելու համար: Մենք բազմաթիվ հարցումներ ենք ստացել սփյուռքի կազմակերպություններից, որոնք խնդրել են հայտերը ներկայացնելու համար լրացուցիչ ժամանակ տրամադրել»,- պարզաբանել է նա:
Բացի դրանից, մասնակցության մակարդակը թեև բարձր է, բայց դեռ չի հասել ակնկալվող մակարդակին, ուստի լրացուցիչ տեղեկատվական արշավներ կիրականացվեն՝ ամբողջ աշխարհի հնարավորինս շատ հայ ձեռներեցների ներգրավելու համար:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ծրագիրը ներառում է երկու փուլ: Նախ, իրականացվում է ստարտափների նախնական գնահատում, որից հետո ընտրված թիմերը Հայաստանից հրավեր կստանան։
Այս տարի նախատեսվում է ծրագրում ընդգրկել տարբեր երկրների շուրջ 40 թիմ։
Վեց օրվա ընթացքում նրանք կկարողանան ծանոթանալ տեղի բիզնես միջավայրին, Հայաստանում աշխատելու առավելություններին, համագործակցություն հաստատել և անհատական մենթորություն ստանալ։
«Ներուժ 6.0»-ին կարող են մասնակցել հայկական սփյուռքի այն ներկայացուցիչները, ովքեր առնվազն հինգ տարի ապրել են Հայաստանից դուրս և ունեն այլ երկրի քաղաքացիություն կամ այնտեղ մշտական բնակություն։ Թույլատրվում է մասնակցել նաև թիմերի, որոնց անդամների առնվազն կեսը սփյուռքից են, նաև՝ վերջին վեց ամսում Հայաստան տեղափոխված, բայց մինչ այդ առնվազն հինգ տարի արտերկրում ապրած հայրենադարձներ են։
Ծրագիրը ներառում է ինտենսիվ աքսելերացիա՝ միջազգային հեղինակավոր աքսելերատորի աջակցությամբ, ինչպես նաև ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ուղղված գործունեություն։ Մասնակիցները կմասնակցեն սեմինարների, pitch-նիստերի և նեթվորքինգի, որոնք կնպաստեն նրանց ստարտափների զարգացմանը:
Գլխավոր փուլի ավարտից հետո հաղթող ստարտափները մեկ ամիս շարունակելու են աջակցություն ստանալ միջազգային աքսելերատորից։ Այս ընթացքում նրանց կտրամադրվի մենթորություն, ռազմավարական խորհրդատվություն և մուտք ներդրողների և փորձագետների ցանց:
Հաղթողները կստանան դրամաշնորհներ երկու անվանակարգում. «Գաղափարների փուլ» և «Աճի փուլ»:
Ընդհանուր բյուջեն կազմում է 90 միլիոն դրամ։
«Գաղափարների փուլ» անվանակարգում դրամաշնորհները բաշխվում են հետևյալ կերպ. 1-ին տեղ՝ 15 միլիոն դրամ (մոտ 40 հազար դոլար),2-րդ տեղ՝ 10 միլիոն դրամ (մոտ 26 հազար դոլար), 3-րդ տեղ՝ 5 միլիոն դրամ (մոտ 13 հազար դոլար)։ «Աճի փուլ» անվանակարգում դրանք բաշխվում են հետևյալ կերպ.1-ին տեղ՝ 30 միլիոն դրամ (մոտ 77 հազար դոլար), 2-րդ տեղ՝ 20 միլիոն դրամ (մոտ 52 հազար դոլար), 3-րդ տեղ՝ 15 միլիոն դրամ (մոտ 40 հազար դոլար)։
Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների «Ներուժ 5.0» ծրագրի ժյուրիի անդամ Ռեմ Դարբինյանը ներկայացրել է իր դիտարկումները՝ հիմնված անցյալ տարվա մասնակիցների հետ շփման վրա։ Նրա խոսքով, մասնաիցներից շատերն ի սկզբանե գաղափար չունեին, թե ուր են գնում և ինչ սպասել։
Նրանց հետ նա զրուցել է իրենց ժամանման օրը, ապա՝ ծրագրի ավարտից հետո, և մասնակիցներն իրենք են խոստովանել, թե որքան են փոխվել իրենց պատկերացումները հայկական ստարտափ էկոհամակարգի մասին։ Նրանք նշել են, որ այժմ ավելի լավ են պատկերացնում Հայաստանում առկա հնարավորությունները։
Իհարկե, շատերը իրավիճակը համեմատել են Սիլիկոնային հովտի հետ՝ համարելով, որ Հայաստանը դեռ հեռու է այդ մակարդակից։
Սակայն, նրանք նաև նշել են, որ որոշ առումներով Հայաստանը նույնիսկ առաջ է աշխարհի առաջատար կենտրոններից, և այստեղ հաջողության հասնելը երբեմն ավելի հեշտ է, քան Սիլիկոնյան հովտում, որտեղ մրցակցությունը շատ ավելի մեծ է, իսկ ֆինանսավորումն ավելի դժվար է ձեռք բերել:
Դարբինյանը հորդորել է չհետաձգել «Ներուժին» մասնակցությունը և ակտիվորեն հայտեր ներկայացնել։
«Ներուժ» ծրագրի հաղթողներից մեկը՝ Mobi C ընկերության հիմնադիր Նարեկ Մանուկյանը, գրավեց երկրորդ տեղը և ստացավ 20 միլիոն դրամ դրամաշնորհ։ Դա նրան հնարավորություն տվեց Հայաստանում թիմ հավաքելու և սկսելու աշխատանքը: Mobi C-ն արհեստական բանականությամբ աշխատող հավելված է, որն օգնում է վարձակալներին, հատկապես նրանց, ովքեր բնակարաններ են վարձով տալիս Airbnb-ի կամ Booking-ի նման հարթակների միջոցով:
«Հաճախ բնակարան տեղափոխվելիս հյուրերն ունենում են ստանդարտ հարցեր, որոնք այժմ ինքնաբերաբար կլուծվեն։ QR կոդը սկանավորելով՝ հաճախորդը կկարողանա տալ բնակարանի վերաբերյալ իրեն հետաքրքրող բոլոր հարցերը և արագ պատասխան ստանալ։ Միևնույն ժամանակ հաճախորդը չի էլ հասկանա, որ շփվում է ոչ թե մարդու, այլ արհեստական բանականության հետ»,- պատմում է Մանուկյանը։
Հավելվածի թողարկումը նախատեսված էր այս ամիս, սակայն թիմը որոշեց գործարկումը փոքր-ինչ հետաձգել և տեղափոխել հաջորդ ամիս:
Թեև «Ներուժ» ծրագրի նպատակներից մեկն էլ ապահովելն է, որ հաղթող ստարտափները մնան Հայաստանում, բայց չկա ստույգ վիճակագրություն, թե քանի ստարտափ է գործունեությունը շարունակել երկրում։
Ծրագրի պայմաններով՝ ստարտափներից պահանջվում է Հայաստանում ընկերություն գրանցել և այստեղ աշխատել առնվազն մեկ տարի։
«Շատերը շարունակում են աշխատել Հայաստանում։ Որոշ ստարտափներ հարմարվում են փոփոխվող շուկայական պայմաններին։
«Ես չեմ հետևել, թե նախորդ տարիների քանի հաղթողներ են դեռևս աշխատում Հայաստանում, բայց ակնհայտ է, որ այստեղ մնալով նրանք ստանում են մրցակցային առավելություններ՝ մի շարք ծախսերի առումով խնայողություն անելով»,- նշել է ծրագրի ժյուրիի անդամ Ռեմ Դարբինյանը։
Նա հավելել է, որ շատ ստարտափներ, հասկանալով Հայաստանի սահմանափակ շուկան, թիրախավորում են համաշխարհային շուկաները։ Վերջին տարիներին կենսատեխնոլոգիական ստարտափների աճ է նկատվում։
Սա շատ հաջողված միջավայր է, բայց արտադրանքի երկար փորձարկումների պատճառով (կլինիկական փորձարկումները տևում են 7-10 տարի), նման ստարտափները հաճախ մնում են կուլիսներում, թեև նրանց ձեռքբերումները բավականին նշանակալի են:
month
week
day