Ռուսական Killnet խմբի հաքերները Telegram-ի իրենց էջում հայտարարել են, որ կոտրել են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցների տվյալների բազան։
Killnet-ը հայտնել է, որ իրենց հաջողվել է հասանելիություն ստանալ ՀԴԲ-ի 10,210 աշխատակիցների տվյալներին: Նրանք նշել են, որ իրենց տրամադրության տակ են հայտնվել ՀԴԲ-ի աշխատակիցների բոլոր գաղտնաբառերը տարբեր օգտահաշիվներից։
«Մեր տրամադրության տակ են բոլոր գաղտնաբառերը՝ առցանց խանութներից մինչև բժշկական ընդունելության քարտեր, Google և Apple հաշիվներ։ Facebook-ի և Instagram-ի օգտահաշիվներ, գաղտնաբառեր պոռնո կայքերից»,- ասվում է Killnet-ի տարածած հայտարարությունում։
Նոյեմբերի սկզբին Killnet խմբավորումը հայտնել էր, որ հարձակում է գործել եվրոպական երկրների, այդ թվում՝ բալթյան երկրների պետական անվտանգության կայքերի և հետախուզական գործակալությունների վրա: Հաքերներն այսպես էին շնորհավորել Ռուսաստանի Դաշնության ռազմական հետախուզության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, որը նշվում է նոյեմբերի 5-ին։
«Շնորհավորում ենք Ռուսաստանի բոլոր հետախույզներին մեծ տոնի կապակցությամբ: Ի պատիվ ձեզ, մենք մի փոքր աղմուկ կբարձրացնենք փտած Բալթիկայում»,- ասվում էր Killnet-ի տարածած հաղորդագրությունում։
Այդ ժամանակ Killnet-ի կիբեռհարձակման էին ենթարկվել Էստոնիայի պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնը, Լեհաստանի հետախուզական գործակալությունը և Բուլղարիայի պետական հետախուզական վարչությունը։ Հարձակման էին ենթարկվել նաև Ռումինիայի և Մոլդովայի համապատասխան ռեսուրսները։
Հոկտեմբերին KillNet-ի հաքերները հայտնել էին Բուլղարիայի պետական կայքերի վրա հարձակման մասին՝ «Ռուսաստանին դավաճանելու համար»։ Այդ ժամանակ Բուլղարիայում մոտ մեկ տասնյակ պետական կայքեր արգելափակվեցին, այդ թվում՝ Բուլղարիայի նախագահի, կառավարության, Սահմանադրական դատարանի, Էլեկտրոնային կառավարման, Ֆինանսների Պաշտպանության, Արդարադատության, Առողջապահության նախարարությունների, ինչպես նաև ՆԳՆ և հետախուզության կայքերը։
ամիս
շաբաթ
օր