Telegram-ում կիրառվում է ավտոմատացված սխեմա, որով գողանում են օգտահաշիվները

22 նոյեմբերի, 2024  17:40

2024-ի ամառվանից խաբեբաներն ակտիվորեն ստեղծում են ավտոմատացված չատեր՝ Telegram-ի օգտահաշիվները գողանալու համար: Այս մասին Газета.Ru-ին հայտնել է Solar Group-ի Solar AURA արտաքին թվային սպառնալիքների մոնիտորինգի կենտրոնի զարգացման տնօրեն Ալեքսանդր Վուրասկոն։

«Հատկանշական է, որ այս սխեմայի շրջանակում ամեն ինչ ավտոմատացված է։ Հնարավոր զոհերին ավելացնում են չատում, որտեղ նրանց խնդրում են քվեարկել իրենց ծանոթ մարդու օգտին, ում օգտահաշիվն արդեն կոտրել են: Չատի հղումը տանում է դեպի ֆիշինգային ռեսուրս, և չատն ինքնին ստեղծվում և մոդերացվում է ավտոմատ կերպով»,- ասել է Վուրասկոն:

Փորձագետի խոսքով՝ չատում ակտիվությունը պահպանվում է բոտերի օգնությամբ, որոնք հայտնում են, որ իրենք արդեն քվեարկել են և խրախուսում են մյուսներին անել նույնը։ Երբ օգտատերը փորձում է կասկած հայտնել կամ հարցեր տալ, նրա հաղորդագրություններն անմիջապես ջնջվում են, և նրան հանում են չատից։

Այս մեխանիզմը նախկինում օգտագործվել է խարդախ սխեմայի մեջ, երբ տուժողին խնդրում էին գնահատել ապրանքները շուկաներում, իսկ հետո գնել դրանք: Տուժողին ավելացնում էին նաև մեսենջերում խմբային չատում, որտեղ մասնակիցների մեծ մասը բոտեր էին, որոնք ստեղծում են ակտիվ գործունեության խաբկանք։

Խաբեբաների հնարքների զոհը չդառնալու համար փորձագետը խորհուրդ է տալիս կասկածելի կայքերում և անծանոթների հետ զրույցներում անձնական տվյալներ չտրամադրել՝ ներառյալ մուտքանունները, գաղտնաբառերը և վավերացման երկգործոն կոդերը: Միևնույն ժամանակ, պետք է օգտագործել բացառապես պաշտոնական ռեսուրսներ և ստուգել դրանց հասցեն որոնման համակարգի միջոցով, ինչպես նաև օգտագործել հակավիրուսային ծրագրեր՝ չարամիտ ծրագրերից և ֆիշինգային հարձակումներից լրացուցիչ պաշտպանվելու համար: 


 
  • #ԳործԿա

  • Most read
 
 
 
 
  • Archive