ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի էլփոստի համակարգը հաքերային հարձակման է ենթարկվել

18 նոյեմբերի, 2024  17:32

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի էլեկտրոնային փոստի համակարգերն այս տարվա սկզբին «օտարերկրյա հակառակորդի» կողմից հաքերային հարձակման են ենթարկվել, տեղեկացնում է Fox News-ը:

Պարզ չէ, թե արդյոք կոտրել են այն մարդկանց օգտահաշիվները, որոնք ուղղակիորեն աշխատում են Ներկայացուցիչների պալատի և Սենատի համար: Այնուամենայնիվ, Fox News-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանությունը հարցը փոխանցել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին, և այժմ այն հետաքննում է հաքերային հարձակման շրջանակը:

Կոնգրեսի գրադարանը ծանուցել է Կոնգրեսի հարձակումից տուժած անձնակազմին թե՛ Ներկայացուցիչների պալատում, թե՛ Սենատում, որոնք ներառում էին ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական ​​պաշտոնյաների գրասենյակներ:

«Կոնգրեսի գրադարանը վերջերս հայտնաբերել է գրադարանի տեղեկատվական տեխնոլոգիաների միջավայրի կիբեռխախտում, որի արդյունքում հակառակորդը հասանելիություն է ստացել էլեկտրոնային հաղորդակցությանը, որը տեղի է ուենցել 2024-ի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում գրադարանի աշխատակիցների և Կոնգրեսի գրասենյակների միջև», - Fox News-ին ասել է Կոնգրեսի գրադարանի խոսնակ Բիլ Ռայանը:

«Գրադարանը վերացրել է խոցելիությունը, որը հակառակորդն օգտագործել է այս էլեկտրոնային նամակներին հասանելիություն ստանալու համար և միջոցներ է ձեռնարկել ապագայում նման միջադեպերը կանխելու համար: Գրադարանը հարցը փոխանցել է իրավապահ մարմիններին և իրականացնում է խախտման սեփական վերլուծությունը»,- հավելել է նա:

Կոնգրեսի գրադարանն իր հերթին հավելել է, որ Ներկայացուցիչների պալատի և Սենատի ցանցերը, ներառյալ Ներկայացուցիչների պալատի և Սենատի անհատական ​​​​էլփոստերը ազդեցության չեն ենթարկվել, ոչ էլ ԱՄՆ հեղինակային իրավունքի գրասենյակի համակարգերը։

«Գրադարանը ներկայումս վերլուծում է, թե ինչ էլփոստերի հաղորդակցություններին են հասանելիություն ստացել, և կկապվի ազդեցության ենթարկված Կոնգրեսի աշխատակազմի և գրասենյակների հետ՝ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար, երբ այն հասանելի դառնա», - Կոնգրեսի գրադարան:

Ըստ Fox News-ի՝ հարձակումը որակվում է որպես «դասական, օտարերկրյա թշնամական բարդ լրտեսություն»: Դա նշանակում է, որ հաքերը, ամենայն հավանականությամբ, փորձել է հասկանալ, թե ինչ հարցեր են օրենսդիրներն ու նրանց օգնականները տալիս Կոնգրեսի գրադարանին օրենսդրության և իրենց ստացած պատասխանների վերաբերյալ: Հ​աջողության հասնելու դեպքում, նման լրտեսությունը կարող է լույս սփռել որոշ թեմաների վերաբերյալ օրենսդիրների հայացքների վրա:

Ենթադրվում է, որ հաքերները թիրախավորել են Կոնգրեսի գրադարանը, քանի որ այն ավելի թույլ պաշտպանված թիրախ է, քան Կոնգրեսի մնացած մասը, և չունի ավելի բարդ համակարգեր, որոնք Կոնգրեսի մնացած անդամներն օգտագործում են կիբեռլրտեսությունից պաշտպանվելու համար: 


 
  • #ԳործԿա

  • Most read
 
 
 
 
  • Archive