Բիթքոյնը նոր ռեկորդ է գրանցել՝ հատելով 81,000 դոլարի շեմը

11 նոյեմբերի, 2024  11:46

Բիթքոյնի գինը երկուշաբթի բարձրացել է մինչև 81,000 դոլար ռեկորդային մակարդակի, ինչը կապված է ակնկալիքների հետ, որ կրիպտոարժույթների համար բարենպաստ կարգավորիչ միջավայր կստեղծվի այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Դոնալդ Թրամփը, իսկ ԱՄՆ Կոնգրես անցան կրիպտոարժույթների հարցում բարյացակամ տրամադրված թեկնածուներ։

Աշխարհի ամենամեծ և ամենահայտնի կրիպտոարժույթի գինն այժմ ավելի քան կրկնապատկվել է տարվա նվազագույն գնի՝ 38,505 դոլարի համեմատ և վերջին անգամ կազմել է 81,572 դոլար։

Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում դրական էր խոսել թվային ակտիվների մասին՝ խոստանալով Միացյալ Նահանգները դարձնել «մոլորակի կրիպտո մայրաքաղաք» և կուտակել բիթքոյնի ազգային պաշար: Ընտրություններից ի վեր բաժնետոմսերի, կարճաժամկետ պարտատոմսերի շուկայում որոշակի անկում եղել է, սակայն կրիպտոարժույթները միայն աճել են։

City Index ընկերության շուկայի ավագ վերլուծաբան Մեթ Սիմփսոնը, անդրադառնալով նրան, որ հանրապետականները մոտ են երկու պալատների նկատմամբ վերահսկողություն ստանձնելուն, ասել է, թե նրանք կարծես խաղադրույք են անում թվային արժույթի ապակարգավորման վրա։

Թեև Սիմփսոնը նախազգուշացրել է, որ առաջիկայում Թրամփի առաջնահերթությունները,  հավանաբար, կլինեն այլ տեղ, կրիպտոներդրողներն ակնկալում են, որ ավարտին է մոտենում ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի նախագահ Գարի Գենսլերի (ում Թրամփն ասել է, որ կազատի աշխատանքից) կողմից ուժեղացված վերահսկողության ժամանակաշրջանը։


 
 
 
 
  • Archive