Իլոն Մասկը Twitter-ի գլխամասային գրասենյակը վերածել է «հյուրանոցի»

8 դեկտեմբերի, 2022  20:19

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը ընկերության գլխամասային գրասենյակը, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում, վերածել է «հյուրանոց» իր և իր աշխատողների համար, տեղեկացնում է BBC-ին, որն ասվածն ապացուցող լուսանկարներ է հրապարակել։  

Լուսանկարներից մեկում երևում է սենյակ, որում տեղադրված է երկու անձի համար նախատեսված մահճակալ է, զգեստապահարան, նաև երևում են հողաթափեր։

Մեկ այլ լուսանկարից պարզ է դառնում, որ բազմոցն օգտագործվում է որպես մահճակալ։ Հանդիպումների համար նախատեսված սրահներից մեկը նույնպես ձևափոխվել է ննջարանի։

Twitter-ի նախկին աշխատողներից մեկն ասել է, որ սոցցանցը ձեռք բերելուց հետո Իլոն Մասկը բնակվում է ընկերության գլխամասային գրասենյակում։ «Այն կարծես հյուրանոցային համար լինի»,- ասել է նա։

Twitter office bedroom.JPG (45 KB)

Կալիֆոռնիա նահանգի սենատոր Սքոթ Վիներն ասել է, որ Մասկն այժմ աշխատողներին ստիպում է քնել Twitter-ում: «Պարզ է, որ նա իրականում թքած ունի մարդկանց վրա, թքած ունի իր մոտ աշխատող մարդկանց վրա»,- ասել է նա:

Մասկն արձագանքել է ընկերության գրասենյակը հյուրանոցի վերածելու վերաբերյալ հրապարակումներին՝ ասելով, թե քաղաքը քննադատում է ընկերություններին, որոնք մահճակալներ են տրամադրում «հոգնած աշխատողներին»։ Թվիթերյան գրառումներից մեկում, որն ավելի ուշ ջնջել է, Մասկը գրել էր, որ այսուհետ քնելու է գրասենյակում, քանի դեռ «խելքի չի բերել ընկերությունը»։  

Իլոն Մասկը նաև լրագրողներից մեկին ի պատասխան Twitter-ում գրել էր, թե քաղաքային իշխանության համար պետք է առաջնահերթություն լինի երեխաներին օփիումի օգտագործումից և դրա հետևանքներից զերծ պահելը։

Անցած ամիս Մասկն աշխատողներին վերջնագիր-նամակ էր ուղարկել, որում պահանջել էր կամ աշխատել երկար ժամեր և ինտենսիվ, կամ հեռանալ ընկերությունից։ «Միայն բացառիկ կատարողականը կհամարվի անցողիկ գնահատական»,- գրել էր նա։ Նամակից հետո աշխատողներից շատերն էին ազատվել աշխատանքից, մի մասին էլ Մասկն անձամբ էր ազատել իրեն հրապարակավ քննադատելու համար։

Ըստ Bloomberg-ի՝ Twitter-ի գրասենյակում են գիշերում Մասկին պատկանող Tesla ընկերության ներկայացուցիչներն ու այլ աշխատակիցներ, որոնց Մասկը բերել է Twitter-ում աշխատելու։ Նրանցից մի քանիսն այլ քաղաքներից Սան Ֆրանցիսկո են գալիս զուտ Twitter-ի գործնական հանդիպումների մասնակցելու համար։ 

Սան Ֆրանցիսկոյի շինարարական վերահսկողության վարչությունը հաստատել է, որ բողոքներ է ստացել և այժմ հետաքննում է հնարավոր խախտումների առկայությունը։ Վարչությունից CBS News-ին ասել են. «Մենք պետք է համոզվենք, որ շենքն օգտագործվում է այնպես, ինչպես նախատեսված է»:

Հիշեցնենք, որ 2020 թ․ մայիսին Twitter-ն իր աշխատակիցներին ծանուցել էր, որ ցանկության դեպքում հեռավար կարող են աշխատել «ընդմիշտ», քանի որ կորոնավիրուսի ժամանակ հեռավար աշխատանքի հետ կապված ընկերության ձեռնարկած միջոցառումները պսակվել են հաջողությամբ։

twitter bedroom .JPG (21 KB)

 

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ