ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գործարկել է իր World Liberty Financial (WLF) կրիպտոնախագիծը, սակայն այն ձախողվել է․ նախագծի կայքը չի կարողացել սպասարկել օգտատերերի հոսքը՝ տեխնիկապես չդիմանալով ծանրաբեռնվածությանը, ինչը զգալիորեն սահմանափակել է WLFI անունն ստացած թոքենի վաճառքը:
Նախագիծը մեկնարկել է դժվարություններով։ Ինչպես հաղորդում է CNBC-ն, Թրամփի և նրա ընտանիքի կողմից ղեկավարվող WLF հարթակը թոքենների վաճառքն սկսել է երեքշաբթի։ Իսկ նախօրեին նախագծի համահիմնադիր Զաքարի Ֆոլկմանն ասել է, որ «ավելի քան 100,000 մարդ է հայտնվել սպիտակ ցուցակում [առաջին] ներդրումների համար»: Այնուամենայնիվ, WLF կայքը կանոնավոր կերպով և տևական ժամանակով հասանելի չի եղել՝ սահմանափակելով վաճառքների քանակը: Ըստ Etherscan-ի բլոկչեյն հարթակի՝ երեքշաբթի երեկոյան թոքենները գտնվում էին մոտ 4300 եզակի դրամապանակներում, որոնք ներկայացնում էին գրանցված գնորդների ընդհանուր թվի միայն 4%-ը:
Ողջ օրվա ընթացքում թոքեններ գնել ցանկացող օգտատերերին կայքում անընդհատ ցուցադրվել է «Մենք տեխնիկական սպասարկում ենք անցնում» հաղորդագրությունը: Վերջում հարթակը հայտնել է, որ վաճառվել է ավելի քան 532 միլիոն թոքեն՝ մեկ հատը 15 ցենտ գնով։ Սա հանրային վաճառքի համար հասանելի 20 միլիարդ թոքենների 3%-ից ավելի քիչ է: Փորձագետները նշում են, որ անհաջող մեկնարկը Թրամփի համար վարկանիշի առումով այնքան էլ լավ չէ, քանի որ նա ԱՄՆ նախագահի թեկնածու է Հանրապետական կուսակցությունից, իսկ ընտրություններին մնացել է ընդամենը երեք շաբաթ։

Թրամփն ու նրա ընտանիքը օգոստոսից ակտիվորեն գովազդում են նախագիծը, և համաձայն ներդրողներին ներկայացված և The Block կայքում առաջին անգամ հրապարակված ճանապարհային քարտեզի՝ WLF-ը նախատեսում է հավաքել 300 միլիոն դոլար՝ նախագծի նախնական վաճառքի ժամանակ 1,5 միլիարդ դոլար գնահատականի դեպքում: WLF-ի թոքենների 20%-ը կհատկացվի հիմնադիր թիմին, այդ թվում՝ Թրամփի և Ֆոլկմանի ընտանիքին:
WLFI թոքենը կառաջարկվի որպես կանոնակարգ D առաջարկի մաս, ինչը թույլ կտա կապիտալ ներգրավել առանց ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովում բաժնետոմսերի նախնական գրանցման: Այնուամենայնիվ, պետք է պահպանվեն որոշակի պայմաններ, ինչպիսիք են վաճառքի ծավալի սահմանափակումը և վաճառքը միայն հավատարմագրված ներդրողներին, որոնց կարողությունը գերազանցում է 1 միլիոն դոլարը, ինչպես նաև ավարտին հասցնել DeFi էկոհամակարգում նախագծի հաստատման գործընթացը:
WLF-ի ներկայացուցիչները նաև ասել են, որ օգտատերերին կառաջարկվի վարկեր վերցնել, վարկեր տրամադրել և ներդրումներ կատարել կրիպտոարժույթում: Պաշտոնական տեխնիկական փաստաթուղթ (white paper) կամ բիզնես ծրագիր դեռևս չի հրապարակվել: Հայտնի է, որ ներդրողները WLF-ում ձայնի իրավունք կունենան:
Հաղորդվում է, որ վերջին օրերին կրիպտոնախագիծը միակ խնդիրը չէր՝ կապված Թրամփի ներդրումների հետ։ Երեքշաբթի Truth Social սոցկայքի մայր ընկերության՝ Trump Media & Technology Group-ի բաժնետոմսերը գրեթե 10%-ով արժեզրկվել էին այն բանից հետո, երբ առևտուրը ժամանակավորապես դադարեցվել էր բաժնետոմսերի հանկարծակի գնանկման պատճառով:
month
week
day