ՆԱՍԱ-ի Artemis 1-ի գործարկումը մինչեւ հոկտեմբեր կարող է հետաձգվել

24 սեպտեմբերի, 2022  14:41

ՆԱՍԱ-ի անօդաչու առաքելության սեպտեմբերի 27-ին նախատեսված արձակումը դեպի Լուսին կարող է կրկին հետաձգվել, այս անգամ՝ մինչեւ հոկտեմբեր:

Մի քանի շաբաթ առաջ արձակման երկու փորձերը խափանվել էին տեխնիկական խնդիրների, այդ թվում՝ վառելիքի արտահոսքի պատճառով։ Այժմ Կարիբյան ծովում փոթորկի պատճառով սպառնալիքի տակ է նաեւ Artemis 1 առաքելության նոր արձակումը, որը նախատեսված է սեպտեմբերի 27-ին:

Դեռեւս անանուն փոթորիկը ներկայումս մոլեգնում է Դոմինիկյան Հանրապետությունից հարավ։ Սակայն մտավախություններ կան, որ առաջիկա օրերին այն կվերածվի մրրիկի եւ կարող է շարժվել դեպի հյուսիս՝ Ֆլորիդա, որտեղ գտնվում է Քենեդու տիեզերական կենտրոնը, որտեղից էլ հրթիռը պետք է արձակվի։

«Մեր պլան Ա-ն այն է, որ ուղուց չշեղվենք եւ արձակումն իրականացնենք սեպտեմբերի 27-ին,- լրագրողներին ասել է ՆԱՍԱ-ի վերգետնյա հետազոտական համակարգերի մենեջեր Մայք Բոլջերը: - Բայց մենք հասկացել ենք, որ նաեւ պետք է շատ ուշադիր լինենք եւ մտածենք պլան Բ-ի մասին»:

Հնարավոր է, որ տիեզերական արձակման համակարգի հսկայական հրթիռը ստիպված լինեն վերադարձնել տրանսպորտային միջոցների հավաքման շենք, որը հայտնի է VAB (Vehicle Assembly Building) անվանումով:

«Եթե մենք անցնենք պլան Բ-ի, մեզ մի քանի օր պետք կլինի, որպեսզի հեռանանք լիցքավորման մեր ընթացիկ թեստից կամ արձակման կոնֆիգուրացիայից եւ վերադառնանք VAB-ի պաշտպանության ներքո», - ասել է Բոլջերը:

Նրա խոսքով՝ վերջնական որոշումը պետք է կայացվի այսօր երեկոյան։

Մեկնարկային հարթակում սպիտակ-նարնջագույն SLS հրթիռը կարող է դիմակայել մինչեւ ժամում 137 կիլոմետր արագությամբ քամու պոռթկումներին: Բայց եթե հրթիռը ստիպված լինեն թաքցնել VAB-ում, արձակման ընթացիկ պատուհանը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 4-ը, բաց կթողնվի:

Արձակման հաջորդ պատուհանը կլինի հոկտեմբերի 17-31-ը` օրական մեկ թռիչքի հնարավորությամբ, բացառությամբ հոկտեմբերի 24-26-ի եւ 28-ի: Առաքելության արձակման հնարավոր ամսաթիվը կախված է նրանից, թե կհաջողվի արդյոք ՆԱՍԱ-ին հատուկ թույլտվություն ստանալ՝ վթարային թռիչքների համակարգում մարտկոցների կրկնակի ստուգումից խուսափելու համար։ Այդ համակարգն օգտագործվում է հրթիռը ոչնչացնելու նպատակով, եթե այն շեղվի նախատեսված ճանապարհից եւ թռչի դեպի բնակելի տարածքներ:

Սեպտեմբերի 27-ին արձակման պատուհանը կբացվի տեղական ժամանակով 11:37-ին եւ կտեւի 70 րոպե։ Եթե հրթիռն, այնուամենայնիվ, թռչի այդ օրը, առաքելությունը կտեւի 39 օր, որից հետո հրթիռը նոյեմբերի 5-ին վայրէջք կկատարի Խաղաղ օվկիանոսում:

Artemis 1 տիեզերական առաքելության նպատակներից մեկը SLS հրթիռի, ինչպես նաեւ դրան կցված անօդաչու Orion պարկուճի փորձարկումն է՝ դեպի Լուսին մարդու ապագա առաքելություններին նախապատրաստման շրջանակներում։ Այս առաքելության ընթացքում տիեզերագնացներին կփոխարինեն հատուկ սենսորներով մանեկենները, որոնք կգրանցեն արագացման, վիբրացիայի եւ ճառագայթման մակարդակները։

Սպասվում է, որ հաջորդ՝ Artemis 2 առաքելությունը, տիեզերագնացներին կտանի Լուսնի շուրջը ուղեծիր՝ առանց նրա մակերեւույթին վայրէջք կատարելու:

Իսկ Artemis 3 առաքելության անձնակազմն արդեն կկարողանա վայրէջք կատարել Լուսնի վրա, սակայն դա տեղի կունենա 2025 թվականից ոչ շուտ։


 
 
 
 
  • Արխիվ