Google-ը, Amazon-ը, Facebook-ը գաղտնալսում են օգտատերերին՝ նպատակային գովազդ ցուցադրելու համար․ CMG

3 սեպտեմբերի, 2024  16:17

Cox Media Group մեդիա կոնգլոմերատը տեխնոլոգիական ընկերություններին առաջարկել է նպատակային գովազդ ստեղծելու նոր գործիք, որը վերլուծում է տնային սարքերից հավաքված ձայնագրությունները։ Այս ծրագրի գոյության մասին հայտնի դարձավ անցյալ տարի, և այժմ 404 Media-ին հաջողվել է ձեռք բերել Cox-ի պրեզենտացիան և հաստատել, որ ՏՏ հսկաները գաղտնալսում են օգտատերերի խոսակցությունները։

Արհեստական ​բանականությունն օգտագործվում է սպառողների առցանց վարքագծի վերաբերյալ տվյալներ հավաքելու համար, ընդ որում սպառողները «թողնում են տվյալների հետք՝ հիմնվելով իրենց խոսակցությունների և առցանց վարքի վրա»: ԱԲ-ն հավաքում և վերլուծում է «վարքային և ձայնային տվյալներ ավելի քան 470 աղբյուրներից»:

Այս գործիքներն առաջարկվում են գովազդատուներին Միացյալ Նահանգներում, որտեղ շատ նահանգներ ունեն գաղտնալսման մասին օրենքներ. առանց մարդու իմացության նրան ձայնագրելը հիմնականում արգելված է: Պրեզենտացիայում նշվում է, որ Cox-ը համագործակցում է խոշոր տեխնոլոգիական հարթակների հետ, այդ թվում՝ Google-ի, Amazon-ի և Facebook-ի, սակայն այդ ընկերությունները հերքել են, թե համագործակցում են։

Google-ն ասել է, որ հեռացրել է Cox-ին իր գովազդային գործընկերների ծրագրից և նշել, որ «բոլոր գովազդատուները պետք է համապատասխանեն բոլոր կիրառելի օրենքներին և կանոնակարգերին, ինչպես նաև Google Ads-ի մեր քաղաքականությանը, և երբ մենք հայտնաբերենք գովազդներ կամ գովազդատուները, որոնք խախտում են այս քաղաքականությունը, մենք համապատասխան գործողություններ կձեռնարկենք»:

Amazon-ից ասել են, որ «Amazon Ads-ը երբեք չի համագործակցել CMG-ի հետ այս ծրագրում և չի պլանավորում դա անել»: Meta-ից էլ նշել են, որ ընկերությունը պրեզենտացիայում նշված է որպես «գլխավոր մարկետինգային գործընկեր, այլ ոչ թե «այս ծրագրում» գործընկեր», ինչպես նաև հղում արել Facebook-ի քաղաքականության վերաբերյալ կորպորատիվ բլոգում արված գրառմանը՝ կապված թիրախային գովազդի նպատակով խոսափողերի օգտագործման հետ։


 
  • #ԳործԿա

  • Most read

month

week

day

 
 
 
 
  • Archive