Ամեն օր աշխարհում հայտնվում են հարյուրավոր և հազարավոր նոր ստարտափներ, սակայն դրանցից միայն մի քանիսն են հաջողության հասնում և շահույթ բերում իրենց ստեղծողներին և ներդրողներին: Ինչի՞ց է կախված ստարտափի հաջողությունը: Ի՞նչ չափանիշների այն պետք է համապատասխանի: Որքանո՞վ է կարևոր թիմի փորձառու լինելը։ Այս ամենի մասին NEWS.am Tech-ը զրուցել է Sensyan խորհրդատվական ընկերության ղեկավար Րաֆֆի Քասարջյանի հետ, որը մենթորական սեանսներ է անցկացնում Sevan Startup Summit 2024-ի ժամանակ։
Լավ ստարտափը, ըստ Քասարջյանի, պետք է լուծում առաջարկի ինչ-որ խնդրի՝ և՛ գլոբալ (օրինակ՝ մոլորակի կլիմայի փոփոխությունը), և՛ փոքր, տեղական (ընտանի կենդանիների համար ծառայություններ, սննդի առաքում և այլն): Եվ եթե այս խնդիրն արդիական լինի մոլորակի բավարար թվով մարդկանց համար, հավանաբար կլինեն օգտատերեր, որոնց կհետաքրքրի ստարտափի առաջարկած լուծումը։
Եթե տվյալ խնդիրն արդիական է նաև հենց ստարտափների հիմնադիրների համար, սա, ըստ Քասարջյանի, մեծ առավելություն է, քանի որ նրանք ավելի լավ կհասկանան այդ խնդիրը և դրա լուծման արժեքը, ավելին, ժամանակ և ջանք չեն խնայի իրենց նախագծի վրա, և դա զգալիորեն կբարձրացնի նրանց հաջողության հնարավորությունները:
Կարևոր է նաև նշել, որ ստարտափի առաջարկած խնդրի լուծումը պետք է լինի եզակի, յուրօրինակ, ինչ-որ առումով նույնիսկ նորարարական։ Իսկ եթե դու անում ես նույնը, ինչ անում են ուրիշները, բայց, օրինակ՝ ավելի էժան, դժվար թե դա հաջողություն բերի։ Ինչպես ընդգծեց մասնագետը, անհրաժեշտ է, որ այն իսկապես նոր ու յուրօրինակ լուծում լինի։
Ստարտափի հաջողության համար երրորդ գործոնը հստակ գիտակցելն է, թե ինչպես է այն պահպանելու իր կայուն մրցակցային առավելությունը (sustainable competitive advantage): Ի վերջո, եթե ստարտափը հետաքրքիր և արդյունավետ լուծում է առաջարկում արդիական որևէ խնդրի, ապա շատ ուրիշներ հավանաբար կսկսեն անել նույնը՝ կրկնօրինակելով նրա գաղափարը։ Ինչպե՞ս է ստարտափը պլանավորում պահպանել իր հաճախորդներին, զարգանալ և ներգրավել նոր հաճախորդների: Ինչպե՞ս է այն պահպանելու իր տեղը շուկայում։ Առանց այս հարցերի հստակ պատասխանների, ստարտափը, հավանաբար, դատապարտված կլինի ձախողման:
Հաջորդ գործոնը, որից կախված կլինի ստարտափի հաջողությունը, թիմն է, որն աշխատում է դրա վրա: Որքանո՞վ են աշխատակիցները հետաքրքրված իրենց նախագծով: Ի՞նչ փորձ ունեն ։ Արդյոք նախկինում հիմնել են ստարտափ կամ աշխատել ստարտափում:
Պատասխանելով հարցին, թե ով կունենա հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություն՝ անփո՞րձ թիմը, թե՞ իր հետևում բազմաթիվ ձախողումներ ունեցողը, Րաֆֆի Քասարջյանն ասաց, որ փորձը, թեկուզ բացասական, շատ օգտակար է և ցույց է տալիս, թե ինչ չի կարելի անել և ինչից լավ կլինի խուսափել: Մյուս կողմից, փորձի պակասը, ըստ մասնագետի, նույնպես չի նշանակում, որ թիմը չի կարող հաջողության հասնել։ Շատ բան, այսպես թե այնպես, կախված կլինի գործադրվող ջանքերից և աշխատանքների համակարգումից։ Բացի դրանից՝ միշտ կարելի է խորհուրդ հարցնել ավելի փորձառուներից. Հայաստանում ստարտափ էկոհամակարգում մթնոլորտը շատ բարեկամական է, և շատերն են պատրաստ օգնել ուրիշներին։
Հինգերորդ գործոնը, ըստ մասնագետի, ստարտափ թիմի կողմից իր ֆինանսական և բիզնես մոդելի հստակ ընկալումն է։ Ո՞րն է նրանց թիրախային շուկան: Կոնկրետ ինչպե՞ս են գումար վաստակելու։ Ինչպե՞ս են ընդլայնվելու։ Այս ամենը կարևոր է, որպեսզի հնարավոր լինի համոզել պոտենցիալ ներդրողներին, որ իսկապես իմաստ ունի գումար ներդնել այս նախագծում։
Sevan Startup Summit 2024-ը, որի մեդիագործընկերը NEWS.am Tech-ն, անցկացվում է հուլիսի 21-ից 27-ը և ՏՏ ոլորտի տարվա կարևորագույն իրադարձություններից է։ Ոչ պաշտոնական բիզնես ֆորումը, որն անցկացվում է Սևանա լճի ափին գտնվող վրանային քաղաքում, ամեն տարի ներգրավում է հարյուրավոր ստարտափների Հայաստանից և մի շարք այլ երկրներից՝ հնարավորություն տալով նրանց ներկայացնել իրենց գաղափարները պոտենցիալ ներդրողներին և մենթորներին, լսել հայտնի հյուրերի ելույթները, մասնակցել պանելային քննարկումների, սեմինարների և զրույցների խարույկի մոտ, ժամանցային միջոցառումների և այլն:
Նախորդ Sevan Startup Summit-ում Րաֆֆի Քասարջյանը դասախոսություններ էր կարդում, սակայն այս տարի նա կենտրոնացել է մենթորի դերի վրա. ամբողջ ֆորումի ընթացքում 10 րոպեանոց հանդիպումների ժամանակ նա խորհուրդ է տալիս ստարտափ ստեղծողներին և օգնում նրանց հասկանալ, թե որքան խոստումնալից է իրենց գաղափարը և ինչ է անհրաժեշտ անել այն առաջ մղելու համար:
Այսօր ֆորումի չորրորդ օրն է, և այս ընթացքում, ըստ Քասարջյանի, նա արդեն հանդիպել է շատ հետաքրքիր ստարտափների, սակայն նրանք բոլորն էլ գտնվում են «զարգացման» տարբեր փուլերում. ոմանք միայն լավ, խոստումնալից գաղափար ունեն, բայց դեռ ոչինչ չեն արել դրա իրականացման ուղղությամբ. մյուսներն ունեն ամբողջովին պատրաստի արտադրանք և գիտեն, թե ինչ պետք է անեն հետո։
«Ամենամեծ խնդիրը, որին ես բախվում եմ, այն է, որ մարդիկ կարող են ունենալ հիանալի գաղափար, հետաքրքիր տեխնիկական լուծում, բայց չիմանան, թե ինչպես դրա հիման վրա բիզնես ստեղծել և ինչպես սկսել դրանով գումար աշխատել: Նրանք ներդրումներ են փնտրում, բայց խնդիրն այն է, որ ներդրողներին պետք է ցույց տալ, թե ինչու պետք է ներդրումներ կատարեն այս նախագծում։ Իսկ անփորձ ստարտափերները, որոնք առայժմ միայն հետաքրքիր գաղափար ունեն, չեն կարող դա անել»,- ասաց մասնագետը։
Sevan Startup Summit-ը, նրա կարծիքով, կարող է նման ստարտափերներին հիանալի հնարավորություն տալ հասկանալու, թե ինչ է պետք անել իրենց գաղափարի հետ, ինչպես բարելավել այն, ինչպես ներկայացնել այն վենչուրային կապիտալիստներին, որպեսզի մեծացնեն իրենց հաջողության հավանականությունը։
Ինքը՝ Րաֆֆի Քասարջյանը, նույնպես պատրաստ է օգնել բոլոր հետաքրքիր և խոստումնալից ստարտափներին՝ ինչպես խորհուրդներով, այնպես էլ օգտակար ծանոթություններով ու կապերով։
month
week
day