400 Տբիթ/վրկ․ սովորական մալուխով տվյալների փոխանցման արագության համաշխարհային նոր ռեկորդ է գրանցվել

17 հուլիսի, 2024  17:01

Գիտնականների միջազգային խումբը՝ բրիտանացի գործընկերների գլխավորությամբ, գերազանցել է սովորական մալուխի միջոցով տվյալների փոխանցման արագության սեփական ռեկորդը: Նախկինում նրանք տվյալները փոխանցում էին 302 Տբիթ/վրկ արագությամբ, մինչդեռ հիմա այդ ցուցանիշը հասել է 402 Տբիթ/վրկ մակարդակին։

Այս նվաճման համար կարևորն այն է, որ փորձի ժամանակ օգտագործվել է խանութից գնված սովորական մալուխ, ինչը խոստանում է բարելավել գոյություն ունեցող ցանցերի արագությունը:

Չնայած օպտիկական կապի ոլորտում ձեռք բերված առաջընթացին, թողունակության պահանջներն աճում են ինչպես ընկերությունների, իշխանությունների, այնպես էլ սովորական քաղաքացիների կողմից: Այս հարցը կարող է լուծվել հավելյալ գումարի հաշվին, սակայն բոլորն էլ ցանկանում են խուսափել լրացուցիչ ծախսերից:

Գիտնականների առաջարկած լուծումը հենց այս հարթության մեջ է. թողունակությունը կարելի է մեծացնել առանց ենթակառուցվածքը փոխելու, թեև փոխանցման և ընդունման համար ակնհայտորեն պետք է օգտագործվեն նոր սարքավորումներ: Իհարկե դա չի կարող համեմատվել ծախսերի հետ, որոնք անհրաժեշտ կլինեին օպտիկամանրաթելային նոր գծեր անցկացնելու համար։

Ասթոնի համալսարանի, Ճապոնիայի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (NICT) և ԱՄՆ-ի Nokia Bell Labs լաբորատորիայի հետազոտողներն իրենց առաջարկը կառուցում են տվյալների փոխանցման տիրույթների ընդլայնման հիման վրա:

Ավանդաբար, օպտիկական մանրաթելն աշխատում է C և L դիապազոնների վրա: Այնուհետև հետազոտողներն սկսել են ներառել ևս երկու դիապազոն՝ E և S: Վերջապես, նոր աշխատանքում նրանք օգտագործել են ևս երկուսը՝ O և U: Վերջինն ամենադժվարն է եղել իրականացնելը, քանի որ համապատասխան ընդունիչներ և հաղորդիչներ չկան վաճառքում: Մեծ Բրիտանիայից գիտնականների թիմն ստիպված է եղել ինքնուրույն մշակել և արտադրել սարքավորումները:

Ասթոնի համալսարանից Դոկտոր Ֆիլիպսն ասել է. «Այս հայտնագործությունը կարող է օգնել՝ մեծացնելու մեկ մանրաթելի կարողությունը՝ աշխարհին տալով ավելի արդյունավետ համակարգ: Ակնկալվում է, որ նոր զարգացած տեխնոլոգիան զգալի ներդրում կունենա օպտիկական կապի ենթակառուցվածքի կարողությունների ընդլայնման գործում, քանի որ ապագա տվյալների ծառայություններն արագորեն մեծացնում են պահանջարկը»:

 


 
 
 
 
  • Արխիվ