Բիթքոյնի գինը բարձրացել է և հասել երկշաբաթյա առավելագույնի, գրում է Reuters-ը՝ այս թռիչքաձև աճը բացատրելով նրանով, որ ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթելու շանսերը կտրուկ աճել են նրա դեմ անհաջող մահափորձից հետո։ Իսկ Թրամփն իրեն դիրքավորում է որպես կրիպտոարժույթների օգտագործման կողմնակից։
Բիթքոյնն աճել է 8,6%-ով՝ հասնելով 62,508 դոլարի՝ մոտենալով երկշաբաթյա առավելագույնին՝ 62,698 դոլար, որը գրանցվել էր ավելի վաղ։ Արդյունքում, բիթքոյնի աճը տարեսկզբից կազմել է 47%: Ethereum-ը նույնպես աճ է ցույց տվել, բայց մի փոքր ավելի քիչ՝ 6,8%-ով մինչև 3322 դոլար:
Հանրապետական Դոնալդ Թրամփը, որը ներկայիս նախագահ Ջո Բայդենի հիմնական մրցակիցն է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում, քննադատել էր դեմոկրատների փորձերը՝ կարգավորելու կրիպտոարժույթների ոլորտը։ Հունիսին Սան Ֆրանցիսկոյում նախընտրական արշավի ժամանակ իրեն համարել էր որպես կրիպտոարժույթի ջատագով, թեև մանրամասներ չէր հայտնել, թե ինչ քաղաքականություն է նախատեսում վարել կրիպտոարժույթների շուկայում։
«Նա միանշանակ իրեն դիրքավորել է որպես կրիպտոարժույթների կողմնակից, և քանի որ նրա վերընտրվելու հնարավորությունները մեծացել են հանգստյան օրերին տեղի ունեցած կրակոցների պատճառով, դա, անշուշտ, զգալիորեն բարձրացրել է խաղադրույքները կրիպտո-շուկաներում և ակնհայտորեն բիթքոյնի հարցում»,- ասել է IG Market ընկերության վերլուծաբան Թոնի Սայկամորը։
ԱՄՆ-ում բորսայական ֆոնդերի (ETFs) գործարկումից հետո բիթքոյնի գինը բարձրացավ 2024-ի մարտի կեսերին՝ հասնելով ռեկորդային $73,803,25-ի, սակայն այնուհետև գինը կայունացավ և երկար ժամանակ մնաց 60-70 հազարի սահմաններում: Հուլիսի սկզբին բիթքոյնի գինն ընկավ՝ հասնելով ավելի քան չորս ամսվա նվազագույնին, քանի որ թրեյդերները մտահոգված էին, որ շուկայում կարող էին հայտնվել սնանկացած Mt.Gox բորսայից կրիպտոարժույթները։
«Մենք չորս շաբաթ անկում ունեցանք Mt. Gox-ից շուրջ լուրերի ֆոնին... Սակայն կարծում եմ, որ վերականգնումը դեռ առջևում է, և ես չեմ զարմանա, եթե տեսնեմ, որ գինը կրկին բարձրանում է մինչև առնվազն 65,000 դոլար մինչև այս շաբաթվա վերջ»,- ասել է Սայկոմորը:
month
week
day