Apple-ն այսուհետ iPhone-ի և Apple Watch-ի կոտրված էկրաններն անվճար չի փոխի երաշխիքի շրջանակում

7 հունիսի, 2024  22:14

Apple-ը վերջերս փոխել է իր քաղաքականությունը և երաշխիքի շրջանակում այլևս անվճար չի փոխի iPhone-ի և Apple Watch-ի կոտրված էկրանները։ Այս մասին հայտնում է WCCFTech կայքը՝ հղում անելով լիազորված մանրածախ վաճառողներին և սպասարկման կենտրոններին ուղղված փաստաթղթին:

Դրանում ասվում է, որ ստանդարտ երաշխիքն այլևս չի ծածկում սարքերի էկրաններին առաջացող միկրոճաքերի նորոգումը: Նախկինում եթե սարքի էկրանին միկրոճաքեր էին հայտնվում, Apple-ն անվճար փոխարինում էր ապակիները նորով՝ եթե սարքի կորպուսի հատվածում այլ վնասվածք չէր լինում։ Սակայն նոր քաղաքականության համաձայն՝ նման թերություններն այժմ դասակարգվում են որպես պատահական վնասվածք, ինչը բացառում է դրանց վերանորոգումը երաշխիքի շրջանակում։

Ուստի iPhone-ի և Apple Watch-ի սեփականատերերն այսուհետ ստիպված կլինեն իրենք վճարել վերանորոգման համար, եթե իրենց սարքերը պաշտպանված չեն AppleCare+ երկարացված երաշխիքով։

Այս պահին նորամուծությունը վերաբերում է միայն iPhone-ին և Apple Watch-ին, սակայն հնարավոր է, որ այսպիսի սահմանափակումներ կիրառվեն նաև այլ կատեգորիաների սարքերի համար, ինչպիսիք են iPad-ը և Mac-ը։ Առայժմ այսպիսի վնասվածքների դեպքում այս սարքերը սպասարկվում են ստանդարտ երաշխիքով:


 
 
 
 
  • Արխիվ